Ի՞նչ կապ ունեն Հովհաննես Թումանյանն ու ապահովագրությունը։ Մի շտապեք ասել, թե ոչ մի կապ էլ չկա․ Թումանյանն ուր, ապահովագրությունն ուր։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանը մասնագիտական սուր աչքով ուսումնասիրել է ամենայն հայոց բանաստեղծի գործերն ու պարզել, որ դեռ 19-րդ դարում նա իր ստեղծագործություններում ակնարկել է ապահովագրության անհրաժեշտության մասին՝ մատնանշելով տարբեր ռիսկեր։

«Թումանյանը խոսում է այնպիսի ռիսկերի մասին, որոնք մասնագիտական տեսանկյունից ապահովագրման ենթակա են․ ռիսկի մասին խոսվում է, բայց դրա արդյունքը չենք ունենում՝ լավ բա ինչ անել այդ ռիսկի հետ»,- ասում է Մարտիրոսյանը, որը նաև Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի փորձագետ է և ապահովագրական ոլորտում գրեթե 20 տարվա փորձ ունի։

Անկեղծանում է, թե ինչպես սկսեց ապահովագրական ոլորտին վերաբերող օրինակներ փնտրել գրականության մեջ։ Աշխատում էր գյուղապահովագրության թեմայով իր գիտական թեզի վրա, երբ հերթական անգամ թերթեց Սևակի «Անլռելի զանգակատունը»։ Այս անգամ հայտնի երկտողը շատ տեղին հնչեց․

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,

Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-

Դժվար է ասել:

Կարդաց, մտածեց, որ շատ լավ խորագիր է ատենախոսության համար, քանի որ խնդիրը մինչև այսօր է արդիական՝ վիճակագրություն չկա, թե հայոց այգիներն ինչ պտուղ տվեցին, կամ էլ դաշտերում ինչ բերք է հասել։ Քանի որ Սևակն այդ տողերով խոսում էր Կոմիտասի ու Թումանյանի մասին, հաջորդ քայլը դարձավ Թումանյանի ստեղծագործությունների վերընթերցումը։ Թումանյանի ստեղծագործությունների «ապահովագրական վերլուծությունը» սկսվեց «Հառաչանք» պոեմից։

Մեր ապրուստն ինչ է․- մի կտոր սև հաց,

Էն էլ հըրեն հա՜— երկընքից կախված․․․

Ընդամենը երկու տողում ամենայն հայոց բանաստեղծը խտացրել է գյուղացու առօրյան, խնդիրներն ու վախերը։ Ըստ էության, բանաստեղծն այստեղ գյուղատնտեսության ապահովագրության հարցն է բարձրացնում։ Մասնագետն ասում է՝ «Հառաչանք»-ում խոսվում է ոչ միայն կարկուտ, ցրտահարություն, երաշտ ռիսկերի, այլև գողության, վայրի կենդանիների կողմից վնաս պատճառելու, հողերի մասնատվածության և այլ խնդիրների մասին։

Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,

Աչքըդ թեքեցիր—բանիդ տերը չես․․․

Մարտիրոսյանը պնդում է՝ Թումանյանի ստեղծագործությունները ապահովագրության տարբեր տեսակների ուղեցույցներ են։

Օրինակ, «Շունն ու կատուն»․ այստեղ մասնագիտական պատասխանատվության ապահովագրության խնդիր կա՝ դերձակն իր գործը լավ չի արել։ Հենց նրա սխալի պատճառով է, որ շունն ու կատուն մինչև այսօր գժտված են, այսինքն՝ չկարգավորված վեճ, խնդիր կա։ Իրականում, մեր կյանքում բազմաթիվ օրինակների ենք ականատես լինում, երբ մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը կարող է բազմաթիվ խնդիրներից հեռու պահել, օրինակ՝ բժշկական կամ փաստաբանական սխալի դեպքում և այլն։

Կամ հայտնի «Կիկոսի մահը» դժբախտ պատահարներից ապահովագրության դասական օրինակ է, «Ձախորդ Փանոսն» էլ կարելի է որպես արտերկիր մեկնողների աջակցության, այսինքն՝ զբոսաշրջային ապահովագրության նախատիպ-հուշում ընկալվել, երբ Փանոսը ջրից դուրս է գալիս, տենսում՝ շորերը չկան։ Այս դեպքում արտասահմանում, երբ չնախատեսված դեպք է պատահում, օրինակ, առողջության անսպասելի վատթարացում, դժբախտ պատահար և այլն, ապահովադիրը զանգահարում է իր պայմանագրում նշված հեռախոսահամարով, և խնդիրը կարգավորվում է։

Մարտիրոսյանը Թումանյանի գործերում նույնիսկ օրենսգրքի դրույթին «հղումներ է» տեսնում «Սուտասանը» հեքիաթում, օրինակ՝ ռիսկեր, որոնք ապահովագրել չի թույլատրվում, ասենք՝  վիճակախաղեր, խաղադրույքներ կատարել և այլն։

Անգամ ամուսնության ապահովագրության դասական օրինակ է փորձագետը գտել թումանյանական տողերում։ Չե՞ք հավատում, վերընթերցեք «Ոսկու կարասը»․

«Աղքատն ասում է՝ ոսկին հարուստինն է, հարուստը տարբերվող հարուստ է լինում, ասում է՝ աղքատինն է։ Քանի որ նրանցից մեկը որդի ուներ, մյուսը՝ դուստր, իմաստունները խորհուրդ են տալիս ամուսնացել իրենց զավակներին և ոսկու կարասն էլ նրանց տալ»,- ասում է Մարտիրոսյանն ու բացատրում, որ եթե սա դիտարկվի որպես ամուսնության ապահովագրության օրինակ, ապա կարասով ոսկին էլ փոխհատուցվող ապահովագրական գումարն է։

Մարտիրոսյանի խոսքով՝ իրեն հաճախ կատակով հարցնում են՝ «Բա որ էդպես է, «Անխելք մարդը» ապահովագրության որ տեսակի մասին է։ Փորձագետն էլ կեսկատակ, կեսլուրջ պատասխանում է, որ անխելք մարդն ապահովագրություն չունեցող մարդն է։

Նա վստահ է, որ Թումանյանի ստեղծագործությունների նման վերլուծությունը կարող է հիմք դառնալ կրթական նոր մոդել ստեղծելու և ձևավորելու համար։ Վստահ է, որ նորարարությունով պետք է կրթական հեղափոխություն անենք, որ նաև տնտեսական հեղափոխության գործում հաջողենք։

«Մենք եթե ակադեմիական լեզվով փորձենք բացատրել գյուղապահովագրությունը, այնքան պետք է խորանանք, մանրամասնենք, որ արդեն ձանձրալի կդառնա, իսկ Թումանյանն ընդամենը երկու տողում է ամբողջ գաղափարը խտացրել»,- ասում է նա ու հավելում, որ սա չի նշանակում առհասարակ հրաժարվել  տեսության դասավանդումից, պարզապես Թումանյանի օրինակներն օգտագործել թեման առավել մատչելի, հասկանալի և պատկերավոր մատուցելու համար։

Թեպետ Մարտիրոսյանը բավականին ուսումնասիրել է Թումանյանի հեքիաթները, պոեմները մասնագիտական տեսանկյունից, բայց վստահ է, որ անելիքներ դեռ շատ կան։ Առաջիկայում պատրաստվում է թեմային միջազգային փաթեթավորում տալ և այլ երկրներում էլ ներկայացնել։