2009թ-ին, երբ աշխարհում մոլեգնում էր թռչնի գրիպը՝ H1N1-ը, համաշխարհային զբոսաշրջությունը նախորդ տարիների համեմատ աճ գրանցեց։ Չի բացառվում, որ նույնը կարող է այս տարի էլ լինել։ Երբ կորոնավիրուսը հետևում կմնա, հնարավոր է, որ մարդիկ ավելի մեծ հաճախականությամբ ու թափով ճամփորդեն՝ լրացնելով բաց թողած ժամանակը։

Զբոսաշրջությունը չափազանց զգայուն ոլորտ է, երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները շատ արագ կարող են ազդել տուրիզմի զարգացման վրա։ Հաշվի առնելով, որ համաշխարհային տուրիզմը վնասներ է կրում կորոնավիրուսի տարածման հետ կապված, բնականաբար, Հայաստանը չի կարող ամբողջությամբ զերծ մնալ այդ վնասներից։ Թե ներգնա, թե արտագնա տուրիզմն այս օրերին լարված, անորոշ վիճակում է։ Մի կողմից տարբեր ուղղություններով հանգստի մեկնել պատրաստվող հայաստանցիներն են հաճախակի չեղարկում իրենց ճամփորդությունները, հատկապես Իտալիայի դեպքում։ Անգամ եթե ավիատոմսերի գումարի հետվերադարձ հնարավոր չէ, նախընտրում կորցնել այդ գումարը, բայց հեռու մնալ հնարավոր վտանգից։ Մյուս կողմից արտասահմանյան տարբեր երկրներից անհատներն ու խմբերը չեղարկում են իրենց ուղևորությունները դեպի Հայաստան։ Հայ գիդ-էքսկուրսավարները նշում են, որ մարտի համար ունեն մեծ քանակի չեղարկումներ Իսրայելից, Իսպանիայից, Իրանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, ասիական տարբեր երկրներից։

Նման իրավիճակ միայն Հայաստանում չէ, այստեղ ամեն բան դեռ ավելի խաղաղ ու հանգիստ է։

«Մեկ շաբաթ առաջ Բավարիայում էի, Նոյշվայնշտայն ամրոցը համարվում է ամենահայտնի, ամենաայցելվող վայրերից մեկն ամբողջ Գերմանիայում։ Միշտ այնքան զբոսաշրջիկ է լինում, հատկապես չինացիներ, որ բան տեսնել չես կարողանում։ Այնքան քիչ մարդ կար, որ ես ուղղակի վայելում էի, հանգիստ զբոսնում, դիտում էի»,- ասում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը։

Զբոսաշրջության և ճամփորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) հաշվարկել է կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային տուրիզմում հնարավոր վնասները։ Մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ վնասը կարող է հասնել 22 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Այդ մասին հաղորդում է El Mundo իսպանական պարբերականը՝ մեջբերելով խորհրդի ղեկավար Գլորիա Գևարայի կարծիքը։ Այդ հաշվարկները հիմնված են նախկին նման ճգնաժամների, օրինակ՝ խոզի գրիպի, նաև 2002-2003 թթ․բռնկված ատիպիկ թոքաբորբի (SARS) փորձի վրա։ Ուսումնասիրության հիմքում նաև վերջին շաբաթներին կորոնավիրուսի հետևանքով չինացի տուրիստների չճամփորդելու հանգամանքն է։ Գևարայի խոսքով՝ չինացի տուրիստները համարվում են ամենաշռայլ ճանապարհորդները։ Ամենից շատ ճգնաժամը կզգացվի Չինաստանում, որտեղ տուրիզմին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 11 տոկոսը, ինչպես նաև այն երկրներին, որոնք կախում ունեն չինացի զբոսաշրջիկներից, մասնավորաբար Հոնկոնգը, Մակաոն, Թաիլանդը, Կամբոջան, Ֆիլիպինները։ «Կոմերսանտը» գրում է, որ համաշխարհային տուրիզմի վնասները կարող են շատ ավելի մեծ լինել, եթե կորոնավիրուսի տարածումն ավելի երկար տևի, քան SARS-ը։ Այդ դեպքում վնասները կարող են հասնել 49, մինչև անգամ 73 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Եթե առաջիկայում պատրաստվում եք մեկնել ուղևորության, ապա մի անհանգստացեք՝ պարզապես վերցրեք Ձեզ հետ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ճամփորդական ապահովագրության փաթեթն, ու մենք հոգ կտանենք Ձեր մասին օդում, ջրում և ցամաքում 🙂