2004 թվականից Հայաստանում գործում է «Իդրամ» վճարային համակարգը։ Այսօր 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է հեշտ ու արագ տարբերակով կատարել առօրյա վճարումներ՝ խնայելով այն, ինչն ամենակարևորն է 21-րդ դարում՝ ժամանակը։  «Մեր գործընկերները» հոդվածաշարում այս անգամ պատմում ենք «Իդրամ» ընկերության մասին։  

Ժամանակակից տեխնոլոգիաներն օրեցօր զարգանում են՝ փոխելով մեր կյանքի տարբեր ոլորտները։ Այսօր արդեն տարբեր վճարումներ կատարելու համար պետք չէ երկար ժամանակ կորցնել հերթերում, սպասել։ 2004 թվականից գործող «Իդրամ» ընկերությունն առաջինն էր, որ Հայաստանում շրջանառության մեր դրեց «էլեկտրոնային փողը»․ արդյունքում՝ էլեկտրոնային դրամապանակն ու վճարումների համակարգը հնարավորություն են տալիս մարդկանց խնայելու այն, ինչ ամենակարևորն ու ամենաթանկն է դարձել՝ ժամանակ։ Ի դեպ, «Իդրամ»-ը ԱՊՀ տարածաշրջանում առաջիններից, իսկ Հայաստանի Հանրապետությունում առաջինն էր, որ ներդրեց QR և NFC տեխնոլոգիաների միջոցով վճարումների ընդունումը:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ մարդիկ հեշտ, արագ իրենց առօրյա վճարումները կատարեն։ Բնականաբար սա թիմային լուրջ աշխատանք է, յուրաքանչյուր ապրանքի ու ծառայության հետևում մարդիկ են կանգնած, որոնք օր ու գիշեր ջանք չեն խնայում, որ այդ պրոդուկտը ժամանակին թողարկվի, սպառողին հասնի և նպատակին ծառայի»,- պատմում է «Իդրամ» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը։

Նա թիմին միացել է երկու տարի առաջ, «Իդրամ»-ն արդեն վաղուց ոչ թե պարզապես աշխատավայր է, այլ ընտանիք, որը սիրում է ու որին նվիրված է։ Ասում է, որ հենց ոտք ես դնում այս պատերից ներս, զգում ես այն դրական, հաճելի մթնոլորտը, որը հարազատ է դառնում և օգնում ավելի արդյունավետ, մոտիվացված աշխատել։  Ինքն էլ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ ամեն ինչ անում է, որ աշխատողներն ավելի հաճույքով իրենց գործն անեն։

«Այս լավ միջավայրը պետք է պահպանել և զարգացնել»,- ասում է նա։

«Մարդկային ռեսուրսը ցանկացած ընկերության շարժիչ ուժերից է։ Որքան էլ մենք խոսենք արհեստական բանականություն, ժամանանակից նորարարական մոտեցումների մասին, առավել ևս մեզ նման ընկերություններում այդ ամենը շատ ակտուալ է, բայց ես վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ մարդկային ռեսուրս գաղափարը լինելու է առաջնային՝ մարդն իր ունակություններով, մոտեցումներով է զարգացնելու ընկերությունն ու հաջողություն բերելու նրան, առավել ևս մարդն է այն ինդիվիդը, ով ստեղծում և ներդնում է հենց նույն արհեստական բանականությունը և ժամանանակից նորարարական մոտեցումներն Ընկերությունում»,- պատմում է Աստղիկն ու հավելում, որ անհնար է մարդկային ռեսուրսները չկարևորել այն ընկերություններում, որոնք ցանկանում են լինել հաճախորդամետ, որոնց աշխատանքի կենտրոնում մարդիկ են և նրանց բավարարվածությունը։ Հաջողակ թիմը կարևորում է նաև իր ստանձած սոցիալական պատասխանատվությունը՝ ակտիվորեն մասնակցելով կրթական, սոցիալական, մշակութային տարբեր նածաձեռնություններին։

Իդրամն  ընտրում է այնպիսի մասնագետների, որոնք ռեալ կարող են օգնել մեզ հասնել ընկերության առաքելությամբ սահմանված նպատակներին՝ կատարելով իրենց անհատական ներդրումը։ Միայն ընտրվում են այն կադրերը, որոնք հաստիքի համար համապատասխան հմտություններ ունեն և իրենց արժեհամակարգով համապատասխանում են մեր կանոններին ու սկզբունքներին:  Խտրական վերաբերմունք չունենք,  եթե  մասնագետը համապատասխանում է մեր պահանջներին, ուրեմն ինչու չդիտարկել։ Այսօր աշխատաշուկայում այն ժամանակն է, երբ ընկերությունները հասկանում են մարդու դերը, արժեքը, պրոֆեսիոնալի, մարդկային ուժի կարևորությունը և ցանկացած խտրական վերաբերմունք  վաղուց իր ակտուալությունը կորցրել է։

Բնականաբար, լավ թիմին արժևորելու, գնահատելու և խրախուսելու համար միայն աշխատավարձը բավական չէ, այստեղ աշխատողին խրախուսելու մի ամբողջ գործիքակազմ կա՝ ֆինանսական պարգևատրումներից մինչև յուրօրինակ team building-ներ, վերապատրաստման, որակավորման բարձրացման , մեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հետադարձ կապ աշխատակիցների հետ: Սա այն ընկերությունն է, որտեղ աշխատակիցը միշտ գիտի, որ իրեն հուզող խնդրի մասին կարող է բարձրաձայնել, և իր ձայնը լսելի կդառնա։

Այստեղ մեծ կարևորություն է տրվում հաստիքների վերանայմանն ու փոփոխությանը, նոր հաստիքը ներքին ռեսուրսի հաշվին համալրելուն։ Սա խրախուսման շատ կարևոր մեխանիզմ է, երբ կրտսեր պաշտոնով աշխատողը գիտի, որ ունի հնարավորություն դառնալու թիմի առաջնորդ։ Ամեն ինչ իր ձեռքերում է՝ պետք է գիտելիքները շարունակաբար ավելացնել, որակավորումը բարձրացնել, աշխատել նվիրված։ Աստղիկը հպարտությամբ է արձանագրում, որ իրենց թիմում նման բազմաթիվ օրինակներ կան։

Ժամանակակից ընկերությունում խրախուսման փաթեթում անպայմանորեն պիտի ապահովագրություն լինի, ամբողջ աշխարհն է այդ ճանապարհով գնում։ Արդեն երեք տարի է՝ աշխատում են «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։ Աստղիկը ուրախությամբ է արձանագրում, որ այս տարիների ընթացքում աշխատակիցների մոտ ապահովագրական լուրջ մշակույթ է ձևավորվել, եթե նախկինում տարին մեկ անգամ պարզապես «+» նշանը դնելու համար գնում էին բուժզննում անցնելու, ապա հիմա սիրով օգտվում են իրենց ապահովագրական փաթեթից, ժամանակին անցնում բոլոր բուժզննումները, լինում են նաև լուրջ վիրահատական միջամտություններ։

«Գիտեք, շատ բան պայմանավորված է բժիշկ-փորձագետի ճիշտ խորհրդով։ Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բժիշկ-փորձագետ Վերոնիկայի  թե մարդկային, թե պրոֆեսիոնալ վերաբերմունքը»,- նշում է Աստղիկը։

Ժամանակակից զարգացած ընկերությունները կարևոր տեղ են տալիս ապահովագրությանը։ Սա նպաստում է նաև առհասարակ հանրության մեջ ապահովագրական մշակույթի տարածմանը, որովհետև աշխատակիցներն իրենց դրական փորձը նաև իրենց ընտանիքներում, շրջապատում են տարածում։ Երբ ընկերությունը հոգ է տանում իր աշխատակցի մասին, նրան տրամադրում ապահովագրական փաթեթ, դա ինչ-որ առումով լրացուցիչ պատասխանատվություն է  հենց աշխատակցի համար՝ «եթե ընկերությունը մտածել է իմ առողջության մասին՝ ինձ տալով այս հնարավորությունը, ինչպես կարող եմ ես այն անտեսել»։

Առողջ թիմը պիտի նաև ֆիզիկապես առողջ լինի։ «Իդրամի» առողջ թիմը վստահ քայլերով առաջ է գնում՝ շարունակելով հեշտացնել մարդկանց կյանքն ու առօրյան, կանգ չի առնում ձեռբերվածի վրա, անընդհատ ձգտում է առաջ։