Հաշվապահությունը յուրաքանչյուր ընկերության ամենակարևոր, ստրատեգիական բաժիններից է։ Եթե համարենք, որ ընկերությունն օրգանիզմ է, ապա հաշվապահությունն այդ օրգանիզմի ամենակարևոր, կենսատու օրգաններից է, առանց որի օրգանիզմի բնականոն աշխատանքն անհնար է։ «Մեր թիմը» շարքի հերթական պատմությունը Ներքին հաշվապահության բաժնի ավագ մասնագետ Մերի Բաբայանի մասին է։

Պար, լող, տարբեր սպորտաձևեր․․․Մերին փոքր տարիքում փորձել է ամեն ինչից մի քիչ-մի քիչ, որպեսզի գտնի իրենը։ Կատակում է, թե ամենից երկար պարով է զբաղվել, որովհետև խնջույքներից մեկի ժամանակ պարզել է, որ ինքն անտաղանդ է պարի հարցում, որոշել է սխալն ուղղել։ Հիմա պարային ընդունակությունները շատ են պետք գալիս, որովհետև Մերիի ամսվա գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է տարբեր հանդիսություններին մասնակցությամբ։

«Ես հայտնի եմ որպես շատ հաճախ հարսանիքներ գնացող մարդ․ իմ շրջապատում բոլորն ամուսնանում են, հետո երեխաներ են ունենում, նրանց առիթներին եմ մասնացում, մի խոսքով, ինձ շատ «կողմնակի եկամուտ» է պետք։ Տարոսիկներն ինձ մոտ այնքան շատ են հավաքվում, որ մեկ տարվա կյանք են ունենում․ իհարկե թող ներեն բոլորը, բայց այդքանը պահել չեմ կարողանում։ Մի 3-4 անգամ ծաղկեփունջ եմ բռնել, ազդեցություն չի ունեցել» ,- ծիծաղելով պատմում է Մերին ու հավելում, որ շատ է սիրում ընկերների, հարազատների հետ ժամանակ անցկացնել։ Դա ոչ թե պարտավորություն  է, այլ՝ հաճույք։ Պարելու, ուրախանալու առիթներ բաց չի թողնում։ Ասում է, թե ամեն ռեստորանում երևի մի 4-5 խնջույքի մասնակցած կլինի։

«Գործընկերներիցս մեկը մի անգամ ասաց՝ «Մերի ջան, մի մասնագիտական հարց ունեմ»։ Ես էլ մտածում եմ՝ հաշվապահության հետ կապված մի բան պիտի հարցնի։ Արի ու տես, որ իրեն հետաքրքրում էր ռեստորաններից մեկում «աթոռի արժեքը»։ Ամենածիծաղելին այն էր, որ ես գիտեի նրա հարցի պատասխանը»,- պատմում է Մերին։

Միշտ կենսուրախ Մերին մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց ոչ մի օր իր մասնագիտությամբ չի աշխատել։ Համալսարանն ավարտելուց հետո բախտը նրան տարավ ապահովագրական ոլորտ․ սկզբում աշխատում էր սպասարկման բաժնում, մինչև որ առաջարկ ստացավ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ից՝ աշխատանքի անցնելու որպես հաշվապահ։

«Ես մաթեմատիկական հաշվարկներ շատ եմ սիրում։ Բայց, եթե անկեղծ, հաշվապահությունն իմ երազանքը չի եղել, մտածում էի, որ բանկային ոլորտում կաշխատեմ, բայց կյանքն այդպես ստացվեց․․․ Ու ճիշտ ստացվեց։ Արդեն 7 տարի հաճույքով աշխատում եմ այս թիմում»,- ասում է նա։

Մերին փոփոխությունների սիրահար չէ, մարդկանցից բաժանվել չի սիրում, միջավայր հեշտությամբ չի փոխում, հատկապես երբ գտնում է իրեն այդ միջավայրում, ինչպես ՆԱԻՐԻ-ում է։

«Ինձ թվում է՝ հաշվապահությունը յուրաքանչյուր գրասենյակի չսիրված բաժիններից է մինչև աշխատավարձի օրը, այդ օրը շատ սիրելի է դառնում»,- կատակում է Մերին ու պատմում, որ աշխատանքի ընթացքում իր սկզբունքներից է մարդկանց հետ միշտ լավ հարաբերություններ ունենալը։ Կոնֆլիկտային չէ,  անգամ եթե վստահ է, որ ինքը ճիշտ է, բայց իր ճշմարտությունն առաջ տանելու ընթացքում դիմացինը նեղսրտելու է, նախընտրում է լռել։

Գործընկերները Մերիի մասին պատմելիս միանգամից շեշտում են նրա պատասխանատվությունն ու պարտաճանաչությունը։ Ասում են՝ Մերին կարող է օրական 300 հեռախոսազանգի պատասխանել։

Ապահովագրական ոլորտը ոչ միայն Մերիին տվել է շատ ընկերներ, գիտելիքներ, նոր հնարավորություններ, այլև նոր հետաքրքրություններ, օրինակ՝ մեքենաների նպատմամբ։ Դա սկսեց դեռ սպասարկման բաժնում աշխատելիս, երբ սովորել էր բոլոր մակնիշները և այլն։ Մեքենա վարել սկսեց ՆԱԻՐԻ-ում, կյանքի առաջին վթարն էլ գրանցեց անգամ գրասենյակի անմիջապես առջև։

«Երրորդ օրն էի մեքենա վարում, վստահելով կայանատեղիի աշխատակցին՝ փորձում էի կայանած տեղից շարժվել։ Ասաց՝ «արի, արի»․․․ Նա դեռ շարունակում էր ասել «արի», բայց ես այլևս չէի կարողանում գնալ, որովհետև արդեն հարվածել է կայանված մեկ այլ մեքենայի»,- ծիծաղելով պատմում  է Մերին ու հիշում, որ օգնության հասած գործընկերներից մեկն ասաց՝ «Մերի ջան, капот-ը մի հատ բացիր»․

«Շատ ծիծաղելի էր․ լուրջ դեմքով նայեցի, ասացի՝ «Իրո՞ք կարծում ես, որ ես գիտեմ, թե капот-ն ինչպես է բացվում»։

Իհարկե դեպքից տարիներ անց Մերին արդեն փորձառու և լավ վարորդ է։ Առաջին վթարը զավեշտալի դաս էր նրա համար, հատկապես երբ ստիպված էր իր իսկ ձեռքով իր ստեղծած վթարի պատճառով փոխհատուցման գումարը փոխանցել մյուս ավտոմեքենայի վարորդին, քանի որ Մերին է պատասխանատու ընկերությունում ապահովագրական հատուցումների փոխանցումների համար։

Մերին խոստովանում է, որ իր երազանքների մեծ մասն իրականացրել է, ունի այնպիսի աշխատանք, ինչպիսին միշտ ցանկացել է, շատ ընկերներ, հարազատներն առողջ են։ Հիմա կցանկանար իրականանար այն երազանքը, որն իրականում բոլոր աղջիկների սրտում կա՝ սեփական ընտանիք կազմել։ Ասում է՝ չի շտապում, բայց արդեն սրտում և մտքում տեղ է հատկացրել սիրելուն։ Արդեն որոշել է, որ իր հարսանիքը շատ մեծ է լինելու, որովհետև հրավիրելու է բոլոր նրանց, ում հարսանիքներին ինքն այս տարիների ընթացքում մասնակցել է: