Աշխատակից ընտրելիս մարդկանց պետք է գնահատել ոչ թե նրանց՝ տվյալ պահին կատարած աշխատանքով, այլ ներուժով։ Այսինքն՝ ոչ թե նայել, թե ինչ է նա հիմա անում, այլ հասկանալ, թե նա ինչ կարող է անել։ Այս սկզբունքով է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ մարդկային ռեսուրսների կառավարիչ Մելինե Մուրադյանը համալրում մեր թիմը։ Մելինեի անցած հետաքրքիր ճանապարհի, կյանքի ընձեռած հնարավորությունների կողքով անտարբեր չանցնելու և նրա որդեգրած HR քաղաքականության մասին է այսօր «Մեր թիմի» հերթական պատմությունը։

Մելինեն ծնունդով գյումրեցի է․ երկու տարեկան էր, երբ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը։ Հիշողության մեջ ֆիլմի կադրերի նման երկրաշարժից դրվագներ են մնացել, օրինակ այն, թե ինչպես էր մայրն իրեն գրկած դուրս վազում։ Դոմիկային դպրոցի հետ կապված վատ հուշեր չկան, որովհետև սովորել է առաջին վերակառուցված դպրոցում։ Թիվ 10 ֆրանսիական դպրոցը բախտորոշ դարձավ Մելինեի կյանքում։ Դպրոցում ստացած գիտելիքները հնարավորություն տվեցին մասնագիտության հարցում արագ կողմնորոշվել՝ լեզուներ և ֆինանս․ այսպես նա շարունակեց ուսումը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, որտեղ էլ կարողացավ ոչ միայն խորացնել իր ֆրանսերենի իմացությունը, այլև դրան ևս երկու ավելացնել՝ անգլերեն և գերմաներեն։

Անկեղծանում է, որ հաջողել է շնորհիվ իր բնավորության՝ «բռնել» կյանքի ընձեռած հնարավորությունները։ Մելինեն համոզված է՝ մարդիկ իրենց կյանքում հնարավորություններ են բաց թողնում միայն ալարկոտության կամ համարձակ չլինելու պատճառով։  Կատակում է, որ մինչև մեղրամիսն իր բոլոր արտաքին ճամփորդությունները եղել են տարբեր կառույցների հովանավորչությամբ, որովհետև միշտ ակտիվ է եղել, աշխատասեր ու արձագանքել է բոլոր ձեռնարկներին։

Անկեղծանում է, որ միշտ իրեն «մի փոքր կարիերիստկա» է համարել, միշտ ցանկացել է ինքն իր գումարը վաստակել, հիշում է, ու նույնիսկ անհարմար էր զգում, երբ հայրը գրպանի ծախսերի համար գումար էր տալիս, վերցնելու դեպքում էլ չէր ծախսում, որովհետև իր աշխատածը չէր։

Մելինեն օրերից մի օր էլ հասկացավ, որ ֆինանսներ, վերլուծություն սիրում է, բայց ցանկանում է HR-ով զբաղվել և իր վերլուծական կարողություններն ու գիտելիքներն այդտեղ օգտագործել։

«Սա շատ հետաքրքիր և անսպառ ոլորտ է։ Իմ առաջին կարիերան հենց այս ոլորտում էլ եղավ»։

Մի քանի տարի անց Մելինեն հասկացավ, որ եկել է ժամանակը ոչ թե HR-ում առանձին նախագիծ իրականացնելու, այլ պատասխանատվություն ստանձնելու ընկերության ամբողջ HR գործառույթի համար։ Այդպես նա դիմեց ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ, ներկայացրեց իր տեսլականը ընկերության HR քաղաքականության համար ու աշխատանքի անցավ որպես ընկերության մարդկային ռեսուրսների կառավարիչ։ Արդեն տարի ու կես է՝ ՆԱԻՐԻ թիմում է։ Հետ նայելով այս ժամանակահատվածին՝ ուրախությամբ արձանագրում է, որ իր հետ փոփոխություններ բերել է, հակառակ դեպքում իր ներկայությունն ապարդյուն կլիներ։ Գնահատել իր աշխատանքը ճիշտ չի համարում․ այն վերաբերում է ոչ թե առանձին բաժնին կամ մարդկանց, այլ բոլորին՝ շարքային աշխատողից մինչև մենեջմենթ, այնպես որ հենց նրանք պիտի այդ գնահատականը տան։ Ամեն ինչ թվայնացվող այս աշխարհում HR-ը մնում է այն ոլորտը, որտեղ դեռ մարդկային հարաբերություններն են կարևոր։

«Ես կարող եմ ասել, որ մարդկանց մոտ տրամադրություն է փոխվել, լավատեսություն է ավելացել։ Իմ քաղաքականության ամենակարևոր կետերից մեկը հենց դա է եղել՝ մարդկանց մոտ դրական սպասելիքներ սերմանելը։ Եվ կարծեք թե ստացվել է»,- ասում է Մելինեն։

Կարևորում է նաև աշխատակիցների հմտությունների կատարելագործումը, եկած օրվանից պարբերաբար տարբեր դասընթացներ է ձեռնարկում՝ վստահ լինելով, որ աշխատակիցների ունեցած ներուժը պետք է բացահայտել և նրանց աճի համար էլ հնարավորություններ ստեղծել։

«Մի պատմություն կա այս  թեմայով․ «Տնօրենն ասում է․ «Բա ինչու՞ աշխատողներին վերապատրաստումների չեք ուղարկում»։  Բաժնի ղեկավարն ասում է․ «Բա որ ուղարկենք ու գնան մեր մոտից», տնօրենն էլ ասում է՝ «Բա պատկերացրեք, որ չուղարկենք ու մնան»։ Պետք է այնպիսի թիմ լինի, որ ցանկանա զարգանալ, եթե ուզում ես, որ ընկերությունն առաջ գնա, ուրեմն պիտի նաև այնպիսի աշխատակիցներ ունենաս, որոնք իրենք են ուզում առաջ գնալ»,- ասում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ մարդկային ռեսուրսների կառավարիչը։

Մելինեն նշում է, որ այս աշխատանքն իրեն ու իր բնավորությունն էլ է փոխել։ Ինքն ավելի վերլուծությունների մարդ է, կարող է ինքնամփոփ նստել, տարբեր հաշվարկներ անել, բայց այս աշխատանքը հնարավորություն տվեց զարգացնելու մարդկանց հետ հաճախ ու շատ շփվելու հմտությունը, դարձավ ինքնազարգացման կարևոր մոտիվատոր։

Մելինե Մուրադյանն արդեն մի քանի օր է՝ երեխայի խնամքի արձակուրդում է, շուտով ընտանիքում համալրում է սպասվում՝ արդեն երրորդ անգամ։ Ամփոփելով մեր զրույցը՝ նա նշում է, որ իրականում, ընտանիքն այն կարևոր բանն է, որ կարող ես ստեղծել քո կյանքում։

Մաղթում ենք մեր սիրելի թիմակցին բարի ազատում և շուտափույթ վերադարձ մեր ՆԱԻՐԻ թիմ ։)