Ավտոարշավում կանայք շատ չեն։ Ավանդաբար, սա ոչ կանացի գործ է համարվում։ Բայց արի ու տես, որ ավտոարշավների և էքստրիմի սիրահարներ մեր երկրում էլ կան։ Արտաքուստ փխրուն աղջիկը կարող է ոչ միայն ավտոմեքենաների սիրահար ու գիտակ լինել, այլև ավտոարշավների լիցենզավորված մրցավար։ «Մեր թիմը» շարքի հերթական պատմությունը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Մարիետա Մկրտչյանի մասին է։

«Անգամ երազում հաճախ ավտոմեքենա եմ վարում»․ իր՝ ավտոմեքենաների հանդեպ սիրո մասին պատմությունը սկսում է Մարիետան և ասում է, որ առաջին անգամ ավտոմեքենայի ղեկին նստեց 10 տարեկանում։ Այդ պահին ծնվեց ավտոմեքենաների հանդեպ նրա մեծ սերը։

«Շատ հաճելի հիշողություններ են, քույրիկիս հետ մեքենայում խաղում էինք, բնականաբար, ես վարորդի տեղը ոչ մեկին չէի զիջում։ Հայրս հեռվում կանգնած մեզ էր նայում։ Մոտեցավ, քույրիկիս տեղափոխեց հետևի նստատեղերի վրա, ինքը նստեղ կողքից և ասաց՝ դե քշիր»,- պատմում է Մարիետան ու հիշում՝  ինքն այնքան փոքր էր, որ ոտքերն արգելակներին չէին էլ հասնում։ Հայրը ցուցումներ էր տալիս, թե ինչպես վարել, ինչ անել։ Հետ նայելով կյանքի առաջին ավտովարման փորձին՝ Մարիետան հպարտությամբ ասում է, որ ամեն ինչ շատ լավ ստացվեց՝ ոչ միայն ղեկն ուղիղ պահելը, այլև շրջադարձ անել և նույնիսկ արագ վարել։

«Հայրս ինձ միշտ բացատրում էր, սովորեցնում ճանապարհային նշանները, ավտոմեքենաների մակնիշները»,- այսպես Մարիետան մեծացել է ավտոմեքենաներով շրջապատված, կապ չունի, որ խաղալիք, այլ ոչ թե իսկական․ դրանք էլ բավական էին Մարիետայի սրտում «կրակը վառելու համար»։

«Բայց ինձ չէին թողնում մեքենա վարել, ամբողջ օրը լացում էի, խնդրում էի մեքենա տալ, հաճախ «փախցնում էի» բարեկամների, հարևանների մեքենաները։ Հենց որ տեսնում էի մեքենայում, որի մեջ մարդ չկա, բայց փոխարենը բանալի կա, միանգամից գործի էի անցնում»,- իր մանկության չարաճճի պատմությունները հիշում է նա։ Ուրախությամբ, հպարտությամբ և Աստծուն շնորհակալությամբ Մարիետան նշում է, որ չնայած իր չարաճճի արարքներին, բայց այս բոլոր տարիների ընթացքւոմ երբեք և ոչ մի անգամ վթարի չի ենթարկվել։

Տարիներ շարունակ խնամքով տարբեր չափերի, գույների ու մակնիշների երկաթե ավտոմեքենաներ է հավաքել, հիմա իսկական կոլեկցիոներ է։ Միշտ երազել է ունենալ իր կոլեկցիայից ամենասիրելի մեքենան՝ վարդագույն BMW E30 «խուլիգանկա»։ Դպրոցն ավարտելուն պես Մարիետան անցավ երազանքի իրագործմանը։

«16 տարեկանից սովորելուն զուգահեռ աշխատել եմ՝ որպես վաճառող-խորհրդատու, գանձապահ։ Աշխատում էի և կուտակում գումար մինչև 19 տարեկանում գնեցի իմ առաջին ավտոմեքենան՝ «խուլիգանկա» սպիտակ BMW E30»,- փայլող աչքերով իր կյանքի այս հուզիչ պատմությունը վերհիշում է Մարիետան։ Ասում է, որ իր մեքենան միակն էր Հայաստանում և որևէ մեկը դրա կողքով անտարբեր չէր անցնում, անպայման կանգ էր առնում, լուսանկարվում։ Ցավոք, հանգամանքների բերումով Մարիետան չկարողացավ ավտոմեքենան կատարելագործել, հզորացնել և մրցարշավային մեքենա դարձնել։ Ի դեպ, մրցարշավների նկատմամբ Մարիետայի հետաքրքրությունն էլ մի ուրիշ պատմություն է։ Հարևանությամբ բնակություն հաստատեց ԱՄՆ-ից տեղափոխված հայ ընտանիք։ Ընտանիքի հայրն ու երկու որդիներն զբաղվում էին ավտոսպորտով, կազմակերպվում ավտոարշավներ։ Այդպես Մարիետան ծանոթացավ այդ նոր, հետաքրքիր աշխարհի հետ։

«Ընտանիքս ինձ թույլ չէր տալիս ավտոարշավների գնալ, ասում էին՝ աղջկա տեղ չէ, բայց ես այնքան շատ էի ուզում, որ նույնիսկ փախչում էի, բոլորից գաղտնի գնում»,- հետո նա ծանոթացավ STR (Armenian Racers Clab) ակումբի անդամների հետ, սկսեց իր առաջին քայլերն անել այս ոլորտում, հետո նաև Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիան ավելացավ Մարիետայի ծանոթությունների շրջանակին, ու կյանքը փոխվեց։

«Ես իմ օրինակով ապացուցում էի, որ կարելի է լինել այս ոլորտում, հետաքրքրվել մեքենաներով, այդ ընթացքում շարունակել մնալ կանացի։ Դրանք իմ կյանքի ամենահետաքրքիր, գունեղ, խելահեղ տարիներն էին։ Շրջել ենք ամբողջ հանրապետությունում, մասնակցել տարբեր մրցումների Հայաստանում և արտերկրում»,- պատմում է Մարիետան ու անկեղծանում, որ այս ամբողջ անհավանական պատմության մեջ իր տարիների երազանքն այդպես էլ չկատարվեց՝ ինքն ավտոարշավորդ չդարձավ, փոխարենը դարձավ լիցենզավորված մրցավար՝ իրավունք ստանալով կազմակերպել մրցարշավներ Հայաստանի տարածքում։

Մարիետան ցավով նշում է, որ Հայաստանում ավտոսպորտը մասնագիտություն չէ, այլ նախասիրություն, հոբի, որով զբաղվելու համար ստիպված ես շատ այլ գործեր անել, գումար աշխատել, որպեսզի ծախսես ավտոմեքենայիդ համար։ Նաև ասում է, որ «մարդկանց կոտրող» կարծրատիպերն են շատ։ Խոսքը «կանայք ավտոսպորտում» խտրականության մասին է։ Խոստովանում է, որ ինքը ստիպված էր շատ պայքարել, մեծ ջանքեր ներդնել՝ իր կյանքում այդ կարծրատիպերը հաղթահարելու համար։

«Դժվար է, երբ նույնիսկ սեփական ընտանիքդ քեզ չի հասկանում։ Բայց հիմա ամեն ինչ ուրիշ է։ Մայրիկս հպարտանում է ինձնով»,- անկեղծանում է Մարիետան և հավելում, որ իր «խուլիգանկան» փոխարինել է փոքրիկ մեքենայով, բայց, միևնույն է, ներսում քնած հրաբուխը պարբերաբար արթնանում է։

Այժմ Մարիետան աշխատում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում։ Խոստովանում է, որ շատ է սիրում իր աշխատանքը, հատկապես այն, որ ապահովագրությունը ավտոմեքենաների հետ կապ ունի։ Իր խոսքով՝ խենթանում է բեռների ապահովագրության համար, որովհետև իր երազանքներից մեկը հսկա բեռնատար (фур) վարելն է եղել։

Իր մեծ սերը՝ ավտոմեքենան, պատճառ դարձավ, որպեսզի Մարիետան հանդիպի իր կյանքի ամենամեծ ու ամենաիրական սիրուն՝ Վազգենին։ Նա ևս ավտոսպորտով է զբաղվում, ՌԴ-ում լուրջ հաջողությունների է հասել, հիմա եկել է հայրենիքում հաջողությունները շարունակելու։

«Տատիկս միշտ ասում էր՝ ամուսինդ պետք է ավտոարշավորդ լինի, որ իրար հասկանաք, թե չէ տունը կմնաս, այդպես էլ եղավ»,- կատակում է Մարիետան։

Պատմում է՝ թեպետ իրար որպես ավտոսիրողներ վաղուց գիտեին, բայց իրենց միջև «ոչինչ չկար»։ Օրերից մի օր Մարիետայի մեքենան ճանապարհին խափանվեց․ օգնության հասան ընկերները, նրանց հետ էր նաև Վազգենը։ Այդպես սկսվեց այս ռոմանտիկ պատմությունը։

«Արդեն ընկեր-ընկերուհի էինք, բայց պաշտոնական ոչինչ չկար, այս տարի «Մերսեդես» ակումբի տարեդարձին գնացինք երկուսով։ Արդեն տորթ կտրելու արարողությունն էր, հաղորդավարն ասում է՝ «հիմա հրավիրում ենք դրիֆթի չեմպիոն Վազգեն Հախվերդյանին, նրա կյանքում շատ կարևոր պահ է, ինքը կյանքում էլ է պատրաստվում դրիֆթ անել։ Վազգենը եկավ, միկրոֆոնը ձեռքը վերցրեց ու ասաց, որ սիրում է ինձ, հետո մատանին պարզեց։  Բոլորը նկարում էին, ծափ էին տալիս, սպասում էի, որ ծնկի կգա, բայց չեկավ (ծիծաղում է)․․․ Բայց ընդունեցի մատանին»։

Այդ օրը Մարիետայի և Վազգենի հարաբերություններն օրինականացվեցին։ Խոստովանում է՝ իր տղամարդուն է հանդիպել։

«Իմ բոլոր երազանքները կատարված են ու շարունակում են կատարվել։ Աչքերս փակեմ ու ինչ-որ բան պատկերացնեմ, լինում է։ Երևի շատ ի սրտե եմ երազում։ Բնականաբար հեշտ ու արագ չի ստացվում, բայց լինում է»,- ասում է Մարիետան և շնորհակալություն հայտնում շրջապատի բոլոր անշահախնդիր ու բարի մարդկանց, որոնք ամեն կերպ օգնել են ու շարունակում են օգնել իրեն։

Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին և մրցարշավներին՝ Մարիետան կարծում է, որ սկսելու համար երբեք էլ ուշ չէ, մի օր վերադառնալու է իր երազած վարդագույն «խուլիգանկայով»։