Բժշկական կրթություն ստանալը մի բան է, բժիշկ լինելը՝ լրիվ մեկ այլ։ Դա ոչ թե մասնագիտություն է, աշխատանք, այլ՝ կոչում և առաքելություն։ Ռազմական բժիշկ Արսեն Ադոնցն արդեն մի քանի ամիս է՝ միացել է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ բժիշկ-փորձագետների թիմին։ Նրա անցած ճանապարհի, ապահովագրական ոլորտ ոտք դնելու և մասնագիտությունից դուրս ունեցած հետաքրքրությունների մասին պատմում ենք «Մեր թիմը» շարքում։

Բժշկության ամենաբարդ, պատասխանատու ճյուղերից մեկը ռազմական բժշկությունն է, որը հաճախ արտակարգ պայմաններում աշխատանք է պահանջում։ Արսեն Ադոնցը Բժշկական համալսարանն ավարտելուց հետո 4 տարի ծառայություն անցկացրեց հայաստանյան զորամասերից մեկում որպես բուժծառայության պետ, դրանից հետո օրդինատուրան ավարտեց ու շարունակեց ծառայությունը Արցախում՝ Մարտակերտ քաղաքի ռազմական հոսպիտալում։ Այդ շրջանում սահմանը խաղաղ էր․․․ գոնե հարաբերական խաղաղ, բայց, միևնույն է, զոհեր ու վիրավորներ հաճախ էին լինում։ Ռազմական բժիշկ դառնալու որոշումը կայացնելուց այսքան տարի անց էլ հետ նայելիս վստահ է, որ չի սխալվել՝ ռազմական բժշկության ոլորտն իրեն տվել է անգնահատելի փորձ, ամուր նյարդեր և շատ ընկերներ։

Կատակում է, թե 2011թվականից, ինչ աշխատանքի է անցել, միայն 2 անգամ է Ամանորը տանն անցկացրել։ Խոստացած ժամին տուն գնալ, պայմանավորված ժամին հանդիպել․այդ տարիներին սրանք շատ հաճախ էին խախտվում․

«Շատ է եղել, որ խոստացել եմ գնալ, բայց չի ստացվել: Դա միայն գործ չէ, ծառայություն է, մարդու կյանքի հետ գործ ունես: Դա քո կոչումն է: Հատկապես բանակում, զինվորը քեզ չի ընտրել, հետևաբար դու ամենալավը պիտի անես իր համար, որովհետև ինքն ընտրության ուրիշ հնարավորություն չունի: Հիվանդ զինվորին չես կարող թողնել, ասել՝ ժամս եկավ, գնացի տուն»,- պատմում է Արսենը:

Ի վերջո, որոշում կայացրեց թողնել ծառայությունը, որովհետև հասկացավ՝ ընտանիքի հետ համատեղելը շատ դժվար է, երկուսից մեկն անպայման տուժելու էր։

Հենց այդ ժամանակ իմացավ, որ ՆԱԻՐԻ-ում բժիշկ-փորձագետ են փնտրում։ Մտածեց՝ իսկ ինչու ոչ․․․ Աշխատանքը հետաքրքիր էր հատկապես այն պատճառով, որ այստեղ բժշկության տարբեր ճյուղերի իմացության կարիք կա։ Ապահովագրությունն այն տեղն է, որտեղ բժիշկ-փորձագետներն ամեն օր իրենց գիտելիքներն ընդարձակելու և թարմացնելու հնարավորություն և առիթ են ունենում։ Այնպես որ Արսենը սիրով միացավ ՆԱԻՐԻ-ին, հատկապես որ ոչ միայն աշխատանքն էր հետաքրքիր, այլև թիմը՝ պրոֆեսիոնալ, թիմային մթնոլորտն էլ՝ առողջ։

ՆԱԻՐԻ գալով՝ Արսենը պրակտիկ բժշկությանը հրաժեշտ չտվեց։ Արդեն 4-րդ տարին է՝ նա շտապօգնության ծառայության բժիշկ է։ Ասում է, որ ամեն մեկը չի կարող աշխատել շտապօգնության ծառայությունում, հերթապահությունից հետո կարող ես, բառիս բուն իմաստով, ուժասպառ լինել։ Թեթև օրեր գրեթե չեն լինում, շտապօգնության յուրաքանչյուր խումբ մեկ հերթապահության ընթացքում միջինը մի 200 կմ հաստատ անցնում է։

«Շտապօգնությունում աշխատելը ֆիզիկական, նյարդային լարվածություն է, հոգնածությունն էլ՝ մյուս կողմից։ Նորմալ քնել չկա, հանգստանալ չկա, տարբեր տեսակի մարդկանց հետ ես շփվում, դրա համար բժիշկներից շատերը 1-2 տարի հետո դուրս են գալիս, չեն կարողանում այդ լարվածությանը դիմանալ»,- ասում է բժիշկ Ադոնցը:

Իսկ երբ բժիշկ Ադոնցն ուզում է հանգստանալ աշխատանքից, թոթափել լարվածությունը, օգնության է հասնում «Ինչ, որտեղ, երբ»-ը։ Ինտելեկտուալ այս խաղը նրան գրավել է դեռ ուսանողական տարիներից, հիմա արդեն հեռուստախաղին է մասնակցում։

«Հաճույք է, ուղեղդ աշխատում է: Հետաքրքիր է, որ կարող ես հարցի ստույգ պատասխանը չիմանալ, սակայն կողմնակի ինֆորմացիայով պատասխանը գտնում ես․ ուղեղը պետք է աշխատեցնել, թե չէ «ջանգոտում է»,- կատակում է բժիշկը:

Ուսանողական տարիներին ինտելեկտուալ խաղերից բացի այլ հետաքրքրություն էլ ուներ՝ լեռնագնացություն։

«Այդ տարիներին Հայաստանի  տարածքում հիմնական լեռները բարձրացել եմ, դա ուրիշ մի բան էր՝ մարմինդ հոգնում է, բայց միտքդ հանգստանում է, նաև երկիրդ ես ճանաչում»,- ասում է նա ու խոստովանում, որ մի անգամ էլ ժայռամագլցման փորձ է ունեցել․ դա լրիվ ուրիշ աշխարհ էր, որտեղ ադրենալինն իր գագաթնակետին էր հասնում։

Զբաղված առօրյան հիմա լեռնագնացության մասին միայն հիշողությունների ժամանակ է թողել։ Անկեղծանում է՝ եթե նախկինում աշխատանքիից հետո իրեն կարող էր թույլ տալ, օրինակ, ընկերների հետ հանդիպել, հիմա միանգամից տուն է շտապում, որտեղ երեքամյա որդին հայրիկի հետ խաղին է սպասում։

«Կյանքդ բաժանում ես մինչև երեխան և երեխայի ծնվելուց հետո: Երբ երեխան ծնվում է, փոխվում ես, որովհետև միայն քո համար չես պատասխանատվություն կրում, այլև կա մեկը, ում համար պիտի ամեն ինչ անես»,- ասում է նա։

Զրույցի վերջում բժիշկ Ադոնցն ասում է, որ ռազմական բժշկության էջն այնպես չէ, թե իր կյանքում լրիվ փակված է։ Պատերազմը չի ավարտվել․․․

«Հայրենիքը պաշտպանելն ամեն տղամարդու պարտականությունն է․ այդպես պետք է լինի, ինձ այդպես են սովորեցրել, ես այդպես եմ մեծացել, այդպես եմ պատկերացնում: Եթե պատերազմ լինի, պետք է հայրենիքդ պաշտպանես»,- ասում է նա ու մաղթում․

«Երկրում խաղաղություն թող լինի, բոլորը միշտ առողջ լինեն, մենք էլ՝ պարապ» (ժպտում է)․․․․