Շատերն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում սննդային թունավորումներին՝ կարծելով թե անկարևոր մի բան է, մի երկու օր, ինչպես ասում են, թեթև կսնվեն, թեյ կխմեն, ու ամեն ինչ հետևում կմնա։ Բայց պետք չէ մատների միջով նայել սննդային թունավորմանը, քանի որ բուժման հապաղումը կամ էլ սխալ բուժումը կարող է հանգեցնել սուր թունավորման, ի վերջո՝ ողբերգական հետևանքներ ունենալ։ Սննդացանկում օգտագործելով անորակ, հին, սխալ պատրաստված կամ սխալ պահպանված բաղադրիչներ, կարող է առաջացնել սննդային թունավորում։

Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից Ամանորին։

Ավանդաբար հայկական ընտանիքներում Ամանորի առիթով շքեղ սեղան է բացվում՝ աղցաններ, սառը ու տաք տարբեր խորտիկներ, աղանդեր, մրգեղեն, տեսակ-տեսակ ըմպելիքներ։ Մի խոսքով, խոզի բուդը, բլինչիկ, իշլի քյուֆթան, մայրաքաղաքային աղցանը, տարատեսակ երշիկեղենն ու առատ ալկոհոլը գրեթե բոլորի տան սեղանի պատվավոր հյուրերն են այդ օրերին։ Առաջին բանը, որ պետք է հիշել, տարատեսակ կերակուրներն իրար չխառնելն է, օրեր շարունակ յուղոտ կերակուրներ ընդունելիս դուք անհարկի ծանրաբեռնում եք օրգանիզմը, դժվարացնում է նյութափոխականությունն ու մարսողության գործընթացը։ Որքան էլ խոզի բուդը ձեզ «աչքով է անում», բայց չափը մի անցեք, նախապատվությունը տվեք բանջարեղենին և մրգին։

Պետք չէ կերակրատեսակները սեղան նստելուց ժամեր առաջ դնել սեղանին․ ուտելիքը պետք է սառնարանից հանել ուտելուց առաջ։ Աղցաններին մի խառնեք այնպիսի բաղադրիչներ, որոնք արագ են փչանում, օրինակ՝ ձու։ Նաև մայոնեզն ու թթվասերն ավելացրեք աղցաններին մատուցելուց առաջ։

Զգույշ եղեք ալկոհոլի հետ, մի չարաշահեք այն և նաև գազավորված ըմպելիքները։ Դրանք ևս կարող են թունավորման պատճառ դառնալ։

Սննդային թունավորումներն առաջին հերթին վտանգավոր են հղի կանանց, փոքր երեխաների և տարեցների համար։ Եթե մարդկանց այս խմբերի մոտ թունավորման ախտանիշներ են ի հայտ գալիս, խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկին հետագա խնդիրներից ու բարդացումներից խուսափելու համար։

Մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան օգտագործել կանաչ թեյ, քանի որ այն բարելավում է մարսողությունն ու արյան շրջանառությունը։

Ինչպես է արտահայտվում սննդային թունավորումը։

Հիմնականում սննդային թունավորումն արտահայտվում է սրտխառնոցով, փսխումով, աղեստամոքսային տրակտի խանգարումներով, գլխապտույտով, երբեմն կարող են ավելի լուրջ ախտանիշներ ի հայտ գալ:
Նախ առաջին կարևոր խորհուրդը, մի փորձեք թունավորման դեմ պայքարել ինքնուրույն։ Սակայն մինչև բժշկին դիմելը առաջին օգնությունը կարող է լինել մեծ քանակությամբ ջուր խմելը և փսխման առաջացումը:
Հատկապես արագ շտապօգնություն զանգահարեք, եթե բոտուլիզմի ախտանիշ եք նկատում, օրինակ, մկանային թուլություն, բերանում՝ չորություն, խոսքի կամ տեսողության մասնակի խանգարում, փսխում և այլն։

Երբ արդեն լիովին ապաքինվել եք, մի շտապեք անմիջապես անցնել սովորական սննդակարգին, ուտել տապակած կերակուրներ և այլն։ Դա պետք է անել աստիճանաբար, որպեսզի ավելորդ չգրգռեք ստամոքսը։ Սննդակարգին պետք է ուշադիր լինել հատկապես թունավորմանը հաջորդող երկու շաբաթների ընթացքում, քանի որ լիովին վերականգնման գործընթացը բավականին երկար է տևում: Նախապատվությունը տվեք բրնձի, հնդկաձավարի շիլաներ, անպայման ուշադրություն դարձրեք ջրին, օգտագործեք կանաչ թեյ և այլն։

Մաղթում ենք առողջություն, ու թող որ ոչ մի անկանխատեսելի իրավիճակ չփչացնի գեղեցիկ տոնը։