Այն, թե որքան լավն է գործատուն կամ թե որքան լավն է աշխատավայրը, բավական է պատկերացում կազմել՝ ուսումնասիրելով ընկերության, այսպես ասած, մարդկային ռեսուրսների պատմությունը։ Եթե երկարամյա պատմություն ունեցող ընկերությունում չեք գտնում ոչ մի, ինչպես ասում են, հին աշխատող, ապա դա մտածելու տեղիք է տալիս՝ ինչու՞ մարդիկ չեն մնում այդ թիմում։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ հպարտությամբ է արձանագրում, որ թիմը պարբերաբար համալրող աշխատակիցների կողքին ունի «հնաբնակներ», որոնք ՆԱԻՐԻ-ի հետ են արդեն 10 և շատ ավելի տարիներ։ Այսօրվա մեր պատմությունը մեթոդաբանության բաժնի պետ Լիլիթ Մանուչարյանի մասին է, որը դեկտեմբերի 9-ին տոնում է իր 10-ամյա հոբելյանը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում։

Լիլիթն անկեղծանում է՝ տարիներ առաջ ապահովագրական գործ մասնագիտությունը լրիվ պատահական ընտրեց։ Հաստատ գիտեր, որ ցանկանում է սովորել ԵՊՏՀ-ում, բայց մասնագիտությունը չէր ընտրել։ Խորհուրդ տվեցին ընտրել «ապահովագրական գործ» բաժինը՝ ասելով, որ սա այն մասնագիտությունն է, որը շուտով մեծ պահանջարկ է ունենալու։ Այդպես էլ եղավ։ Որքան էլ ընտրությունը պատահական էր, բայց ամենաճիշտն էր․ վստահ է Լիլիթը։

«Ես միշտ համեմատում եմ բանկային գործի հետ։ Բանկայինը շատ «չոր, ցամաք, կոնկրետ» ոլորտ, ապահովագրությունը շատ ընդարձակ է, անսահման։ Ստեղծագործելու հնարավորություններն այստեղ անսպառ են»,- ասում է Լիլիթն ու մտովի 10 տարի հետ գնում, հիշում իր մուտքը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ։

«10 տարի առաջ ես դեռ ուսանող էի․ մեր ապահովագրության դասախոսը քննարկումներից մեկի ժամանակ, երևի թե տպավորված իմ ակտիվությամբ ու պատասխաններով, հարցրեց՝ չե՞ս աշխատում։ Զարմացավ, որ պատասխանս բացասական էր, ես դեռ չէի աշխատում»,- Լիլիթն ասում է, որ դասախոսի այս հարցն ինչ-որ առումով ճակատագրական դարձավ իր կյանքում։ Դասախոսը Լիլիթի ինքնակենսագրականն ուղարկեց իր վաղեմի գործընկերներից մեկին՝ առաջարկելով դիտարկել Լիլիթի թեկնածությունը։ Այդպես նրան հրավիրեցին ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ աշխատանքային հարցազրույցի, որից հետո էլ առաջարկեցին փորձաշրջան անցնել։

«Դա հոկտեմբերի 14-ն էր․ ես իրականում տարվա մեջ 2 օր եմ նշում որպես, այսպես ասած, աշխատանքային հոբելյան։ Այդ օրը ես սկսեցի փորձաշրջանս, իսկ դեկտեմբերի 9-ին արդեն հրամանագրված աշխատող դարձա»,- պատմում է Լիլիթն ու հպարտությամբ նշում, որ ՆԱԻՐԻ-ում անցել է աշխատանքային տարբեր աստիճաններով մինչև բաժնի ղեկավարի պաշտոնին հասնելը։ Խոստովանում է՝ սկսել է թուղթ պատճենահանելուց, տարիների նվիրված աշխատանքի շնորհիվ դարձել ղեկավար։

«Ինձ համար ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ՝ որպես գործատուի ամենամեծ արժեքն այն միջավայրն է, որը կա՝ ջերմ, ընկերական, առանց ավելորդ լարվածության։ Սա այն վայրն է, որտեղ քեզ միշտ գնահատված ես զգում»,- անկեղծանում է Լիլիթն ու շարունակում պատմել, թե որքան բան է իրեն ՆԱԻՐԻ-ն տվել՝ մեծ գիտելիքներ, ամեն օր մի նոր բան սովորելու, կատարելագործվելու հնարավորություն։

«Ամեն հաջորդ գործ պետք է ավելի լավը լինի, քան նախորդը»,- ասում է նա։

Ծիծաղելով ասում է, թե ինքն էլ ՆԱԻՐԻ-ին տվել է «լիքը իրավական ակտեր», տարբեր գործընթացների նկարագրություն և ոչ միայն․․․Ուրախությամբ ասում է, որ բացի աշխատանքից՝ ինքն էլ իր ջերմությունն է ավելացրել ընկերությունում եղած ընկերական, «հավեսով» մթնոլորտին։

Ի դեպ, Լիլիթը վերջերս է վերադարձել երեխայի խնամքի արձակուրդից։ Փայլող աչքերով պատմում է, թե ինչքան էր կարոտել աշխատանքը, ինչքան էր սպասում այս վերադարձին։ Ուրախ է, որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն օրեցօր փոխվում է, կատարելագործվում, դառնում ժամանակի հետ համընթաց քայլող ընկերություն բոլոր առումներով։ Վստահ է, որ համալրվող ու մեծացող այս թիմում կհաջողվի պահպանել այն լավ, առողջ, ջերմ միջավայրը, որտեղ իրեն աշխատողը հանգիստ է զգում և ամեն առավոտ հաճույքով, այլ ոչ թե պարտադրված գալիս աշխատանքի։