10Web ընկերությունը հիմնադրվել է 2017թ.-ին։ Հարյուրավոր վեբ կայքեր պատրաստելիս ընկերության հիմնադիր թիմը հասկացավ, որ որակյալ կայք ունենալու համար պետք է 10 հիմնական բաղադրիչ։  Շուկայում չկար «բոլորը մեկում» լուծում, և հիմնադիրներն այս բաց դաշտում տեսան շատ մեծ բիզնես հնարավորություն։ Ու ստեղծվեց 10Web-ը։ «Մեր գործընկերները» շարքի հերթական պատմությունն այս ընկերության հաջողության բանաձևի մասին է։

10Web-ը WordPress կայքեր պատրաստելու համար «բոլորը մեկում» հարթակ է, որն ապահովում է WordPress վեբ կայքի համար անհրաժեշտ բոլոր 10 բաղադրիչները՝ հոսթինգ, կայքի կառուցիչ, կաղապարներ (template), փլագիններ, պահուստավորում (բեքափ), անվտանգություն, որոնողական համակարգերի օպտիմալացում, կայքի օպտիմալացում, վերլուծություն և հաշվետվություն ու, իհարկե, հաճախորդների աջակցում։ 10Web-ը նաև Google-ի տեխնոլոգիական գործընկերն է․ ամբողջ հարթակը կառուցված է Google Cloud-ի հենքի վրա։ Վեբ կայք կառուցող հարթակներ շուկայում շատ կան, սակայն 10Web-ն աշխարհում առաջին հարթակն է WordPress վեբ կայքերի պատրաստման, հոսթինգի ու կառավարման համար։

Ինչու՞ WordPress․ քանի որ այն աշխարհում ամենատարածված բովանդակության կառավարման համակարգն է։ Աշխարհի վեբ կայքերի ավելի քան 34%-ը հենց այս համակարգով է գործում։

2019 ապրիլին 25-ին 10Web-ն առաջին անգամ ներկայացվեց ProductHunt հարթակում, որտեղ ճանաչվեց լավագույն լուծումներից։  10Web-ի մասին գրեցին միջազգային բազմաթիվ հայտնի կայքեր, այդ թվում ՝ Yahoo, NBC, Business Insider:

Ընկերության HR մենեջեր Սեդա Պապանյանն ասում է, որ 10Web-ում աշխատակիցների ընտրության գործընթացը առանցքային է։

«Մենք կարծում ենք, որ նա, ով  միանում է մեր թիմին, առնվազն պետք է երջանիկ լինի։ Թիմը համալրելու համար 10Web-ում նոր աշխատակցի ընտրությունը մի քանի փուլից է բաղկացած, և պատահական չէ, որ հարցազրույցների առաջինն HR փուլն է։ Կարևոր են ոչ միայն մասնագիտական կարողությունները, այլև մշակութային համապատասխանությունը և այսպես կոչված սոֆթ սքիլերը»,- ասում է Սեդան ու շարունակում․

«Օրինակ, եթե մեզ դիմի մի մարդ, որը չի կարողանում արդյունավետ համագործակցել թիմակիցների հետ, կիսվել գիտելիքներով, ուրեմն 10Web-ում նա իրեն լավ չի զգա․ մեր թիմում բոլորը շփվող են, և մեզ համար կարևոր է նպատակները միասնական ուժերով իրագործելը»,-պատմում է Սեդան։ Դիմորդները պարտադիր կերպով կատարում են մասնագիտական առաջադրանք։  Ընտրության արդյունքում թիմին միանում են 10Web-ի կորպորատիվ մշակույթին համապատասխանող գիտակներ։

Խոսելով ընկերությունում կորպորատիվ մշակույթի մասին՝ Սեդան նշում է, որ առողջ մշակույթ ունենալը չի դիտարկվում որպես խրախուսման փաթեթի մաս։

«Դա ոչ թե խրախուսում է, այլ նորմալ երևույթ է, որ աշխատակցի համար ստեղծված լինեն հարմարավետ աշխատանքային պայմաններ, որ նա իրեն գնահատված զգա»,- վստահ է Սեդան։ Նա հավելում է, որ HR-ի առաքելությունն է եղած պայմանները մշտապես կատարելագործելը, նորարարական մոտեցումներ փնտրելն ու կիրառելը։

«Ուզում եմ հստակ պատկերացնեք աշխատակիցների աճի վերաբերյալ մեր սպասելիքը՝ մեզ համար ոչ թե ցանկալի է, որ աշխատակիցները մեր ընկերությունում մասնագիտորեն աճեն,  այլ պարտադիր պայման է։ Ու կապ չունի, թե խոսքը որ մասնագիտության մասին է։ Սա նաև մեր ոլորտն է պարտադրում․ ՏՏ աշխարհն ամեն րոպե փոխվում է, զարգանում․ մեր թիմի անդամները պետք է այդ  ռիթմով ապրեն»։

10Web-ում կարևորում են ստարտափների զարգացմանը սատարելը, ինչպես նաև ՏՏ աշխարհ նոր մուտք գործող մասնագետներին սատարելը՝ պարբերաբար ինթերնշիփներ կազմակերպելու միջոցով։ Այնտեղ վստահ են, որ որպես ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ սա իրենց պարտականությունն ու պատասխանատվությունն է։ Իսկ այլ ոլորտներում իրենց թիմի բարի գործերի մասին խոսել չեն սիրում, հավատում են, որ դրանք պետք է անել, բայց և բարձրաձայնել չեն շտապում։

Վերադառնալով աշխատակիցների «խրախուսման փաթեթին»՝ Սեդան առանձնացնում է առողջության ապահովագրությունը։

«Երբ հոգ ես տանում աշխատակցի մասին ու ցանկանում ես, որ նա երջանիկ լինի, ուրեմն նաև առողջության մասին պետք է հոգ տանես»,- ասում է Սեդան և շարունակում, որ հարցը միայն ֆինանսական փոխհատուցումը չէ, որ ապահովագրություն ունեցող աշխատակիցը ստանում է։ Առաջին տեղում այն է, որ ընկերության աշխատակիցները հուսալի ձեռքերում են։

«Եթե որևէ հարց է առաջանում, ՆԱԻՐԻ-ի թիմը գերարագ արձագանքում է։ Կարիք չկա, որ խնդրի դեպքում բժիշկ փնտրես, գտնես, հերթերում սպասես և այլն։ Մեզ համար ժամանակը շատ կարևոր է։ Թեկուզ փոքր խնդրի դեպքում հիմա մենք հանգիստ ենք»,-Սեդան նաև նշում է, որ ՏՏ ընկերության համար կարևոր է նաև այն, որ իրենց գործընկերները ժամանակին համընթաց գնան, զարգանան, նորարարական գործիքներ կիրառեն։ ՆԱԻՐԻ-ն նաև դա է անում։

Այսպիսով, 10Web-ցիներն  ամեն օր զբաղվում են իրենց անհատական և մասնագիտական աճով, վստահ ու պրոֆեսիոնալ քայլերով առաջ գնում։