Սկսել ամենաներքևից ու աշխատասիրության, ձգտման, սովորելու, կատարելագործվելու շնորհիվ բարձրանալ աշխատանքի աստիճաններով։ Սա է ղեկավար դառնալու ու լավ ղեկավար լինելու լավագույն ճանապարհը։ «Մեր թիմը» շարքի այս պատմությունը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանի մասին է։

«Ես ոչ թե զրոյից եմ սկսել, այլ դրանից էլ ներքևից․ես եղել եմ Ֆինանսների նախարարության ամենալավ թուղթ ցրողը։ Շատերն են այդտեղից կամ դրանից էլ ցածր աշխատանքից սկսել, բայց այսօր կամաչեն դա խոստովանել։ Ես չեմ ամաչում, ես իմ կյանքում կատարած ոչ մի աշխատանքից չեմ ամաչում։ Ես աշխատել եմ, շատ եմ աշխատել ու իմ քրտինքով եմ հասել այն ամենին, ինչն այսօր ունեմ»,- ասում է Ստեփան Մինասյանն ու շարունակում, որ իր կյանքի փորձն օգնում է իր լավ ղեկավար լինել, հասկանալ իր աշխատողներին, ոչ թե պարզապես պահանջել, այլ ստեղծել աշխատողի համար հնարավորություններ, տալ գիտելիք, միջոցներ, միայն դրանից հետո պահանջել։

«Երբ ինչ-որ աշխատակցի հետ խնդիր է լինում, մի պահ աչքերս փակում եմ, մտովի հետ գնում ու հիշում ինձ շատ տարիներ առաջ, երբ ես իր տեղում էի»,- ասում է նա ու շարունակում, թե ինչպես է վերաբերվում նոր աշխատակիցներին՝ միշտ փորձում է սովորեցնել նրանց, բացատրել, օգնել, ամենակարևորը՝ չկոտրել։

«Երբ նոր էի սկսում աշխատանքս, երազում էի, որ մեկն ինձ մի բան սովորեցներ։ Այն ժամանակ տարիքով աշխատողներիաց շատերը երիտասարդներին փորձում էին ոչինչ չսովորեցնել, որովհետև նրանց մեջ իրենց մրցակից, պոտենցիալ փոխարինող էին տեսնում։ Դրա համար երիտասարդներին փորձում եմ օգնել, ճանապարհ ցույց տալ, որ հանկարծ չհիասթափվեն, չկոտրվեն, որովհետև դրանից հետո ոտքի կանգնելը շատ դժվար է։ Չեմ զլանա՝ յուրաքանչյուր աշխատողի հետ կնստեմ, կքրքրեմ, կաշխատենք, կխորհրդակցենք»։

Նա վստահ է՝ հաջողության ու բարձունքի հասնելու համար քրտնաջան աշխատանք է պետք։

«Եթե ես հիմա միջնորդեմ, տղաս գնա, մի լավ տեղում բարձր պաշտոն ստանա, աշխատի, իրենից բան դուրս չի գա։ Ես կարծում եմ, որ պետք է սխալվես, պետք է ճակատով պատին խփեց, ցավեցնես ճակատդ, որ հասկանաս՝ դա պատ էր, ինչպես կարող ես պատն անցնել», – ասում է Ստեփանն ու հիշողությամբ հետ գնում դեպի անցյալ՝ 90-ականներ՝ մութ ու ցուրտ Երևան, պարապմունքներ մոմի լույսի տակ, հացի հերթ․․․

«94-ին ընդունվեցի ինստիտուտ, 95-ին վերջապես լույսը տվեցին, ինստիտուտն ավարտեցի, գնացի բանակ, զորացրվեցի լեյտենանտի կոչումով։ Իմ ծառայության տարիներին դեռ կրակոցներ կային, գրադ կայանքի հրամանատար եմ եղել․․․»,- պատմում է Ստեփանն ու հիշում մասնագիտության ընտրությունը։ Այն տարիներին ընտրում էիր այնպիսի մասնագիտություն, որն առաջին հերթին ոչ թե հոգեհարազատ էր, այլ որով հնարավոր էր գումար աշխատել։ Այդպես ուսուցիչ ծնողների որդին ընտրեց «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունը։

«Դե լավ հաշվապահը միշտ գործ կունենա, այն ժամանակ դրանով էի առաջնորդվում։ Բայց ոչ մի օր չաշխատեցի, չեմ էլ պատկերացնում ինձ ամբողջ օրը նստած։ Էությամբ այդպիսին չեմ»։

2001 թ․-ին ընդունվեց ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես ուսնակ։ Հետո աշխատանքի անցավ նախարարության վերահսկողության ծառայությունում, որոշ ժամանակ անց նրան առաջարկեցին տեղափոխվել ապահովագրական տեսչություն։

«Բնականաբար, իմ առաջին հարցն էր՝ «Իսկ ի՞նչ է ապահովագրությունը։ Այդ ժամանակ ամեն շքամուտքում տեղակայված էր մի խաբող, մոլորեցնող ապահովագրական ընկերություն, այդ ժամանակ դրանք թվով 37-ն էին»։

Մի քանի տարի անց Ստեփանը որոշեց պետական աշխատանքից տեղափոխվել մասնավոր ապահովագրական ոլորտ։ 2006թ․-ին ապահովագրական ոլորտը տեղափոխվեց Կենտրոնական Բանկի վերահսկողության ներքո։ Ստեփանը մասնակցեց բանկի հայտարարած մրցույթին և ընդունվեց աշխատանքի ԿԲ-ի վերահսկողության բաժնում։  Մի քանի տարի անց, Ստեփանը կրկին վերադարձավ մասնավոր ոլորտ, 2015թ․-ից էլ հրավիրվեց ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ՝ որպես գործադիր տնօրենի տեղակալ։ Հպարտությամբ փաստում է՝ ՆԱԻՐԻՆ այսօր կայուն շուկայի եռյակում է։

«ՆԱԻՐԻ-ում շատ լավ թիմ կա։ Բոլոր ընկերությունների նման ունի իր առավելություններն ու թերությունները, բայց, միանշանակ, այս թիմում հաղթում են առավելությունները»,- ասում է նա։

Ստեփանը վստահ է՝ ապահովագրությունն ամենադժվար ոլորտներից է, որովհետև վաճառում ենք ոչ  թե ապրանք, այլ խոստում, որի հիմքում Ա4 ֆորմատի թուղթն է։ Հետևաբար, այս ոլորտում շատ կարևոր են անձնային գործոնները․

«Այս ոլորտում հաղթում են նրանք, որոնք կարողանում են իրենց հանդեպ վստահություն ներշնչել, որոնց հանրությունը հավատում է։ Ամենադժվարը դա է, եթե մեր ոլորտում մի քանի անգամ խաբեցիր, ապագադ կարճ է լինելու։ Այստեղ պետք է հնարավորության առավելագույն չափով ազնիվ լինել և մտածել մարդկանց մասին։ Դու պարտավոր ես դա անել»,- ասում նա։

Խոստովանում է, որ ապահովագրությունն այնքան հարազատ ու սիրելի է գործ է, որ ոլորտից հեռանալ ոչ մի անգամ չի կարողացել, որքան էլ փորձել է։

«Ապահովագրությունը հիվանդություն է, այն էլ վիրուսային ու քրոնիկ։ Եթե դու հիվանդանում ես այս հիվանդությամբ, բուժում չկա։ Ես երջանիկ մարդ եմ, որովհետև իսկապես սիրում եմ աշխատանքս»։

Ո՞րն է ձեր կյանքի երեք ամենակարևոր իրադարձությունները․ այս հարցին Ստեփանն առանց երկար-բարակ մտածելու միանգամից պատասխանում է՝ առաջին տեղում ամուսնությունն է, և բացատրում է իր պատասխանը․

«Այն ժամանակ շատ դժվար տարիներ էին, 2003թ․-ին եմ ամուսնացել։ Երբեմն կատակելով ասում եմ՝ ինքս ինձ հետ չէի ամուսնանա (ծիծաղում է)։ Բայց ես ու կինս մեջք-մեջքի տված, իրար լրացնելով՝ գնում ենք առաջ»։

Կյանքի երկրորդ ամենակարևոր իրադարձությունը երեխաների ծնունդն է, որը նաև մարդուն է փոխում՝ ավելի պատասխանատու ու պահանջկոտ դարձնում։

Իսկ երրորդ ամենակարևոր իրադարձությունը նոր պետք է լինի․ արդեն 8 տարի է՝ Ստեփանը տուն է կառուցում, եկող տարի տունն արդեն ավարտված կլինի՝ այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում՝ երազանքների տունը․․․