Սպորտը ոչ միայն նպաստում է առողջ ապրելակերպին, այլև օգնում գտնել նոր ընկերներ կամ ամրապնդել եղած հարաբերությունները։ Իհարկե, խոսքը թիմային սպորտաձևերի մասին է։ Այդպես ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ աշխատակիցներից մեկը որոշեց վերադարձնել հին ու բարի ավանդույթները, վերստեղծել ընկերության ֆուտբոլային թիմն ու մեկ հարվածով՝ 2, 3 և անգամ ավելի նապաստակներ որսալ։ «Մեր թիմը» շարքի հերթական պատմությունը Համակարգերի կառավարման և տեխնիկական աջակցման բաժնի պետ Հովհաննես Խալաթյանի մասին է։

Մասնագիտության ընտրությունն ավելի հաճախ պայմանավորված է դպրոցական տարիներին ամենասիրելի առարկայով։ Այստեղ էլ կարևոր է ուսուցչի դերը՝ առարկան սիրելի է դառնում հենց նրա միջոցով։ Այդպես Հովհաննեսի բախտը դպրոցում բերել էր հատկապես ֆիզիկայի ուսուցչի հարցում, հետևաբար դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Դիմելիս արդեն գիտեր, որ Հայաստանում ֆիզիկայով գումար աշխատելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց որոշել էր՝ պիտի սովորի և հետո էլ զբաղվի նրանով, ինչ սիրում է, ինչից հաճույք է ստանում։

«Ինձ հաճախ հարցնում էին՝ «Ավարտես, ի՞նչ ես դառնալու՝ ռադիո սարքո՞ղ»,- ծիծաղելով հիշում է նա։

Ուսմանը զուգահեռ Հովհաննեսն աշխատանքի է անցնում  Լազերային տեխնիկայի ինստիտուտում, ինչը հնարավորություն է տալիս համալսարանում ստացած տեսական գիտելիքները գործնականորեն ամրապնդել։ Կարճ ժամանակ անց հասկանում է, որ դա հենց իր տեղն է։

«Արդեն ինտերնետ կար, բնականաբար, ձգում էր, գնում էի, նստում համակարգչի մոտ։ Դե երիտասարդ էի, այն ժամանակ մեզ հետաքրքրում էր՝ մի հատ երգ «քաշեինք», մի հատ հոլովակ նայեինք։ Մի տոկար ունեինք, գալիս էր, ասում՝ «այ հիմա կգնաս, կկանգնես լաբորատորիայի վարիչի կողքին, ուշադիր ամեն քայլի կհետևես»։ Այդքանից հետո անելու բան չէր մնում, սուսուփուս վեր էի կենում ու գնում»,- հիշում է Հովհաննեսը։

Այս աշխատանքին զուգահեռ նա նաև հետաքրքրություն ուներ համակարգիչների նկատմամբ, աստիճանաբար սկսում է վերանորոգել և այլն, իսկ Լազերային տեխնիկայի ինստիտուտից հեռանալուց հետո արդեն աշխատանքի է անցնում որպես ՏՏ մասնագետ, քանի որ ֆիզիկայից հետո նրան ձգում էին համակարգիչները։

«Չեմ կարող աշխատել մի տեղում, որտեղ աշխատանքը չեմ սիրում, որովհետև պիտի աշխատանքից հաճույք ստանամ։ Ինձ թվում է դա ամենակարևոր գործոնն է միշտ առաջ գնալու, հաջողելու համար։ Շատ մարդիկ ոչ թե սիրով կամ հաճույքով, այլ ստիպված են ինչ-որ բան անում, այդ դեպքում աշխատանքը չի կարող լավ ստացվել»,- ընդգծում է Հովհաննեսը։

Արդեն քանի տարի է՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ թիմում է, այժմ Համակարգերի կառավարման և տեխնիկական աջակցման բաժնի ղեկավարն է։ Սա այն բաժինն է, որտեղ ծագող խնդիրը կարող է ամբողջ ընկերության բնականոն աշխատանքի վրա ազդել։

«Պատասխանատվությունը հեշտ տանելի է դառնում, երբ սիրում ես աշխատանքդ, նվիրված ես, ու դու քո արածից հաճույք ես ստանում»,- ասում է նա ու հավելում, թե որքան  կարևոր է այս գործում թիմը։ Երբ գիտես, որ թիկունքդ ամուր է, որովհետև ոչ միայն պրոֆեսիոնալներ են, այլև լավ մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում հնարավորն ու անհնարը կանեն եղած խնդիրները շտկելու համար։

Հովհաննեսը շեշտում է նաև ՆԱԻՐԻԻ ամբողջ թիմի վերաբերմունքն ու վստահությունն իրենց բաժնի աշխատանքի հանդեպ․ երբ կա խնդիր, որը խանգարում է ընկերությանն աշխատել, բոլորը համբերատար սպասում են, որովհետև գիտեն՝ այս թիմը հնարավոր ամեն ինչ անում է թերացումները մեկ րոպե շուտ վերացնելու համար։

Խոստովանում է՝ այլ ընկերություններից եղել են առաջարկներ, պարբերաբար լինում են, անկեղծանում է՝ եղել են դեպքեր, երբ մտածել է առաջարկն ընդունելու մասին, բայց այն մթնոլորտը՝ գործընկերային ու մարդկային, հաճախ ավելի արժեքավոր են, քան նյութականը։

Աշխատանքին զուգահեռ  Հովհաննեսը ժամանակ է գտնում նաև սպորտով զբաղվելու համար։ Եղել է ֆուտբոլիստ, ժամանակին Եղեգնաձորի թիմի կազմում մասնակցել է նաև մեծահասակների Հայաստանի առաջնությանը։ Հիմա էլ սպորտային ակտիվությունը որոշել է ՆԱԻՐԻ բերել։ Առաջնային նպատակն այս պահին ֆուտբոլի ուժեղ թիմ ունենալն է։ Վստահ է, որ դա միայն առողջ ապրելակերպ ու ժամանց չէ։ Թիմային խաղը նաև գործընկերային հարաբերություններն է ամրապնդում։

«Եթե մեկի հետ կարողանում ես ֆուտբոլ խաղալ, ուրեմն հաստատ այս մարդու հետ աշխատել էլ կկարողանաս։ Թիմակցի հետ աշխատանքը չի կարող ավելի հեշտ չստացվել»,- մեկնաբանում է նա։

Իր ֆուտբոլային սերը Հովհաննեսը նաև որդիներին է փոխանցել։ Ավագ տղան արդեն երկու տարի է՝ ֆուտբոլի է հաճախում։ Առանց գնդակի ոչ մի տեղ չի գնում։ Հովհաննեսը խոստովանում է, որ փորձում է որդու ֆուտբոլային «կարիերայով» այս պահից չզբաղվել։ Դեռ փոքր է, հետևաբար չի ցանկանում ճնշում գործադրել, որպեսզի հանկարծ երեխային չհոգնեցնի կամ չձանձրացնի։ Ինքը ժամանակին ստիպված եղավ ընտրություն կատարել ֆուտբոլի և բուհում սովորելու միջև։ Ո՞վ իմանա, միգուցե ֆուտբոլիստ դառնալն իր որդուն էր վերապահված։