Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

Նախագծի համաձայն՝ վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը կվերականգնվի, և դարձյալ կտրվի 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից կզրկվի արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը հնարավոր կլինի վերականգնվել միայն քննություն հանձնելուց հետո։

Հավելենք, որ տուգանային միավորներ նախատեսված են երթևեկության ոլորտին վերաբերող 100 զանցակազմերից միայն 20-ի համար։ Դրանք այն իրավախախտումներն են, որոնց հետևանքով պատահարի և մահվան կամ վիրավորվելու պատճառականությունը ՃՈ-ում պարբերաբար իրականացվող վերլուծության արդյունքում ճանաչվում է որպես օրինաչափություն:

Այս թեմայով կարդացեք նաև՝ «Տուգանքների չափերը կնվազեն, բայց և վարորդական իրավունքից զրկելու նոր համակարգ կգործի»