Այսօր ապահովագրական ծառայություններն առօրյայի անբաժան մասն են դարձել, ապահովագրական փաթեթները պաշտպանում են մեզ տարբեր անկանխատեսելի խնդիրներից և վտանգներից՝ նվազեցնելով եղած ռիսկերը։ Ապահովագրության տեսակներն օրեցօր ավելանում են, թվում է, թե ապահովագրական գործակալների երևակայությունն անսպառ է։ Համենայն դեպս այն երկրներում, որտեղ ապահովագրությունն ու ապահովագրական մշակույթն ավելի զարգացած են, կարելի է գրեթե ամեն ինչ ապահովագրել։

Այս անգամ կպատմենք Ռուսաստանում գրանցված ապահովագրության հետաքրքիր, անսովոր ու տարօրինակ դեպքերի մասին։

  • Ռուս մեծահարուստ գործարարներից մեկը գնել է 15 հազար դոլար արժողությամբ կոկորդիլոս և միանգամից դիմել ապահովագրական ընկերությանը՝ իր թանկ, էկզոտիկ ձեռքբերումն ապահովագրելու համար։ Իհարկե, մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոկորդիլոսը գնահատվել է ընդամենը մի 2 հազար դոլար։ Պարզվել է, որ կոկորդիլոսը ոչ միայն հազվագյուտ տեսակի չէ, այլև մի հատ էլ հիվանդ է։
  • Ռուսաստանյան գյուղերից մեկում գտնվում է 120 տարեկան կաղնի․այն պահովագրվել է 200․000 ռուբլու չափով կայծակի հարվածից և այլ հանգամանքներից, որոնց դեպքում հնամենի ծառը կարող է վնասվել։
  • ՌԴ-ում նաև ֆիլմերի «թմբլիկ» գումարի չափով ապահովագրության դեպքեր են գրանցվել։ Օրինակ, «Բումեր», «9-րդ վաշտ», «Կղզի» և մի քանի այլ ռուսական ֆիլմեր ապահովագրվել են 1 միլիոն դոլարի չափով։ Ընդ որում, ապահովագրվել են ոչ միայն բոլոր դերասանները, նկարահանող խմբի անդամները, այլև տեխնիկան։
  • Տարբեր ժամանակներում Ռուսաստանում ապահովագրել են Աստրախանի ուղտերին և Բրյանսկի ջայլամներին, ինչպես նաև տարբեր կենդանիներին՝ պաշտպանության նպատակով։ Վերջին տարիներին այդպես են ապահովագրվել են տունդրայում ապրող հյուսիսային եղջերուներ, տարբեր թռչուններ և ձկներ։
  • Ամբողջ աշխարհում այսօր տենդենց է մարմնի տարբեր մասերի ապահովագրությունը։ Ռուսաստանն այս պատմությունից անմասն չի մնում։ Երգիչ Նիկոլայ Բասկովն, օրինակ, ապահովագրել է իր ձայնալարերը 2 միլիոն դոլարի չափով, իսկ երգչուհի Աննա Սեդոկովան ապահովագրել է իր ամբողջ մարմինը 500 հազար դոլարի չափով, կիթառիստ Վիկտոր Զինչուկի միջնամատը գնահատվել է 1 միլիոն դոլար։ Իսկ երգչուհի Պոլինա Գագարինան ապահովագրել է իր ձայնը 33 միլիոն ռուբլիով։

Հ․Գ․ Ի դեպ, տարբեր աղբյուրների վկայությամբ 1786 թվականի հունիսի 28-ին Ռուսական կայսրությունում ստորագրվել է առաջին հրամանը ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ։