ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության բախտն իսկապես բերել է՝ մեկտեղելով ոչ միայն պրոֆեսիոնալ աշխատակիցների, այլև նվիրված ու լավ մարդկանց, որոնք միշտ պատրաստ են ամեն հարցում օգնել, ձեռք մեկնել, սովորեցնել, բացատրել։ ՆԱԻՐԻ թիմի այդ պրոֆեսիոնալ, նվիրված ու լավ մարդկանցից մեկն է Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Հասմիկ Պողոսյանը։ «Մեր թիմը» շարքի հերթական պատմությունը հենց նրա մասին է։

Հասմիկը ծնունդով Հայաստանի կարևորագույն դարպասներից մեկը համարվող արևոտ Մեղրիից է։ Քաղաքը լեռներով է շրջապատված, ու հենց այդ լեռներն են նաև 90-ականներին փրկել Մեղրին։

«Մինչև այսօր երբ ազդանշանի ձայն եմ լսում, մարմնովս սարսուռ է անցնում: Ես հիշում եմ, որ օդային տագնապների ժամանակ արդեն ամեն մեկս գիտեինք, թե ինչ պետք  է անեինք, ուր գնայինք, բայց հատկապես ծնողների համար ահավոր սթրես էր։ Մենք գնում էինք դպրոց, իրենք՝ աշխատանքի, հետո օդային տագնապ էին հնչեցնում, մեզ ինչ-որ տեղ էին տանում, ծնողներն էլ  ստիպված պետք է գտնեին  մեզ։ Օդային տագնապի ձայնը տանել չէի կարողանում․․․ Նմանվող ազդանշաններն էլ տհաճ զգացողություններ են մինչև այսօր առաջացնում»,- 90-ականները հիշելով՝ պատմում է Հասմիկն ու ավելացնում, որ երևի միայն պատերազմն այդքան մոտ զգալուց հետո մարդը հասկանում, որ այս կյանքում բացարձակ արժեքը խաղաղությունն է, դրանից թանկ ու կարևոր բան չկա։

«Երբ հարցնում են երազանքիս մասին, միշտ ասում եմ՝ թող աշխարհում խաղաղություն լինի»,- ասում է նա։

Չնայած փոքր տարիքում ապրած տհաճ զգացողություններին՝ Հասմիկն իր մանկության տարիները հիշում է ջերմությամբ ու սիրով։ Ասում է՝ մեծերը կարողացել են այդ տարիներին այնպես անել, որ երեխաների հոգեբանության վրա պատերազմն ու պայթող ռումբերի ձանը ծանր հետք չթողնեն։

«Փորձում եմ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գնալ Մեղրի․ կարոտում եմ ոչ միայն ծնողներիս, իմ տունը, այլև ամեն ինչ․․․ Ամեն քայլափոխի հիշողություններ ունեմ»։ Հասմիկը խոստովանում է, որ կցանկանար՝ երբ երեխաները մի քիչ մեծանային, ամռան ամիսները Մեղրիում անցկացնեին, զգային այն մանկությունը, որը Մեղրիում է։

«Դե Երևանն արդեն վաղուց իմ տունն է, բայց իմ մանկությունը Մեղրիում է»։ Իր ծննդավայրի մասին խոսելիս Հասմիկի աչքերը փայլում են, քաղաքի ջերմությամբ ու արևով լցվում։ Առհասարակ, որքան էլ Երևանն իր համար յուրահատուկ քաղաք է դարձել, բայց վստահ է՝ հայրենիքն իսկապես սիրելու համար պետք է հաճախակի քաղաքից դուրս գալ, գնալ գյուղեր, մեծ ու փոքր քաղաքներ՝ երկիրը ճանաչելու համար։

Հասմիկը Մեղրիից Երևան եկավ բարձրագույն կրթություն ստանալու։ Ընդունվել էր ԵՊՏՀ, ընդունելության քննությունների արդյունքներում ստացած միավորներով հայտնվել «Ապահովագրական գործ» ֆակուլտետում։ Այնպես չէր, որ երազել էր այդ մասնագիտության մասին, բայց ապահովագրությունից շատ հեռու չէր։ Մայրը երկար տարիներ ՊԵՏԱՊ-ում էր աշխատել, այնպես որ ապահովագրության էության մասին գիտեր։ Սկզբում մտածում էր ֆակուլտետը փոխելու մասին։ Մեղրիում մաքսակետ կար, եթե, օրինակ, մաքսային գործ սովորեր, կկարողանար այնտեղ աշխատել։

«Այնպես չէր, որ հստակ որոշել է հետ գնալ Մեղրի, բայց Երևանում մնալու ու կյանքս այստեղ շարունակելու հարցում էլ հաստատակամ չէի։ Մտածում էի՝ ինչպես կստացվի»,- պատմում է Հասմիկն ու հիշում, թե ինչպես ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում հայտնվեց։ 2006 թվականն էր, արդեն 5-րդ կուրսում էր սովորում, եկել էր ուսումնական պրակտիկայի։ Այն ավարտելուց հետո ընկերությունում մնալու առաջարկ ստացավ։ Սիրով ընդունեց ու սկսեց համատեղել աշխատանքը և ավարտական կուրսում ուսումը։ Անկեղծանում է՝ հեշտ գործ չէր, հատկապես ավարտական պետական քննություններն իսկական սթրես էին դարձել։ Բայց բարեհաջող ավարտեց և շարունակեց ՆԱԻՐԻ-ում աշխատանքը։

«Հենց սկզբից աշխատանքն ինձ շատ դուր եկավ։ Այնքան հաճելի էր մարդկանց օգտակար լինելու այդ զգացողությունը»։

Այդպես արդեն 13 տարի է՝ Հասմիկը ՆԱԻՐԻ-ի թիմում է։

«Ես իսկապես իմ աշխատանքից հաճույք եմ ստանում։ Այս տարիների ընթացքում չի եղել 1 օր, որ ես աշխատանքի տհաճությամբ գամ։ Ինքս ինձ խոստացել եմ, որ երբ այդ օրը գա, ես այլևս չեմ գա աշխատանքի։ Ինձ թվում է՝ եթե սիրով չես անում աշխատանքս, անհնար է, որ այն լիարժեք լավ ստացվի»,- ասում է Հասմիկն ու հավելում, որ նույնիսկ եթե մի օր ՆԱԻՐԻ-ից հեռանա, միևնույն է՝ այս վայրը շարունակելու է իր կյանքում շատ մեծ, կարևոր տեղ ունենալ։

«Ոչ միայն այն պատճառով, որ այստեղից եմ սկսել և երկար տարիներ այստեղ աշխատել, , այլև այստեղ անփոխարինելի ընկերներ եմ ձեռքբերել, օրինակ զույգ քույրիկները՝ Լիլիթն ու Լիանան։ ՆԱԻՐԻ-ն ինձ նաև շատ մեծ կյանքի փորձ է տվել»։

Վերջում Հասմիկը պատմում է ամենակարևորի մասին․

«Ընտանիք կազմելուց հետո հաստատ ավելի լիարժեք եմ դարձել, հասկացել, որ առաջնայինն ընտանիքն է։ Հպարտանում եմ իմ ընտանիքով, որ ճիշտ ընտրություն եմ արել, ամուսինս էլ շատ հանդուրժող է եղել, թեկուզ, օրինակ, այն հարցում, որ ես այսքան նվիրված եմ ՆԱԻՐԻ-ին»։

Հասմիկի ընտանիքն ամբողջացավ գրեթե 3 տարի առաջ Նարեկի՝ շատ սպասված ծնունդով։ Խոստովանում է, որ ամեն օր իր փոքրիկից մի նոր բան է սովորում։ Ասում է, որ Տերն իրեն աշխարհի ամենայուրահատուկ երեխային է ուղարկել։ Հետո էլ ծիծաղելով ավելացնում, որ յուրաքանչյուր երեխա իր ծնողի համար յուրահատուկ է․․․ Բայց Նարեկն իսկապես յուրահատուկ է․․․