Կառավարությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկել, որն ուղղված է 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճարների բարձրացման բացասական հետևանքները մեղմելուն։

3–ից մինչև 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների համար հունվարի 1-ից կհաշվարկվի ներմուծման հարկ` ավտոմեքենայի փաստացի արժեքի  10 տոկոսի չափով, 5 – 10 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 5 տոկոսի չափով: Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հարկային օրենսգրքում նման փոփոխություն է առաջարկում կատարել ՀՀ կառավարությունը։ Որոշման նախագիծն այսօր գործադրի հերթական նիստում ընդունվեց առանց զեկուցման ու առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծում նախաձեռնությունը մեկնաբանվում է 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճարների բարձրացման բացասական հետևանքները մեղմելու մտադրությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ձևավորվել են 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճարների բարձրացման բացասական հետևանքները կառավարության կողմից որևէ ձևով մեղմելու որոշակի սպասումներ, ինչպես նաև այն, որ նախագծով առաջարկվում է տրամադրել ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափի ժամանակավոր կիրառություն՝ ՀՀ կառավարությունը ողջունելի է համարում 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճարների բարձրացման բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերը»,– ասված է որոշման նախագծում։
Նշենք նաև, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունը կառավարությունն առաջարկում է  գործարկել  անմիջապես 2020 թվականի հունվարի 1-ից, բայց միայն միայն 3 տարով` մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:

Նշենք, որ մինչ այդ նախատեսվում էր հունվարի 1-ից սկսած` ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների համար կիրառել հետևյալ մաքսային դրույքաչափերը` մինչև 3 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 15%, 6 տարուց ավելի մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 20% դրույքաչափ +0,44 եվրո շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար, 8 և ավելի տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 2,2 եվրո` շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am