Աշնան ամիսներին գրիպը, հարբուխն ու մրսածություն շատ տարածված են դառնում։ Փոփոխական եղանակն ու ջերմաստիճանի կտրուկ, երբեմն անսպասելի տատանումները մրսելու և հիվանդանալու պատճառ են դառնում։ Շատերը նույնիսկ թեթև մրսածության ու հարբուխի առաջին իսկ ախտանշանները նկատելիս շտապում են դեղատուն՝ տարբեր հայտնի ու անհայտ դեղամիջոցների, հակաբիոտիկների հետևից։ Մինչդեռ հիվանդությունը կարելի է ոչ միայն կանխարգելել, այլև բուժել ոչ թե տարատեսակ դեղահաբերով, այլ բնական միջոցներով, որոնց յուրաքանչյուրիս տանը կան։

  • Իմունիտետ

Նախ պետք է հոգալ չհիվանդանալու մասին։ Այդ նպատակով առաջին կարևոր քայլն իմունիտետն ամրացնելն է։ Ձեր սննդակարգում ավելացրեք կոճապղպեղ (իմբիր), մասուր, ցիտրուսային մրգեր՝ նարինջ, կիտրոն, գունավոր բանջարեղեն՝ բազմագույն պղպեղներ, գազար, դդում, ընկուզեղեն, մեղր, դարչին, կաթնամթերք, հատապտուղ, չորամրգեր՝ հատկապես սև սալոր, չամիչ և ծովամթերք։ Ամուր իմունիտետ ունենալու համար կարևոր են նաև սթրեսներից ձերբազատվելն ու առողջ քունը․ հասուն մարդն օրական պետք է քնի միջինը 8 ժամ։ Դա բավարար ժամանակ է օրգանիզմը հանգստացնելու համար։

  • Հեղուկ

Որքան հնարավոր է շատ հեղուկներ օգտագործեք։ Սա կարևոր է նաև դիմադրողական համակարգն ամրապնդելու համար։ Մրսածության, հարբուխի դեպքում ևս առաջին բանը, որ պիտի անեք, տարբեր տեսակի հեղուկների ընդունումն է՝ թեյ, հյութ, արգանակ, սովորական ջուր։  Հեղուկը կօգնի հիվանդությունն օրգանիզմից դուրս մղել։

  • Գոլորշի

Ինհալացիաները փորձված ու շատ արդյունավետ միջոց են։ Դրանք օգնում են ազատվել քթի խոռոչում կուտակված լորձից։ Կարող եք խոր կաթսայում լցնել տաք ջուր կամ երիցուկով թուրմ, գլուխը ծածկել սրբիչով, մոտեցնել կաթսային և 5-10 րոպե շնչել այդ տաք օդը։ Սա օգնում է նաև կոկորդի ցավի դեպքում։ Շատ տնային տնտեսուհիներ ինհալացիայի հետաքրքիր միջոց են կիրառում՝ կարտոֆիլ են խաշում, երբ ջուրը սկսում է եռալ, առաջարկում են սրբիչով ծածկել գլուխը, մոտենալ կաթսային և ներշնչել։

  • Աղաջուր

Մրսածությունը հաճախ ուղեկցվում է կոկորդի ցավով։ Այս պարզ խառնուրդով անհրաժեշտ օրվա ընթացքում մի քանի անգամ ողողել կոկորդի ու  բերանի խոռոչը։ Դա կօգնի ազատվել ցավից և կոկորդի բորբոքումից։ Ինչպես նաև խորհուրդ է տրվում օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան լվանալ քիթը, ընդ որում այնպես, որ աղաջուրը լցվի քթի մեջ։

  • Սոխ և սխտոր

սրանք հայտնի հակաօքսիդանտներ են, այնպես որ թե հիվանդությունը, թե վարակի տարածումը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում դրանք հաճախ օգտագործել։ Կարող եք ոչ միայն ուտել, այլև, օրինակ, սոխը կտրել, դնել սենյակում կամ ափսեի մեջ լցնել օղի, սխտոր ճզմել և այդպես դնել տան անկյունում։

  • Դյուրամարս սնունդ

Եվ վերջապես, հիվանդության դեպքում օգտագործեք դյուրամարս սնունդ։ Օրգանիզմը էներգիա է ծախսում սնունդը մարսելու համար, որքան թեթև լինի այն, այնքան ուժեր կմնան հիվանդությունը հաղթահարելու համար։ Արգանակ, խաշած միս, ձուկ, հում բանջարեղեն․ սրանք միևնույն ժամանակ և վիտամինների աղբյուր կդառնան, և չեն ծանրաբեռնի օրգանիզմը։

Առողջ եղեք ։)