Ամբողջ աշխարհում հազարավոր օրինակներ կգտնեք, երբ ավտոմեքենայի ամրագոտին կյանք է փրկել: Բայց, անշուշտ, ամրագոտի համառորեն չկապող վարորդները հազար ու մի պատճառաբանություններ կգտնեն՝ համոզելու համար, որ ամրագոտի պետք չէ: Օրինակ, կասեն, որ վթարի ժամանակ, եթե մեքենան կրակով բռնկվի, հնարավոր է՝ ամրագոտին անսարք լինի, չկարողանաս արձակել կամ էլ թե վթարի ժամանակ հենց ամրագոտին կարող է վնասվածքի պատճառ դառնալ: Ի վերջո, ՙամենահիմնավոր՚ հիմնավորումն այն  է, որ ամրագոտիով վարելը հարմար չէ, ձեռքերն ազատորեն չեն կարողանում շարժել, ինչը կարող է վթարի պատճառ դառնալ: Մի խոսքով, որքան վառ երևակայություն, այնքան շատ պատճառաբանություններ: Այսօր ՙՕգտակար խորհուրդներ՚ շարքում կփորձենք փաստերով ու հաշվարկներով հիմնավորել, թե ինչու է ամրագոտին կարևոր:

Նախ կարճ պատմական ակնարկ այն մասին, թե ինչպես ամրագոտին տարածում գտավ աշխարհում:

Ամրագոտու գյուտի առաջին արտոնագիրն ԱՄՆ-ում տրվել է դեռևս հեռավոր 1885 թվականի: Դրանից գրեթե 40 տարի անց՝ 1920-ական թթ.-երին ամրագոտիները սկսեցին կիրառել ավտոարշավորդները: Բայց դրանք դեռևս հարմարավետությամբ շատ ու շատ անգամներ զիջում էին ժամանակակից տարբերակներին, այնպես որ ամենօրյա կիրառման համար նպատակահարմար չէին: Դա էր պատճառը, որ ամրագոտիները դեռևս լայն տարածում աշխարհում չէին գտել: 1957թվականին Շվեդիան դարձավ աշխարհի առաջին երկիրը, որն օրենքով ամրագրեց ամրագոտու կիրառումը։ 1961թ.-ին շվեդների օրինակին հետևեցին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում։ Արդեն 1970 թվականին Ֆրանսիայում սկսեցին օրենքով պարտավորեցնել ավտոարտադրողներին առջևի նստատեղերին ամրացնել ամրագոտիներ։

Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավտովթարների արդյունքում ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 1 միլիոնից ավելի մարդ, իսկ մոտավոր 50 միլիոնն էլ տարբեր տեսակի և ծանրության վնասվածքներ են ստանում:

Վթարի ժամանակ ամրագոտին չկապած ուղևորի մարմինը մեքենայում շարունակում է շարժվել այն նույն արագությամբ, որով մինչ այդ շարժվում էր ավտոմեքենան: Դրա հետևանքով ուղևորը կարող է լուրջ, կյանքի գին ունեցող վնասվածքներ ստանալ:

Վիճակագրությունը պարզ է դարձնում, որ ավտովթարների ժամանակ 70 տոկոս դեպքերում ամրագոտին ճակատագրական դեր է ունենում՝ փրկելով վարորդի կյանքը կամ ապահովագրելով նրան լուրջ վնասվածքներից։ Համեմատության համար նշենք, որ անվտանգության բարձիկները, ըստ վիճակագրական վերլուծությունների, միայն 20 տոկոս դեպքերում են նման արդյունավետություն ունենում։

Անվտանգության ամրագոտու կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել մահվան ելքով պատահարների թիվը, օրինակ․

  • դիմային բախման դեպքում՝ 2,3 անգամ,
  • կողային հարվածի դեպքում` 1.8 անգամ,
  • մեքենայի շրջվելու դեպքում՝ 5 անգամ, որովհետև ամրակապված լինելու շնորհիվ վարորդը կամ ուղևորը մեքենայի ներսում այս ու այն կողմ չեն բախվում։

Ամրագոտու օգտագործումը նվազեցնում է մահվան կամ լուրջ վնասվածքներ ստանալու հավանականությունը.

  • առջևի նստատեղերի ուղևորների համար 40-50 %
  • հետևի նստատեղերի ուղևորների համար 25%

Առավել արդյունավետության համար խորհուրդ է տրվում բոլոր ուղևորներին երթևեկել ամրակապված։ Չամրակապված ուղևորը կարող է ոչ միայն ինքը լուրջ, մահացու վնասվածքներ ստանալ, այլև իր մարմնով լրացուցիչ վնասվածքներ հասցնել վարորդին և մյուս ուղևորներին։

Մասնագետները հատուկ ուսումնասիրություններ ու հաշվարկներ են կատարել՝ վայրկյան առ վայրկյան ներկայացնելով այն, թե ինչ է կատարվում մեքենայի ներսում բախումից հետո.

Բախումից անմիջապես հետո վարորդի մարմինը սկսում է շատ կտրուկ առաջ շարժվել.

  • 0.044 վայրկյան անց վարորդը կրծքավանդակով հարվածում է ղեկին,
  • 0.068 վայրկյան հետո, եթե ղեկը ՙծալվում է՚, ապա վարորդը դեմքով 9 տոննային համարժեք ուժով հարվածում է սարքավորումների վահանակին,
  • 0.093 վայրկյան անց գլխով հարվածում է դիմապակուն ու ստանում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ…

Վիճակագրության վերլուծությունը ցույց է տվել, որ մարդատար մեքենաների վարորդները և ուղևորները առավել հաճախ ստանում են գլխուղեղի և կրծքավանդակի վնասվածքներ:

Ի վերջո, նշենք, որ առանց ամրագոտիների մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք 5.000 դրամի չափով:

Մաղթում ենք բարի ճանապարհ ու անվտանգ երթևեկություն: