Գյուղացին, լսելով «գյուղատնտեսության ապահովագրություն» բառակապակացությունը, միանգամից պատկերացնում է, որ ապահովագրվելու է իր բերքը, մինչդեռ դա այդպես չէ։ Ի՞նչ է իրենից ներկայացնում գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը։

Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը։

Ծրագիրը հասանելի է ՀՀ վեց մարզում՝ 3 հնարավոր ռիսկերից՝ գարնանային ցրտահարում, կարկուտ և հրդեհ: Վերջին երկուսը դիտարկվում են որպես մեկ միասնական ռիսկ։ Կարկուտի և հրդեհի հետևանքով առաջացած վնասի ապահովագրությունը հասանելի կլինի Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Տավուշում, Կոտայքում, Վայոց ձորում, իսկ գարնանային ցրտահարման հետևանքով առաջացած վնասի ապահովագրությունը՝ Արարատի և Արմավիրի մարզերում։ Ընդ որում, կարկուտ և հրդեհ ռիսկից ապահովագրության դեպքում պետությունը հողօգտագործողի փոխարեն կվճարի ապահովագրավճարի 50 տոկոսը, գարնանային ցրտահարման ռիսկի դեպքում՝ 60 տոկոսը: Եթե հողօգտագործողը որոշում է միանգամից ապահովագրել իր հողատարածքը բոլոր ռիսկերից՝ ստանում է 10 տոկոս զեղչ։

Գյուղացին, լսելով «գյուղատնտեսության ապահովագրություն» բառակապակացությունը, միանգամից պատկերացնում է, որ ապահովագրվելու է իր բերքը, մինչդեռ դա այդպես չէ։

«Սա ծախսերի ապահովագրություն է, այլ ոչ թե բերքի։ Սանդղակ է սահմանված՝ կախված տարածքից, պտղատեսակից, ջանքերից, այսինքն՝ առավելագույն փոխհատուցվող գումարը լինելու է այդ սանդղակի սահմանում։ Եթե դու 10 միլիոն դրամ էլ կորցնես, որովհետև այդ քո 1հա-ից ակնկալում էիր այդքան շահույթ ստանալ, փոխհատուցվելու ես այդ սանդղակի չափով»,- նշում է Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ, ապահովագրության փորձագետ, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանը։

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանի կարծիքով՝ դա այնքան էլ այդպես չէ. սա զուտ ծախսերի ապահովագրություն չէ։ Նրա խոսքով՝ շահառուների հետ հանդիպումների արդյունքում   յուրաքանչյուր մշակաբույսի համար առաջարկված ապահովագրական ծածկույթները հաշվարկված են  1հա-ի համար կատարված «ամենաքիչ ծախս + 20-30 տոկոս ենթադրյալ շահույթից» մինչև «ամենաշատ ծախս+ 20-30 տոկոս ենթադրյալ շահույթ» բանաձևով։

Ծիրանի դեպքում ապահովագրական ծածկույթներն են 400 հազար, 600 հազար, 800 հազար, 1 մլն, 1 մլն 200 հազար դրամ, խաղողի դեպքում՝ 750 հազար, 900 հազար, 1մլն 200 հազար, 1մլն 500 հազար, 1մլն 800 հազար դրամ։ Հողօգտագործողն ազատ է ընտրել այս ծածկույթներից ցանկացածը։

Որպեսզի ծրագիրն առավել հասկանալի լինի, Հովակիմյանն օրինակ է նշում.

«Պատկերացրեք՝ 1 հա ծիրանի այգի է, որը գտնվում է 4-րդ ռիսկային գոտում: Այս գոտում ծիրանի՝ «կարկուտ և հրդեհ» ռիսկի համար ապահովագրավճարի 6,8 տոկոս սակագին է սահմանված, հողօգտագործողն ընտրել է 800 հազար դրամ ապահովագրական ծածկույթը: Այս դեպքում նա պետք է վճարի 54 հազար 400 դրամ, սակայն քանի որ այս ռիսկի դեպքում 50 տոկոսը վճարում է պետությունը, ստացվում է՝ հողօգտագործողը վճարում է 27 հազար 200 դրամ»:

Եթե կարկուտ լինի, և վնասվի բերքի 50 տոկոսը (800 հազար դրամի 50 տոկոսը 400 հազար դրամ է), այս գումարից նվազեցվում է ծածկույթի գումարի 10 տոկոսը՝ որպես չփոխհատուցվող գումար, և ստացվում է, որ հողօգտագործողը կստանա 320 հազար դրամ փոխհատուցում։

Եթե հողօգտագործողն ավելի բարձր ծածկույթ ընտրի, հաշվարկի նույն տրամաբանությամբ՝ ավելի շատ գումար կստանա։

«Իհարկե, լավագույն տարբերակն այն է, երբ դու հնարավորություն ունես ապահովագրել բերքը, բայց այս փուլում, երբ դեռ շատ խնդիրներ կան, դա հնարավոր չէ։ Նկատի ունենանք, որ  բերքի ապահովագրության դեպքում պայմանագրերի արժեքներն ավելի բարձր կլինեին»,- նշում է Հովակիմյանը։

Արտակ Մարտիրոսյանի խոսքով՝ Գյուղատնտեսական դաշինքի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղացին պատրաստ է իր ակնկալած շահույթի 10 տոկոսը վճարել՝ բերքի ապահովագրություն ունենալու համար։ Բայց որպես ոլորտի փորձագետ՝ նա համաձայն է՝ ծախսերի ապահովագրությունից սկսելն ամենաճիշտ ճանապարհն է։

Այդուհանդերձ, Մարտիրոսյանը նշում է, որ ծրագրում դեռ շատ բացեր կան։ Դաշինքն, օրինակ, արդեն տևական ժամանակ է՝ մշակել է գյուղատնտեսության ապահովագրության հետաքրքիր մոդել, որը հնարավորություն կտար մինչև 1,2 մլրդ դրամի խնայողություն ապահովել ծրագրի գործարկման առաջին 5 տարիների համար։ Սակայն առաջարկված մոդելով՝ ապահովագրությունը ոչ թե պետք է հանձնվեր մասնավոր ընկերություններին, այլ ստեղծվեր պետական ապահովագրական ընկերություն, որը գործընթացը կստանձներ առաջին երեք տարիներին, այդ ընթացքում կկուտակեր վիճակագրություն, կշտկեր ծրագիրը և նոր միայն կհանձներ մասնավոր հատվածին։

Արդեն ունենալով որոշակի վիճակագրություն, տվյալների շտեմարան, պատկերացնելով իրենց ռիսկերն ու ենթադրվող շահույթը՝ մասնավոր ապահովագրական ընկերությունները կսկսեին մրցակցել՝ հողօգտագործողին առաջարկելով այս պրոդուկտը։ Մոդելն ուղարկվել է պատասխանատու բոլոր մարմիններին, սակայն 1,2 միլիարդ դրամի խնայողություն խոստացող փաստաթուղթը դեռևս ոչ մի արձագանք չի ունեցել։

«Սա այնքան նուրբ ոլորտ է, որ եթե որևէ խնդիր լինի, հիասթափություն առաջանա, ծրագիրը կարող է ևս մի քանի տարով հետաձգվել։ Ճիշտ չի լինի, եթե շտապելու պատճառով սխալներ գործենք»,- ասում է փորձագետը։

Մարտիրոսյանի կարծիքով՝ գործարկված ապահովագրության ծրագիրը, որն, օրինակ, որևէ վիճակագրություն չունի, այս դեպքում «մութ անտառ է» ապահովագրական ընկերությունների համար: Միգուցե հենց սա է պատճառներից մեկը, որ հայաստանյան 6 ապահովագրական ընկերություններից միայն 3-ն են միացել ծրագրին։

Հավելենք, որ ներկա պահին ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունը չի միացել այս ծրագրին՝ նկատի ունենալով դեռևս առկա բացերը։

Թեմային անդրադարձել է Sputnik Արմենիան։