110 վարորդ էլ եղել է ոչ միայն ոչ սթափ վիճակում, այլև չի ունեցել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ:

2020 թվականի փետրվարին 290 անձ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։ Տարածված տեսանյութում ասվում է, որ վարորդներից 215-ը զրկվել են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝
ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար։ Ըստ հոդվածի՝ համարվում է, որ վարորդն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը կամ նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը։

19 վարորդ նույն հոդվածի 5-րդ մասով է զրկվել վարորդական իրավունքից, այն է՝ մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0,2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0,1 միլիգրամից ավելի է, որի համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն արարքը։ 11 վարորդ մեքենա վարելու իրավունքից զրկվել է նույն հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ նրանք խուսափել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնել։

Վարորդներից 5–ին մեքենա վարելու իրավունքից զրկել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123,1-ին հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես և օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)։

Եվս 6 վարորդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասով է զրկվել վարելու իրավունքից․ նրանք դիտավորյալ չեն կատարել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը։
1 վարորդ էլ 123,5 հոդվածի 10-րդ մասով է զրկվել վարորդական իրավունքից՝ դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը տեղադրել է այլ տրանսպորտային միջոցի վրա:

Միևնույն ժամանակ հայտնաբերվել է 110 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում՝ չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ:

Հիշեցնենք, որ oրենքը հնարավորություն է նախատեսել տվյալ տարում միավորները մասնակիորեն վերականգնելու կարգ։ Մասնավորապես, տվյալ տարում միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն։ Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր։ Միավորները վերականգնելու նպատակով անձը կարող է քննություն հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ։

Իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն։ Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է։

Բալային համակարգի մասին ավելի մանրամասն կարդացեք հետևյալ հղումով՝ http://bit.ly/38ofjK4