«Հայաթ Փլեյսն» արդեն 6 տարի է՝ Հայաստանում է։ Հայաստանյան հյուրանոցային ոլորտում առաջինն էր, որ շտապեց իր աշխատակիցների համար առողջության ապահովագրության պայմանագիր ձեռքբերել։ Ինչով է առանձնանում «Հայաթ Փլեյսը» և որն է նրա հաջողության գաղտնիքը պատմում է ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Լիզեթ Գրիցենկոն։

Welcome to a different place՝  բարի գալուստ տարբերվող միջավայր․ այսպես են Հայաթ Փլեյսում դիմավորում յուրաքանչյուր հյուրի։ Կապ չունի, թե հյուրը քանի օր կմնա հյուրանոցում՝ 1 գիշեր, 1 շաբաթ, թե մի քանի ամիս՝ նա այդ ընթացքում կհամոզվի, որ ողջույնի տեքստը ճիշտ էր․ ինքը եկել է տարբերվող մի վայր։

«Առաջին հայացքից կարող է թվալ, որ բոլոր հյուրանոցները նույնն են, միևնույն ծառայություններն են առաջարկում, բայց մենք այդքանով չենք սահմանափակվում․ մեզ մոտ հիմնական շեշտը դրվում է սպասարկման վրա, և դրանով էլ առանձնանում ենք շուկայում»,- նշում է Լիզեթը։

Հայաստանյան բրենդային հյուրանոցների շարքում սենյակների թվով «Հայաթն» ամենափոքրն է, բայց դա նրանց չի խանգարում մրցակցային բարձր դիրքում լինել։ Այստեղ վստահ են․ այն ծառայությունը, որն իրենց մոտ է մատուցվում, այլ հյուրանոցում չեք տեսնի։ Լիզեթի խոսքով՝ սրա առաջին պատճառն այն է, որ «Հայաթը», կարելի է ասել, ընտանեկան ջերմություն ունեցող միջավայր է։ Ու սրա պատճառն էլ պետք է փնտրել բրենդի ամենավերևում, որտեղ հիմնադիրների՝  Պրիցկերների ընտանիքն է։ 62 տարի առաջ՝ 1957 թվականին Ջեյ Պրիցկերը գնում է Լոս Անջելոսի օդանավակայանին կից փոքրիկ «Հայաթ Հաուս» մոթելը և սկիզբ դնում մեկ այլ պատմության։

«Մեզ մոտ ոտք դնող յուրաքանչյուր աշխատակցի ընդունում ենք որպես ընտանիքի անդամ։ Այս հյուրանոցային ցանցի հիմքում ընտանիքն է»,- ասում է Լիզեթն ու հավելում՝ կապ չունի նոր աշխատակից է, թե արդեն 10 տարվա, նա իրեն ընտանիքում է զգում։ Մենք փորձում ենք մեր կողմից անել ամեն բան ընտանեկան փոխհարաբերությունները պահպանելու համար՝ լինելով լավ գործատու, լավ գործընկեր ու սրտաբաց հյուրընկալ։

«Մեր ունեցած արդյունքը թույլ է տալիս կարծել, որ մենք ճիշտ ենք մեր մոտեցման հարցում»,- ասում է Լիզեթը։

Նա ուրախությամբ նկատում է, որ հյուրերը հաճախ են ընկերանում աշխատակիցների հետ։ Լինում են նաև հյուրեր, որոնք, օրինակ, Երևանում տուն գնելուց հետո էլ դեռ շարունակում են հյուրանոցում հաճախակի հյուրընկալվել՝ պարզապես աշխատակիցներին տեսնելու և նրանց հետ շփվելու ու զրուցելու համար։

Լիզեթը հպարտությամբ է նշում, որ «Հայաթը» բրենդ է, որն ունի իր հավատարիմ հյուրերը: Եթե նրանք երբևէ եղել են աշխարհի որևէ կետում գտնվող «Հայաթ»-ում, ապա նրանց հետ վերադառնալու հավանականությունը շատ բարձր է։ Ու կրկին շեշտում է, որ հաջողության բանալին աշխատակիցներն են։

Այս թիմին կարող է միանալ յուրաքանչյուրն, ով ունի ձգտում, չի սահմանափակում ինքն իրեն քառակուսիներով, նպատակասլաց է և լավ մարդ։ Որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ՝ Լիզեթը նշում է՝ եթե հմտությունների ինչ-որ պակաս աշխատակիցն ունի, դա իրեն հնարավոր է սովորեցնել, բայց կա մի բան, որը սովորեցնել անհնար է՝ լինել լավ մարդ։

Աշխատակիցների համար պարբերաբար տարբեր թեմաներով թրեյնինգներ, հմտությունների կատարելագործման դասընթացներ են կազմակերպվում, ինչպես նաև տարատեսակ խրախուսումներ առաջարկվում, որոնց շարքում առանձնացնում են հատկապես մեկը․ հյուրանոցն իր բոլոր աշխատակիցներին հնարավորություն է տալիս տարվա մեջ 12 անվճար գիշեր աշխարհի ցանկացած երկրում գտնվող «Հայաթ»-ում։

«Հայաթը» հայաստանյան հյուրանոցների շարքում առաջինն էր, որն իր աշխատակիցների համար ձեռքբերեց առողջության ապահովագրություն։ Արդեն քանի տարի է՝ աշխարհահռչակ բրենդն իր հայաստանյան աշխատակիցների առողջությունը վստահում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ պրոֆեսիոնալ թիմին։

«Ինքս շատ զանգեր եմ ստանում տարբեր հյուրանոցներից՝ գոհ եք, թե դժգոհ եք, ինչպես է գործում ապահովագրությունը և այլն։ Միշտ սիրով պատմում եմ, որ սա իսկապես հրաշալի մի բան է և մեծ աջակցություն է աշխատակիցների առողջությունը պահպանելու համար»,- ասում է Լիզեթն ու նշում, որ ամենասկզբում աշխատակիցները վերապահումով էին մոտենում ապահովագրությանը, անվստահություն ունեին։ Սակայն օգտվելուց հետո հասկացան, թե ինչ լավ բան է։

Որպես մարդկային ռեսուրսերի կառավարիչ հպարտությամբ նշում է, որ աշխատակիցների գոհունակության առաջին ցուցանիշներից մեկը՝ աշխատակիցների հոսունությունն ընկերությունից շատ ցածր է։

«Մենք այսօր ունենք 80 աշխատող, որոնցից մոտ 25-ը բացման օրվանից են մեզ հետ․ դա բարձր ցուցանիշ է, ևս 15-ը՝ 5 տարի է, մնացածը՝ մոտ 3-4 տարվա աշխատակիցներ են։ Առհասարակ, մեր գլխավոր մենեջերն ազգությամբ սերբ է և արդեն 30 տարի է՝ «Հայաթ» բրենդի հետ է»,- ասում է Լիզեթն ու ավելացնում, որ աշխատակիցներն աշխատանքից դուրս են գալիս միայն մի քանի պատճառով՝ կամ որոշել են ոլորտը փոխել, կամ այլ տեղում ավելի բարձր հաստիքի համար:

Շարունակելով պատմել հյուրանոցի հաջողության պատմության մասին՝ Լիզեթը նշում է, որ իրենք «ուղղակի գովազդի» հաճախ չեն դիմում․ դրա փոխարեն նախընտրում են «քայլող, սեփական փորձով համոզված» գովազդ, երբ գոհունակ հյուրը պատմում է  բրենդի մասին իր մտերիմներին ու ընկերներին։

Այսօր «Հայաթ» հյուրանոցային ցանցն ընդգրկում է 1251 հյուրանոց աշխարհի տարբեր երկրներում։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ աճ է գրանցվել Չինաստանում՝ միանգամից 100 հյուրանոց է բացվել։ «Հայաթը» երբեք տեղում չի դոփում, միշտ աճում է, ընդարձակվում, մեծացնում հյուրանոցային ցանցը՝ միաժամանակ մշտապես բարձրացնելով սպասարկման, ծառայությունների մատուցման որակը։

Այստեղ ասում են․

«Այո, այսօր շատ հյուրանոցներ են բացվում, մրցակցությունն ուժեղ է, բայց դա մեզ թևաթափ չի անում, հակառակը՝ մոտիվացնում է։ Մենք ամեն տարի զարգացման ռազմավարություն ենք մշակում և տարեվերջին արդյունքներն ամփոփելիս ուրախությամբ փաստում, որ գրեթե հասել ենք մեր առջև դրված բոլոր նպատակներին, հետևաբար՝ նորերն ենք սահմանում»։