10 տարիների ընթացքում այս ընկերությանը հաջողվեց իր տեղը զբաղեցնել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական, այլև միջազգային շուկայում։ Ավելին, ընկերության պրոֆեսիոնալ թիմին, որն այս տարիների ընթացքում ապրում է ստաբիլ աճ, վստահվեցին պետական համակարգի կարևոր, ռազմավարական նախագծերը։ «Մեր գործընկերները» շարքի հերթական պատմությունը IUNETWORKS ընկերության մասին է։

«ԱյՅուՆեթվորքս»-ը հայկական ընկերություն է, որը ստեղծվել է առանց արտասահմանյան կապիտալի ներդրման։ Այսօր ընկերությունում հպարտությամբ են նշում, որ իրենց են վստահվել ոչ միայն մասնավոր նախագծեր, այլև պետական համակարգում ստրատեգիական նշանակություն ունեցող մի շարք լուծումներ։ Օրինակ՝  Հայաստանի բոլոր հարկատուներն օգտվում են «Հարկատու 3» ծրագրից, որը ստեղծվել է «ԱյՅուՆեթվորքս»-ում։ Կրկնակի հպարտանալու առիթ է, որ մրցույթների արդյունքում ընկերությանը վստահել են նաև միջագային պետական ծրագրերի իրականացումը։

Ընկերության ամենամեծ ձեռքբերումն իր աշխատակիցներն են, ամենակարևոր արժեքը․ այս նախադասությամբ են ԱյՅուՆեթվորքս ընկերության HR պատասխանատուները դիմավորում իրենց թիմին հենց նոր միացած կամ միանալ ցանկացող յուրաքանչյուր աշխատակցի։

Խոսելով «Խրախուսման փաթեթի» մասին՝ առաջնահերթ նշում են կրթության, զարգացման, մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերին աշխատակիցների ներգրավումը, ինչպես նաև նրանց մասնագիտական կարիքների համար համապատասխան գրադարանի ձեռքբերումը։ «ԱյՅուՆեթվորքս»-ում հպարտանում են իրենց աշխատակիցների ձեռքբերումներով և ամեն կերպ աջակցում միջազգային սերտիֆիկացիոն  տարբեր ծրագրերին նրանց մասնակցությանը, խրախուսում հանձնել քննություն և ստանալ միջազգայինորեն ճանաչված հավաստագիր։ Եթե այդ ճանապարհին աշխատակցին որոշակի ուսուցում է պետք, ապա այստեղ էլ ընկերությունը նրա կողքին է։

«ԱյՅուՆեթվորքս»-ում շատ են նաև ուսանողները, որոնք աշխատանքին զուգահեռ նաև սովորում են։ Ոչ միայն նրանց, այլև ամբողջ թիմի համար այստեղ աշխատանքային ճկուն գրաֆիկ է։ Յուրաքանչյուր թիմ ունի աշխատանք և վերջնաժամկետ այն ավարտին հասցնելու համար,  հետևաբար աշխատանքային գրաֆիկն ամեն թիմ իր ներսում է կարգավորում։

«Մենք առանձնահատուկ մոտեցում ունենք կրտսեր՝ Junior մասնագետների հանդեպ՝ սկսնակ, թե ուսանող։ Եթե նա ունի բազային գիտելիքներ ծրագրավորման ոլորտում, սիրով ընդունում ենք, հնարավորություն տալիս զարգանալու, սովորելու:»,- նշում է Սոֆյան և հպարտությամբ հավելում, որ այս տարիների ընթացքում ընկերությունն ունեցել է հաջողությունների պատմություններ, երբ կրտսեր մասնագետի պաշտոնով կամ նույնիսկ պրակտիկանտի կարգավիճակով ընդունվածներն այսօր թիմի ղեկավարներ են։

Այս տարի ընկերությունը նշեց հիմնադրման 10-ամյակը, ինչին թիմին երկար և շատ լրջորեն էր նախապատրաստվել։ Ոչ միայն հատուկ հուշամեդալներ և նվերներ էին պատրաստվել այն աշխատակիցների համար, որոնք հիմնադրման առաջին օրվանից ընկերության հետ են, այլև հատուկ երաժշտական խմբեր էին ձևավորվել՝ IU բենդեր, լավագույններին հանձնվեցին IU Գրեմմի մրցանակներ, մի խոսքով, արվել էր ամեն ինչ այդ օրը հիշարժան դարձնելու և ծրագրավորողների թաքնված տաղանդները բացահայտելու համար։

Որպեսզի թիմն ավելի ամուր և միասնական լինի, պարբերաբար կազմակերպվում են նաև հետաքրքիր թիմ բիլդինգներ՝ թիմային հավաքներ, որոնց արդյունքում հաճախ նաև բարի գործեր են ծնվում։ Օրինակ, դրանցից մեկի համար գնվել էին հեծանիվներ․հավաքի ժամանակ անցկացված մրցույթներից մեկում հաղթում էր այն մասնակիցը, որն այդ հեծանիվներն ամենաարագը կհավաքի։ Արդյունքում հավաքված բոլոր հեծանիվները նվիրվեցին մանկատներից մեկի երեխաներին։ Առհասարակ, «ԱյՅուՆեթվորքս»-ում բարի գործերը շատ են կարևորում և տարվա ընթացքում մի քանի անգամ առիթն օգտագործում օգնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Աշխատանքն իր տեղն ունի, բայց հանգիստն էլ պետք է աշխատանքի արդյունավետության համար։ Հետևաբար «ԱյՅուՆեթվորքս»-ում սրա մասին էլ են մտածել։ Զեղչի կտրոններ ժամանցի տարբեր կենտրոնների, հանգստյան տների, խանութների համար։ Հատուկ վերաբերմունք կա սպորտի հանդեպ։

Այս բոլորից հետո Սոֆյան և Նինան նշում են, որ, այնուամենայնիվ, «Խրախուսման փաթեթի» ամենակարևոր բաղադրիչը համարում են աշխատակիցների առողջության ապահովագրությունը։

«Դա չի կարող չլինել, ապահովագրությունն աշխատանքային պայմանագրի պես մի բան է մեր ընկերությունում, որովհետև առողջությունն ամենակարևորն է։ Մենք արդեն 6 տարի է՝ հոգ ենք տանում մեր աշխատակիցների առողջության մասին»,- ասում է Սոֆյան և հատուկ շեշտում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ուշադիր և հոգատար վերաբերմունքն աշխատակիցների հանդեպ, առանձնահատուկ խոսում են բժշկուհի Վերոնիկայի մասին, որը միշտ պատրաստակամ է խորհուրդ տալ, բացատրել, ուղղորդել, օգնել։ Սոֆյան և Նինան ընդգծում են, որ իրենց ձեռքբերած առողջության ապահովագրության փաթեթի շրջանակներում հնարավորություն են տալիս նաև աշխատակիցների ընտանիքի անդամներին ապահովագրվել։ Այսպիսով, իրենք իրենց հերթին նպաստում են մեր երկրում առողջության ապահովագրության մշակույթի տարածմանը։

Այսպիսով, «ԱյՅուՆեթվորքս»-ը տալիս է բոլոր հնարավորություններն ու ստեղծում համապատասխան աշխատանքային պայմաններ ինքնարտահայտվելու, զարգանալու, կատարելագործվելու համար, մնացածն արդեն աշխատակիցների ձեռքում է։ Այստեղ միշտ սպասում են նրանց, ովքեր խանդավառված են, սիրում են աշխատել, ունեն ծրագրավորողի ներուժ, պատրաստ են սովորել և այս մեծ ընտանիքի մասը դառնալ։