Այսօր ապահովագրական ընկերություններն իրենց հաճախորդներին առաջարկում են առավել անսովոր ծառայություններ: Միևնույն ժամանակ, հաճախորդը միշտ կարող է առաջարկել իր սեփական տարբերակը, որն ընկերությունը կքննարկի և, ամենայն հավանականությամբ, կհաստատի: Այս առումով շատ ստեղծագործ են եվրոպական ապահովագրական ընկերությունները։

Օրինակ, Նիդեռլանդներում կարող եք ապահովագրվել բենզինի գների կտրուկ բարձրացումից: Նման ապահովագրության արժեքը կկազմի տարեկան 20 եվրո: Իսկ եթե բենզինի գինը անմիջապես ավելանում է 15% -ով, ապա կարող եք ակնկալել անվճար ստանալ 1000 լիտր: Պատկերացնելու համար ապահովագրական փոխհատուցման չափը նշենք, որ այդքան լիտր բենզինը լիովին բավական է մեկ տարվա համար։

Ապահովագրական ընկերությունները նոր տեսակներ մշակելիս փորձում են, այսպես ասած, հենվել մարդկանց վախերի վրա՝ առաջարկելով պաշտպանություն դրանցից։ Օրինակ, բավականին տարածված է վերելակում փակված մնալու վախը: Չնայած դա հազվադեպ է տեղի ունենում, այնուամենայնիվ Ֆրանսիայում այդպիսի ապրումների համար փոխհատուցում ստանալ ցանկացողները լինում են: Բավական է տարեկան վճարել 12-25 եվրո և պատահարի գրանցման դեպքում Ձեզ սպասում է 100 եվրո բոնուս: Այսպիսով, վերելակում փակված մնալը, մղձավանջից կվերածվի հաճելի և շահութաբեր անակնկալի:

Ոգելիչ խմիչքների սիրահարներն ուրախ կլինեն ապահովագրել իրենց՝ Եվրոպայում չոր օրենքի ներդրման դեմ: Եթե այդպիսի դժբախտություն լինի, «տուժողը» կստանա 500 եվրո փոխհատուցում: Դժվար թե այդքանը բավարար լինի ալկոհոլային կախվածությունից բուժվելու համար, բայց գոնե բարոյական բավարարվածությունը որոշ չափով երաշխավորված է: Նման «սարսափելի ռիսկից» ապահովագրությունը կարժենա տարեկան 15-20 եվրո:

18 եվրո տարեկան ապահովագրավճարի դիմաց հնարավոր է ապահովագրվել այն իրավիճակից, երբ տանից դուրս եք եկել  առանց բանալիների և տան դուռը փակվել է: Պայմանավորված դեպքի օրվա ժամով և շաբաթվա օրով՝ վճարվող գումարը կարող է կազմել մինչև 100 եվրո:

Կան նաև ապահովագրության տեսակներ, որոնք պաշտպանում են անձին թաքնված տեսախցիկով նկարահանվելուց: Եթե ​​դա տեղի ունենա, և տեսագրությունը ցուցադրվի հեռուստաալիքներից մեկում, ապա տուժողը կարող է ստանալ մինչև 1000 եվրո փոխհատուցում։

Նա, ով խաղացել է վիճակախաղ առնվազն 52 անգամ մեկ տարվա ընթացքում և երբևէ ոչինչ չի շահել, ապահովագրական ընկերությունից կստանա 2,500 եվրո: Ապահովագրական փոխհատուցում կտրվի նաև այն դեպքում, եթե այլմոլորակայիններն առևանգեն ընկերության հաճախորդին նրա կամքին հակառակ: Այս դեպքում տուժողին կտրվի 5000 եվրո: Այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի ներկայացնել առևանգման ապացույցներ, մասնավորապես՝ լուսանկարներ կամ վկայագրեր բժիշկներից և օդատիեզերական մարմիններից:

Ապահովագրական ընկերությունը կարող է պաշտպանել մարդուն ցանկացած ռիսկից: Այս ռիսկերից մեկն ամուսնությունն է: Հարսանիքի օրը սիրելիի կողմից լքված լինելու դեպքում կարող եք փոխհատուցում ստանալ 100 եվրոյի չափով:

Զուգընկերոջ անհավատարմությունից կպաշտպանի «ուրիշի երեխա» ապահովագրությունը: Եթե պարզվի, որ «հայրը» կենսաբանական կապ չունի երեխայի հետ, տուժողը ստանում է 500 եվրո:

Կա նաև «օդային անցքերի» ապահովագրություն: Եթե թռիչքի ժամանակ ինքնաթիռը, որով թռչում է ապահովագրական ընկերության հաճախորդը, հայտնվում է մինչև 3000 մ խորություն ունեցող այդպիսի «անցքում», ապա կարող եք հավակնել   1000 եվրոյի չափով փոխհատուցման, բայց միայն այն դեպքում, եթե հաճախորդը ողջ մնա: