Ո՞րն է տարբեր ընկերությունների հաջողությունների գաղտնիքը, ի՞նչ դեր ունեն աշխատակիցներն այս գործում։ Մենք սկսում ենք նոր հոդվածաշար մեր կորպորատիվ գործընկերների մասին։ Մեր շարքի առաջին պատմությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասին է։

Ոչ մի ընկերություն չի կարող երկարաժամկետ ու տեսանելի հաջողություններ գրանցել առանց լավ թիմի։ Սա Ջեյ Թի Այ-ում լավ գիտեն և համոզվել են սեփական փորձով։

Ջփեն Տոբակո ընկերությունների խմբի անդամ Ջեյ Թի Այ-ն այսօր ծխախոտ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից մեկն է և ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie, LD և Monte Carlo-ն: JTI-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում, իսկ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 130 երկրներում, ունի շուրջ 110 ազգություն ներկայացնող 45 000 աշխատակից ամբողջ աշխարհում:

Հայաստանում Ջեյ Թի Այ-ն իր գործունեությունը սկսել է 2001թ․-ին՝ հետևելով ընկերությունների խմբի ընդունված բիզնես-մոդելին և մարդկային ռեսուրսների կառավարման առաջադեմ փորձին։

«Մեր ընկերությունում ամենակարևորը մարդն է»,- ասում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության «Մարդիկ և մշակույթ» բաժնի ղեկավար Լիանա Խաչատրյանն ու հավելում, որ աշխատակիցներին գնահատելու, նրանց կարևորությունն ամեն առիթով ցույց տալու դեպքում ընկերության համար դրական արդյունքները երկար չեն սպասեցնում։

«Աշխատակիցներն են, որ մեր ընկերությունը դարձրել են հզոր և առաջատար։ Մենք մեր վերաբերմունքն ու շնորհակալությունն աշխատակիցների հանդեպ անընդհատ ենք ցույց տալիս»։

Լիանայի խոսքով՝ իրենք ոչ միայն սեփական ուսումնասիրություններն են կատարում, այլև պարբերաբար դիմում միջազգային համապատասխան հարթակների օգնությանը՝ պարզելու, թե որքան գոհունակ ու բավարարված են աշխատակիցներն իրենց աշխատանքային պայմաններով։ Լիանան հպարտությամբ նշում է, որ այս հարցում ամենակարևոր ցուցանիշներից մեկը աշխատակիցների հոսունությունն է, որը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»-ում շատ ցածր տոկոս է կազմում։

Լավագույն գործատուների ինստիտուտն ամեն տարի միջազգային հետազոտություններ է իրականացնում՝ վերհանելու տարբեր ընկերությունների վերաբերմունքն իրենց աշխատակիցների հանդեպ և գնահատելու վերջիններիս գոհունակությունը։ Վերջին տարիներին Եվրոպայի, Միջին Արևելքի, Ամերիկայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների 33 երկրների 37 գրասենյակներում և գործարաններում ինստիտուտի իրականացրած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ջեյ Թի Այ ընկերության վերաբերմունքն աշխատակիցների նկատմամբ շատ բարձր մակարդակի է: Այդ պատճառով էլ Լավագույն գործատուների ինստիտուտը 2014թ․-ից հինգ տարի անընդմեջ «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»-ն Հայաստանում ճանաչել է որպես «Լավագույն գործատու»:

«Մենք տաղանդներին մեր ձեռքից բաց չենք թողնում, փորձում ենք զարգացնել, աճեցնել»,- ասում է Լիանան՝ ուրախությամբ նշելով, որ ունեն աշխատակիցներ, ովքեր մոտ 20 տարի է՝ թիմում են, և այս տարիների ընթացքում նույն պաշտոնում չեն մնացել, այլ առաջ են գնացել կարիերայի իրենց ճանապարհին։ Այստեղ կարևորում են աշխատակիցների գիտելիքների և հմտությունների կատարելագործումը։ Աշխատակիցները մասնակցում են թե տեղական, թե միջազգային թրեյնինգների, որակավորման բարձրացման դասընթացների։ Այստեղ տեղին է նշել  Ջեյ Թի Այ –ի ակադեմիայի մասին, որտեղ աշխատակիցները կարող են սովորել և վերապատրաստում ստանալ ընկերության ներքին ռեսուրսների շնորհիվ։ Իհարկե, ինչպես լուրջ ուսումնական հաստատությունում, ընդունելության համար մի քանի բարդ քննություններ է պետք հանձնել, իսկ ավարտական վկայականի համար նախագիծ պաշտպանել, այնուհանդերձ, ստացված փորձն ու գիտելիքները անգնահատելի են։

Լիանա Խաչատրյանը՝ որպես «Մարդիկ և Մշակույթ» բաժնի ղեկավար, մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների համար արտոնությունների, խրախուսման փաթեթի կատարելագործմանն ու զարգացմանը։

«Աշխատակիցների համար «Խրախուսման փաթեթը» ապրանք չէ, որ կարելի է գնել ու վերջ։ Այն պետք է անընդհատ փոփոխվի, ավելացվի, զարգացվի։ Այս առումով մեր գործընկերներն էլ, ում հետ համագործակցում ենք, պետք է ճկուն լինեն»,- ասում է Լիանան ու նաև այդ հանգամանքով բացատրում, թե ինչու են տարիներ առաջ ընտրել ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը՝ որպես աշխատակիցների առողջությունն ապահովագրող կազմակերպություն։ Բայց ՆԱԻՐԻ-ին ընտրելու և ՆԱԻՐԻ-ի կողքին մնալու գլխավոր պատճառը «վերաբերմունքն է»։

«Ընտրություն կատարելիս ամենակարևոր չափանիշն ինձ համար մեր աշխատակիցների գոհունակությունն  ու բավարարվածությունն է։ Եթե մեր աշխատակցին վատ են վերաբերվում, նույնիսկ ամենալավ փաթեթն ամենալավ գնով առաջարկելու դեպքում ես այն չեմ ընտրի»,- հիմնավորում է իր ընտրությունը Լիանան ու հավելում, որ մի քանի անգամ աշխատակիցներն անձամբ եկել են իր աշխատասենյակ՝ շնորհակալություն հայտնելու ճիշտ ապահովագրական ընկերություն ընտրելու համար․

«Ընդ որում մեր ապահովագրական փաթեթներն օգտագործվել են ոչ միայն զուտ կանխարգելիչ բուժզննումների համար, այլև եղել են նաև բարդ միջամտություններ, մի քանի կենսական կարևորության վիրահատություններ, և աշխատակիցներից միայն դրական խոսքեր եմ լսել։ Քանի որ ինձ համար ընտրություն կատարելու ամենակարևոր չափանիշն աշխատակիցների գոհունակությունն է, դա նշանակում է՝ մեր համագործակցությունը կշարունակվի, քանի դեռ աշխատակիցները գոհ են»։

Լիանան ուրախությամբ փաստում է, որ այս կերպ իրենք նաև իրենց աշխատակիցների շրջանում և նրանց ընտանիքներում նպաստում են ապահովագրության մշակույթի տարածմանը, ինչը շատ կարևոր է հանրային առողջության պահպանման տեսակետից։