Արդեն սովորություն է դարձել՝ հենց որ գլուխը սկսում է ցավել, առանց երկար-բարակ մտածելու միանգամից դեղահաբ ենք ընդունում։ Բայց, իհարկե, ցավի դեպքում իրենց արդյունավետությամբ հանդերձ գրեթե բոլոր դեղահաբերն ունենում են նաև անցանկալի հետևանքներ, օրինակ անհարկի ծանրաբեռնում են լյարդն ու երիկամները և այլն։ Մինչդեռ, օրինակ, հոգնածությունից, աշխատանքային լարվածությունից առաջացած գլխացավը կարելի է հաղթահարել նաև առանց դեղահաբի՝ հեշտ, արագ, բնական միջոցների կիրառմամբ։

  • Մերսում

Գիտականորեն ապացուցված է՝ եթե անձը տառապում է գլխացավերից, ապա շաբաթական 2-3 անգամ գլխի հատվածում մերսումը կնվազեցնի դրանց հաճախականությունն ու ուժգնությունը։ Մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում է օրգանիզմում լարվածությունը, սպազմերը, որոնք էլ գլխացավի հիմնական պատճառն են։ Պետք չէ գնալ մերսման սրահներ, կարող եք ինքներդ ձեզ օգնել՝ շրջանաձև շարժումներով սկսեք մերսումը ծոծրակից աստիճանաբար բարձրանալով դեպի ճակատ։

  • Մարզումներ

Գլխացավեր առաջանում են, երբ արյունը նորմալ չի մատակարարվում պարանոցի հատվածում, մկանները «քարանում են»։ Ամեն ինչ շատ հեշտ է։ Պետք է մարզել պարանոցը․ գլուխը բարձրացնում եք, հետո՝ իջեցնում, թեքում ձախ, հետո՝ աջ, այնուհետև շրջանաձև մի քանի շարժում, որոնց վերջում գլուխը պահում եք ուղիղ, հանգստանում 5-10 վայրկյան ու կրկնում շարժումները․ այդպես մի 3 անգամ։

  • Տաք-սառը

Երբեմն ոչ թե պարզապես գլխացավ ենք զգում, այլ, ինչպես ժողովուրդն է ասում, «պուլսացիա» գլխի հատվածում։ Այդ դեպքում կարող եք սրբիչով փաթաթած սառույց կամ պարզապես խոնավ սրբիչ դնել քունքի հատվածում։ Այստեղով կարևոր զարկերակներ են անցնում, որոնք սնուցում են գլխուղեղի կեղևը։ Ջերմաստիճանի քիչ նվազեցումը կօգնի «լռեցնել» գլխացավը։ Իսկ այն դեպքում, եթե ցավը, մի տեսակ ճնշում է, անհրաժեշտ է տաք մի բան դնել պարանոցի հետևի հատվածում․ այն կավելացնի արյան հոսքն ու կիջեցնի ճնշումը։ Կարող եք նաև տաք լոգանք կամ ցնցուղ ընդունել։

  • Ջուր

Սա աշխարհի ամենապարզ, ամենահեշտ, բայց և ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Երբեմն գլխացավն ազդակ է, օրինակ, այն մասին, որ ծարավ եք, հեղուկի պակաս կա։ Եվ մի փորձեք հեղուկի պակասն, օրինակ, սուրճով լրացնել, դա հակառակ ազդեցությունն է ունենում։ Ծարավը հագեցրեք մաքուր ջրով։

  • Մաքուր օդ

Գլխացավի պատճառ է դառնում նաև օդում ածխաթթու գազի բարձր պարունակությունը։ Հիշու՞մ եք չէ՝ մենք շնչում ենք թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ։ Հետևաբար փակ տարածքում, հատկապես երբ միացված են օդորակիչները կամ ջեռուցման սարքերը, անընդհատ շնչելու և արտաշնչելու հետևանքով ածխաթթու գազն ավելանում է։ Պետք է օրվա մեջ մի քանի անգամ 5-10 րոպե օդափոխել սենյակը, ինչպես նաև զբոսնել մաքուր օդում։

  • Հաճելի, չպարտադրված միջավայր

Հաճախ մենք չենք կարողանում հաղթահարել գլխացավն առանց դեղահաբերի, որովհետև պարզապես չենք կարողանում լիցքաթափվել, հանգստանալ։ Լարվածությունը գլխացավի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներից է։ Հոգ տարեք ձեր գլխի մասին և օրվա ընթացքում մի քանի անգամ րոպեներ տրամադրեք ոչ մի բան չանելու, չմտածելու, չլարվելու համար։ Աշխատանքային օրվա ավարտին էլ գոնե մի 20 րոպե հանգիստ երաժշտություն լսեք, ավելի լավ է՝ երաժշտություն, այլ ոչ թե երգ, որպեսզի ուշադրությունը չլարեք բառերը լսելու, իմաստը հասկանալու համար։

 

Առողջ եղեք, իսկ խնդրի դեպքում դեղատուն վազելու փոխարեն փորձեք բնական ու տնական միջոցներով այն լուծել։