Հայաստանում արդեն ընտրված է համընդհանուր բուժապահովագրման մոդելը։ Հայաստանի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ առաջիկայում այդ մոդելը կշարադրվի օրինագծում և հանրային քննարկումների կդրվի e-draft.am կայքում։

«Մանրամասն քննարկվել են բոլոր հնարավոր հիվանդությունները և առողջության համար ռիսկերը, գնահատվել է ախտորոշման և բուժման արժեքը։ Հիմա մենք քննարկում ենք, թե բյուջեից որքան գումար կարելի է տրամադրել ապահովագրական պոլիսին և որքան են տրամադրելու գործատուները։ Դրանից կախված կլինի, թե մենք ինչպիսի ծառայություններ կներառենք բազային փաթեթի մեջ», – ասաց նա։

Բազային, պարտադիր ապահովագրությունից բացի կտրամադրվեն նաև կամավոր փաթեթներ։

Սոցփաթեթի շրջանակում պարտադիր բժշկական ապահովագրությունն արդեն գործում է պետական հատվածի աշխատողների համար, ընդ որում, նրանք կարող են ընտրել հիվանդանոցը։ Նման ընտրության ազատություն կստանան նաև մասնավոր հատվածում ծրագրի մասնակիցները։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ առողջապահության վրա պետական ծախսերը պետք է զգալիորեն բարձրացնել։ Հիմա Հայաստանում դրանք կազմում են ՀՆԱ 1,4 տոկոսը։ Դա ավելի քիչ է, քան միջինում եվրոպական զարգացած երկրներում (10 տոկոս) և տարածաշրջանի երկրներում (5-6 տոկոս)։

«2020թ.–ին առողջապահության բյուջեն կմեծանա, բայց չեմ կարող ասել, թե որքան, մենք ավարտում ենք մեր հայտի քննարկումները», – հավելեց փոխնախարարը։

Նշենք, որ պետական ծառայողներից բացի առողջապահության պետական ծրագրում ներառված են մինչև 18 տարեկան երեխաները։ Կառավարության որոշման համաձայն, նրանց համար բուժսպասարկումն անվճար կլինի։

Նույն որոշմամբ ընդլայնվել է սրտի վիրահատությունների պետպատվերը։ Դրանք անվճար են անցկացնելու 1–ին և 2–րդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև զինծառայողների ընտանիքների անդամների համար։

Թեմային անդրադարձել է Sputnik Armenia-ն։