Երբ լսում եք «ապահովագրություն» բառը, հավանաբար առաջին հերթին ձեր մտքով անցնում է մեքենայի, անշարժ գույքի կամ էլ առողջության ապահովագրություն։ Այսօր աշխարհում բավականին մեծ տարածում է ստացել նաև մարմնի տարբեր մասերի ապահովագրությունը։ Այսպիսի ծառայություններից հիմնականում օգտվում են աշխարհահռչակ մարդիկ, «աստղերը», ովքեր փորձում են ապահովագրել մարմնի այն մասերը, որոնք համարում են իրենց համար ամենակարևորը։
Այս հոդվածում ներկայացնելու ենք, թե որքան տարբեր և երբեմն զավեշտալի կարող են լինել ապահովագրական դեպքերը, և ապահովագրական ընկերությունները երբ կարող են հրաժարվել փոխհատուցում տրամադրել։
Ի պաշտպանություն համային զգայարանների
Բրիտանացի շատ հայտնի ռեստորանային քննադատ Էգոն Ռոնին կարողացել էր 1957 թվականին ապահովագրել իր համային զգայարանները 400 հազար ԱՄՆ դոլարով։ Իհարկե, ռեստորանային քննադատ լինելն իր հաճելի և համեղ կողմերն ունի, սակայն միշտ չէ, որ հնարավոր է խուսափել անախորժություններից։ Եթե Ռոնին ինչ-որ շատ կծու բան ուտեր, որի պատճառով վնասվեին նրա համային զգայարանները, նա կկորցներ աշխատանքը, այդ իսկ պատճառով նա ապահովագրեց դրանք։

Ֆրանսիացի գինեգործ Իլյա Գորթն ապահովագրել է իր աշխատանքային օրգանը՝ քիթը 5 միլիոն եվրոյով։ Նա դա արեց այն բանից հետո, երբ թերթում կարդաց լուր մի մարդու մասին, որն ավտովթարի հետևանքով կորցրել էր հոտառությունը։
Բեղ կա՝ միլիոն արժե

Մարզիկ Մերվ Հյուզը 1985-1994 թթ․ խաղացել է Ավստրալիայի կրեկետի ազգային հավաքականում։  Իր ակնառու տեսքի և երկու մետր հասակի  շնորհիվ Հյուզը դարձավ Ավստրալիայի ամենահայտնի մարզիկներից մեկը, և նրա շքեղ բեղերը դարձան լավ ճանաչված խորհրդանիշ: Ապահովագրության շնորհիվ մարզիկը 350 հազար դոլար փոխհատուցում կստանա, եթե ինչ-որ բան պատահի թանկարժեք բեղերի հետ:
Ա՜խ, այդ անկրկնելի դեմքը

Գերմանուհի հայտնի սուպերմոդել Քլաուդիա Շիֆերը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Նա գիտի, որ իր հաջողությամբ պարտական է իր հետաքրքիր, արտահայտիչ դիմագծերին, դրա համար էլ իր դեմքն ապահովագրել է 5 միլիոն դոլարով։
Իդեալական ժպիտն ապահովագրված է 

Դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսը և Ամերիկա Ֆերերան ապահովագրել են իրենց ատամները։ Ջուլիա Ռոբերթսի ապահովագրությունը 30 մլն ԱՄՆ դոլար է։ Ամերիկա Ֆերերան իր խաղացած դերերից մեկից հետո, որտեղ բրեկետներով է եղել, որոշել է ապահովագրել իր ատամները 10 մլն ԱՄՆ դոլարով։
Շարունակելի․․․․