Այս հինգ աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները դժվար թե տեսնենք հայաստանյան ավտոճանապարհներին։ Ոչ, հայազգի մեծահարուստներին բնավ էլ չենք թերագնահատում, այստեղ հարցը ոչ թե ավտոմեքենաների արժեքն է, այլ այն, որ դրանք արտադրվում են խիստ սահմանափակ քանակով։ Այս մեքենաները ոչ թե պարզապես փոխադրամիջոց են,այլ արվեստի իսկական նմուշներ, որոնցում ոչ մի մանրուք ուշադրությունից դուրս չի մնացել։ Գերժամանակակից դիզայնով, անհավանական հզորությամբ այս ավտոմեքենաները հաճախ նույնիսկ չեն էլ շահագործվում, այլ պահվում են լավ հսկվող, հատուկ ավտոտնակում որպես թանգարանային նմուշ։

Թոփ 1 – Lamborghini Veneno Roadster

Ամենաթանկ ավտոմեքենաների հնգյակը գլխավորում է Lamborghini Veneno Roadster–ը։ Այս ավտոմեքենան համարվում է ավտոճանապարհների դեռևս անգերազանցելի արքան: Փորձագետների կարծիքով՝ այս մեքենան ունի լավագույն աէրոդինամիկան, կայունությունն ու ամենակառավարելին է։ «Վենենո» անունն այս ավտոմեքենան ստացել է ի պատիվ կորիդաներին մասնակցող լեգենդար, անպարտելի ցուլի։ Այս պահին երկրի վրա երթևեկում է ընդամենը 9 նման մեքենա։ Արժեքն այս պահին մոտ 4,5 միլիոն դոլար է։

Թոփ 2 – Aston Martin Valkyrie

Այս յուրօրինակ ավտոմեքենան այսպես է կոչվել ի պատիվ սկանդինավյան օրիորդ-ռազմիկ Վալկիրիայի։ Ասում են, որ մեքենան հենց ասվտվածների հզորությամբ էլ օժտված է։ Այն ունի շատ տարբերվող դիզայն՝ մի տեսակ ագրեսիվ, կարծես թե թռիչքի, հարձակման պատրաստվող վայրի կատվի տեսք։ Ստեղծողներին հաջողվել է մեքենան ազատել բոլոր մետաղյա մասերից՝ այն դարձնելով շատ թեթև։ Այս գեղեցկուհին կշռում է ընդամենը 1030 կգ։ Ի սկզբանե որոշվել էր շահագործման հանձնել 25 մրցարշավային և 150 սովորական ճանապարհային երթևեկության համար նախատեսված օրինակներ։ Մեքենաների նախնական հայտարարված գինը 3,5 միլիոն դոլար է։

Թոփ 3 – Bugatti Chiron

Սա ավտոմոբիլային արվեստի իսկական գլուխգործոց է։ Այս շքեղությունը նույնքան շքեղ ծախսեր է պահանջում։ Օրինակ, միայն քաղաքում այն 100 կմ-ի համար ծախսում է 35,2 լիտր բենզին, իսկ համապատասպան անվադողերի փաթեթն էլ կարժենա մոտ 42․000 դոլար։  Այն հանրությանն առաջին անգամ ներկայացվել է 2016թ․-ին, ընդամենը մեկ տարի անց TopGear ամսագիրն այն անվանեց «Տարվա Հիպերմեքենա»։ Ավտոմոբիլային այս հրաշքի արժեքը 2,7 միլիոն ԱՄՆ դոլարից 3,5 միլիոն է։

Թոփ 4 – Pagani Huayra Roadster

Հիասքանչ և ցնցող, շլացուցիչ և նմանը չունեցող՝ ինչ բնութագրումներ ասես, որ չեն տրվում իտալական այս սպորտային մեքենային, որի արժեքը 2,3 միլիոն ԱՄՆ դոլար է։ Այն իր յուրահատուկ դիզայնով օվկիանոսի խորքերում ապրող գիշատիչ ձուկ է հիշեցնում և իր սեփականատիրոջը խոստանում անմոռանալի զգացողություններ երթևեկության ժամանակ։ Հայտնի է, որ այս մոդելից նախատեսված էր թողարկել ընդամենը 100 օրինակ, սակայն բոլոր նմուշներն արդեն գնվել են ավտոմեքենաների կոլեկցիոներների և ապրանքանիշի սիրահարների կողմից դեռ մինչև գործարանից դուրս գալը։

Թոփ 5 – Koenigsegg Regera

Այս սուպերմեքենան ստեղծել է շվեդական քիչ հայտնի արտադրողը, որը մասնագիտացած է սպորտային էքսկլյուզիվ մեքենաներ թողարկելու գործում։ Ընկերությունը նախատեսում էր թողարկել ընդամենը 80 օրինակ, որոնք բոլորն էլ գնվել են դեռ մինչև գործարանից դուրս գալը 2,2 միլիոն ԱՄՆ դոլարով։

Հոդվածի աղբյուրը՝ www.autocentre.ua