Ապահովագրական ոլորտում կան նեղ մասնագիտացումներ, որոնք, այսպես ասած, կնոջ գործ չեն համարվում։ Կանայք կոտրում են բոլոր կարծրատիպերը՝ մասնագիտանալով նաև այնտեղ, որտեղ նրանց մուտքն անսպասելի է թվում։ Մեր հերթական պատմությունը Հասմիկ Երզնկյանի մասին է, որը Հայաստանում ապահովագրական ոլորտում գնահատման միակ որակավորված կին փորձագետն է։

Հասմիկը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ եկավ, երբ ընդամենը 18 տարեկան էր։ Մակրոէկոնոմիկայի բաժնի ուսանող էր, ապահովագրական ոլորտի մասին երբեք չէր մտածել, իրեն էլ այնտեղ չէր պատկերացրել։ Աշխատելու ցանկությունն այնքան մեծ էր, որ 18-ամյա անփորձ ուսանողուհին ընդարձակել էր մասնագիտական փնտրումների սահմանները։ Այդպես ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում որոշեցին՝ իսկ ինչու՞ ոչ, իրենք աշխատակից են փնտրում, իսկ Հասմիկը շատ է ցանկանում աշխատել, միգուցե և ստացվի։ Փորձի բացակայությունը դեռ ոչինչ չի նշանակում՝ կարևորը ձգտումն է, ներուժը, աշխատաքային ճկունությունն ու նոր գիտելիքներ, հմտություններ ձեռքբերելու, սովորելու մեծ ցանկությունը․ այս բոլորը Հասմիկն ուներ։

«Ինձ հարցրեցին՝ աշխատանքը դասերիդ հետ կհասցնե՞ս։ Առանց երկար-բարակ մտածելու դրական պատասխան տվեցի։ Սկզբում չէի պատկերացնում, թե ինչքան դժվար է լինելու։ Իսկապես, աշխատանքն ու ուսումը համատեղելը շատ բարդ էր, ինձանից շատ էներգիա էր պահանջում, շատ էի հոգնում, բայց ես խոստացել էի, ինձ վստահել էին, հետևաբար պիտի սպասումներն արդարացնեի»,- պատմում է Հասմիկն ու հիշում իր աշխատանքային առաջին օրը բժշկական բաժնում։

«Առաջին հանձնարարությունն էր՝ գրիր «ամբուլատոր գաստրոէնտերոլոգ»։ Կյանքումս առաջին անգամ էի այդ բառը լսում»,- ծիծաղելով հիշում է Հասմիկը։ Դրանից հետո նա սկսեց աշխատանքից հետո էլ՝ տանը լրացնել այդ ոլորտում գիտելիքների բացը, սովորել բոլոր եզրույթները, որոնք կարող են պետք լինել աշխատանքում։ Ամիսներ անց Հասմիկին առաջարկեցին տեղափոխվել հատուցումների բաժին։

«Չգիտեի, թե ինձ այնտեղ ինչ է սպասվելու։ Երեք օր լացում էի։ Բայց այդ բաժին ոտք դնելու առաջին վայրկյանից հասկացա, թե ինչքան լավ բան եղավ իմ կյանքում»,- հիշում է Հասմիկը ու հավելում, որ թեպետ բաժնի միակ աղջիկն է, բայց իրեն շատ հարմարավետ է զգում։ Խոստովանում է, որ բաժնում միակ աղջիկ լինելն իր առավելություններն ունի՝ տղաները յուրահատուկ հոգատարությամբ և ուշադրությամբ են նրան շրջապատում։ Դա չի նշանակում, որ տղաների հետ աշխատելը շատ հեշտ է՝ երբեմն կանացի դիվանագիտությունն է օգնության հասնում՝  ճիշտ պահին դիվանագիտորեն լռել՝ հարցի լուծման քո տարբերակն առաջ տանելու համար։

Քանի որ Հասմիկը շատ նպատակասլաց է, հատուցումների բաժին մուտք գործելուց որոշ ժամանակ անց որոշեց գնահատման գործում գիտելիքները խորացնել, ավելին՝ դառնալ որակավորված փորձագետ։

«Երբ գնացի ավտոապահովագրողների բյուրո որակավորման քննություն հանձնելու, բոլորը զարմացած էին։ Ես միակ աղջիկն էի»,- պատմում է Հասմիկն ու հպարտությամբ նշում, որ քննության արդյունքներով ամենաբարձր ցուցանիշն է գրանցել։ Խոստովանում է, որ չնայած իր աշխատանքին՝ բացարձակ անտարբեր է ավտոմեքենաների հանդեպ, վարել չի սիրում, բայց փոխարենը գիտի, թե ինչ է թափարգելը, «շառավոյը» և այլն։

Հիմա էլ Հասմիկը շարունակում է լինել հայաստանյան ապահովագրական ոլորտի գնահատման միակ որակավորված կին փորձագետը։ Անկեղծանում է, որ դա իրեն դուր է գալիս, դեռ դպրոցից սիրում է տարբերվել։ Օրինակ, դպրոցական տարիներին շատ էր ուրախանում, որ դասարանի միակ ձախլիկն էր։

Այսպես, արդեն  7 տարի է՝ Հասմիկը ՆԱԻՐԻ ընտանիքի անդամ է։ Ուրախ է, որ թեպետ իր գործում հմուտ է, տիրապետում է բոլոր նրբություններին, բայց աշխատանքը մեխանիկական չի դարձել՝ ամեն անգամ կարիք է լինում տարբեր իրավիճակներ գնահատել և որոշումներ կայացնել։ Նշում է, որ բոլոր այս տարիների ընթացքում մասնագիտական հմտությունները կատարելագործելուն, որոշումներ կայացնելիս օբյեկտիվ լիելուն զուգահեռ չի մոռացել ամենակարևորի մասին՝ մարդ լինել։

«Եղել են դեպքեր, որ ագրեսիվ վերաբերմունքի եմ արժանացել հաճախորդի կողմից, որը դժգոհ է մեր կայացրած որոշումից և այլն, բայց ինքս երբեք նույն կերպ չեմ պատասխանել։ Միշտ մտածում եմ, որ վթարի ենթարկված մարդը սթրես է տանում, հետևաբար փորձել եմ սիրով, հարգանքով, հանգիստ իրավիճակը մեկնաբանել, բացատրել»,- պատմում է Հասմիկը։

Այս տարիների ընթացքում տարբեր, երբեմն գայթակղիչ առաջարկներ է ստացել։ Խոստովանում է, որ պահեր եղել են, երբ գայթակղվել է ու մտքի ծայրով անցկացրել՝ «իսկ կարո՞ղ է․․․»։ Բայց ոչ, չի կարողացել։ Ասում է, որ երևի նման որոշում կայացնելու համար պիտի շատ ուժեղ ու հասուն լինես։ Ծիծաղում է, թե երևի այդ հարցի համար դեռ փոքր է։

«Ամեն ինչ իդեալական է, ոչինչ չէի ուզի փոխել»,- ներկա աշխատանքային միջավայրի մասին ասում է նա ու ավելացնում, որ չի բացառում՝ հեռավոր ապագայում հնարավոր է այլ տեղում լինի, միգուցե նույնիսկ այլ ոլորտում, բայց առայժմ չի պատկերացնում աշխատանքային այնպիսի մի առավոտ, որը ՆԱԻՐԻ-ի թիմի հետ չի սկսում։

«Շատ եմ ուրախանում, որ երբ արձակուրդից վերադառնում, տարբեր բաժիններից ասում են՝ «տեղդ երևում էր»։ Ուրեմն, իսկապես պետք եմ ընկերությանը, և իմ արած գործն է պետք»։

Վերջում Հասմիկն անկեղծանում է, որ աշխատանքային հաջողությունները լավ են, բայց հիմա երազանքներն արդեն աշխատանքից ու գործից այն կողմ են անցնում։ Յուրաքանչյուր կին արժանի է իր ընտանիքն ունենալ։ Հասմիկն արդեն իր մտքում ու սրտում տեղ է հատկացնում նաև անձնական երջանկություն կառուցելու համար։

Հ․Գ․ Վերջերս ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ հայտարարել էր ընկերության նոր կարգախոսի ներքին մրցույթ։ Քվեարկության արդյունքում ստացված առաջարկներից լավագույնը ճանաչվեց հենց Հասմիկ Երզնկյանի տարբերակը։ Կարգախոսը պիտի լինի կարճ, բովանդակալի և մտապահվող։ Մրցույթի հայտարարությունը կարդալուց անմիջապես հետո Հասմիկը սկսեց մտածել՝ ինչն է, որն արտահայտում է ՆԱԻՐԻ-ի աշխատանքի ամբողջ էությունը, նպատակը։

«Ես միանգամից սկսեցի գովազդի ձայնը պատկերացնել՝ «Նաիրի Ինշուրանս․․․ Եվ դու ապահով ես»։ Ի վերջո, ապահովությունը հենց այն է, ինչը մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին»,- մտածեց Հասմիկը, գրեց իր տարբերակն ու մի քանի օր անց ստացավ անակնկալ նամակը՝ «Հաղթել է Հասմիկ Երզնկյանը»։

«Ես շատ ուրախ եմ, ինձ համար սա իսկապես կարևոր է, ես զգում եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել շատ կարևոր գործում»,- խոստովանում է Հասմիկն ու ավելացնում, որ մրցանակն էլ էր շատ հաճելի՝ երեք հրաշալի օրեր Հասմիկն իր ընկերուհիներից մեկի հետ անցկացրեց Աղվերանի լավագույն հյուրանոցային համալիրներից մեկում։ Հանգստացավ, թարմ էներգիայով, մտքերով լիցքավորվեց ու վերադարձավ սիրելի ՆԱԻՐԻ։