Յուրաքանչյուր ընկերության հաջողությունն աշխատակիցների ձեռքում է։ Իսկ աշխատանքի արդյունավետության համար էլ կարևոր է, որպեսզի աշխատակիցներն իսկական թիմ կազմեն, ընկերության ընտանիքի անդամ դառնան։ Հոկտեմբերի 12-ին՝ շաբաթ օրը, ՆԱԻՐԻ թիմը կրկին միասին էր, բայց այս անգամ ոչ թե աշխատավայրում, այլ՝ քաղաքից դուրս։ Նպատակը հանգստանալն էր, էներգիայով վերալիցքավորվելը, խաղալը, զվարճանալը, մտերմանալն ու ամենակարևորը՝ պարզել, թե ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ղեկավարներից ով է անգերազանցելի խոհանոցում՝ այս դեպքում, «դաշտային խոհանոցում»։

ՆԱԻՐԻ թիմը գիտի ոչ միայն աշխատել, այլև հանգստանալ։ Շաբաթ առավոտյան մեր թիմը կազմ ու պատրաստ մեկնեց Աղվերան։ Աշխատանքն իր տեղն ունի, բայց հանգիստը կարևոր ու պարտադիր է արդյունավետ աշխատանքի համար։ Շաբաթ օրը մեր թիմի վերալիցքավորման օր հայտարարեցինք։ Ծրագրի առաջին կետում խաղերն էին։ Տարվա մեջ կան օրեր, երբ պետք է արթնացնել ներսում ապրող երեխային։ Շաբաթը հենց այդ օրն էր․ ընտրվել էին հետաքրքիր, ինտելեկտուալ, կրեատիվ թիմային խաղեր։

Խաղերին հաջորդեց յուրօրինակ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Հայաստանում անցկացվող NAIRI FOOD FEST-ը։ Սա խոհարարական իսկական մենամարտ էր, իսկ «դաշտային խոհանոցում էին» ոչ ավելի, ոչ պակաս ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ղեկավարները։ Հյութեղ բուրգերներ, ախորժալի հոթ-դոգեր, անուշաբույր խորոված, առողջարար աղցաններ․ ղեկավարներից յուրաքանչյուրը ցուցադրում էր իր խոհարարական կարողությունները, որոնք գնահատում էր ամենախստապահանջ ժյուրին՝ ՆԱԻՐԻԻ ամբողջ անձնակազմը։ Պարզվեց՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ղեկավարները տաղանդավոր խոհարարներ են։ Ժամերի ընթացքում բացահայտեցինք նրանց «համով» ընդունակությունները:

Մրցակցությունը շատ թեժ էր․․․ Ղեկավարներից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չխնայեց աշխատակիցների համար «ամենահամեղ ուտեստը» պատրաստելու հարցում։ Խոհարարական մենամարտին մասնակցում էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մարտիրոսյանը, Անձնական հայտերի գրանցման դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանը, գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանը, Պատահարների գրանցման և փորձաքննությունների վարչության պետ Հայկ Ծատուրյանը․ նրանց օգնում էին տարբեր բաժինների աշխատակիցներն ու ղեկավարները։ Բոլոր մասնակիցներն էլ պատրաստում էին եռանդով, ամենակարևորը սիրով, հոգատարությամբ։ Շատ համեղ ուտեստներն էին ստացվել, բայց  այս մենամարտում անգերազանցելի էին ընկերության գեղեցկուհի ղեկավարները․ հաղթանակը շնորհվեց Մանե Մարտիրոսյանին և Աղավնի Դիլանյանին։ Բայց, իհարկե, վերջնարդյունքում հաղթեցին առողջ գործընկերությունն ու ընկերությունը։