Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպքի մասին։ Այս անգամ զեղծարարը փորձել է խարդախությամբ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությանը պատճառել 660․ 000 ՀՀ դրամի վնաս։ Այս դեպքը հատկանշանական է նրանով, որ խարդախության հեղինակը՝ Հ․ Հ․-ն, ոստիկան է։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընդունել է իր մեղքն ու զղջացել՝ գործը կարճվել է։  Ստորև  ներկայացնում ենք դեպքը․

«Քաղաքացի Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ. մարտի 25-ին՝ մինչև ժամը 10։23-ի սահմաններում իր կողմից վարած «Օպել Աստրա 1․61» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցում վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի: Հ․Հ․-ն, տվյալ պահին չունենալով իր կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր, խոշոր չափերի՝ մասնավորապես մյուս ավտոմեքենայի պատճառված 660 000 ՀՀ դրամ վնասի գումարը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, վթարից անմիջապես հետո կնքել է իր վարած ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր: Դրանից հետո Հ․Հ․-ն զանգահարել է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերություն և հայտնել վթարի մասին, ընդունել է իր մեղավորությունը, իսկ 2019թ. մարտի 29-ին պատահարում տուժող կողմ հանդիսացող Զ․Թ-ն հատուցման դիմում է ներկայացրել Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերություն՝ 660 000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում ստանալու համար։ Նշված հանգամանքը պարզվել է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից և Հ․Հ․-ն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության փորձի համար, որում Հ․Հ․-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Հ․Հ-ն քրեական պատասխանատվությունից ազատվել է բացառապես վերջինիս կողմից գործուն զղջալու հիմքով»։

Տեղեկատվության աղբյուրը՝ «Հայաստանի Ապահովագրողների Բյուրո»-ի պաշտոնական կայքէջ