Այս տարի նոյեմբերին ամերիկյան Tesla ընկերությունը, որը մասնագիտացած է էլեկտրական ավտոմեքենաների արտադրության գործում, ներկայացրեց նոր նմուշ՝ Cybertruck։

«Այն նման չէ ոչ մի ուրիշ մոդելի»,- ցուցադրության բացման խոսքում ասաց Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը։

Եվ իսկապես, պարզվեց, որ Cybertruck-ն իսկապես ոչ մի այլ մեքենայի նման չէ․այն ֆուտուրիստական դիզայնով, եռանկյունաձև կտրվածքներով տարօրինակ մի ավտոմեքենա էր, որը հիշեցնում էր ապագայի մասին պատմող ֆանտաստիկ ֆիլմերի ավտոմեքենաները։

Մասկը չթաքցրեց էլ, որ մեքենայի դիզայնը մշակելիս ոգեշնչվել է ապագայի մասին պատմող ֆիլմերից մեկից՝ Blade Runner-ից (“Бегущий по лезвию”)։ Հարիսոն Ֆորդի գլխավոր դերակատարմամբ 1982 թվականին նկարահանված ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2019 թվականի նոյեմբերին։ Այնպես որ Մասկը պատահական չէր ընտրել նաև «Ապագայի ավտոմեքենան» հանրությանը ներկայացնելու ժամանակահատվածը՝ 2019 թվականի նոյեմբեր։

Ավտոմեքենայի տարօրինակ դիզայնը սկսեցին քննարկել ամբողջ աշխարհում։ Ավտոսիրողները բաժանվել էին երկու մեծ խմբերի՝ մի խումբը գնահատել էր Մասկի և նրա թիմի գաղափարն ու դրա իրականացումը, մյուսներն իրենց հիասթափությունն էին հայտնում՝ նշելով, որ մեքենայի դիզայնը, թվում է, թե 5 տարեկան երեխան է հեղինակել։

Վերադառնալով ավտոմեքենայի առավելություններին՝ Մասկը առաջիններից մեկը շեշտադրեց դրա զրահապատ լինելը, դռների համար օգտագործվել է մետաղական այն նույն խառնուրդը, որն օգտագործվում է տիեզերական հրթիռներ կառուցելիս։ Բայց ներկաները շատ արագ հերքեցին Մասկի այն պնդումը, թե մեքենան ամբողջովին զրահապատ է՝ ապակե գնդակ նետելով դեպի մեքենայի ապակին։ Արդյունքում՝ ապակու վրա ճաքեր առաջացան։  Մասկն էլ, ի պաշտպանություն ավտոմեքենայի, նշեց, որ թեպետ ապակին կոտրվեց, բայց գնդակը չհայտնվեց մեքենայի ներսում, այլ մի կողմ շպրտվեց։

Cybertruck-ը լիցքավորելու համար անհրաժեշտ կլինի 110/220 վտ հզորությամբ էլեկտրացանց։ Պայմանավորված մարտկոցով՝ լիցքավորումը կբավականացնի 400-800 կմ-ի համար։ Կթողարկվի Cybertruck-ի երեքո տեսակի մոդել՝ ամենամատչելի մոդելի արժեքը կլինի 39,900 դոլար և կբավականացնի մոտ 400 կմ, երկրորդ մոդելը կարժենա 49,900 դոլար և կբականացնի մոտ 480 կմ, իսկ ամենաբարձր կարգի մոդելը կարժենա 69,900 դոլար և կբականացնի 800 կմ-ից ավելին։ Ավտոմեքենայի բեռնատարողությունը կլինի 1,6 տոննա։

Cybertruck-ի արտադրությունը կսկսվի 2021թվականին։