Ամեն ինչ հնարավոր է, եթե կա ձգտում։ Աշխատանքի ընդունվելիս պետք է համառություն, վստահություն, որ սա այն տեղն է, որտեղ ուզում ես աշխատել, և դու էլ այն մարդն ես, ով պետք է այս վայրին։ Մեր պատմության հերոսն այս անգամ Պատահարների գրանցման բաժնի ղեկավար Պապին Գալստյանն է։

Պապինն իր աշխատանքը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում սկսել է 2012 թվականին, երբ դեռ ուսանող էր, «Ապահովագրական գործ» մասնագիտությունն էր սովորում։ Անկեղծանում է, թե մասնագիտությունը լրիվ պատահական է ընտրել։ Տնտեսագիտական համալսարանի պատին փակցրած էին տարբեր ֆակուլտետների համապատասխան բաժինների անվանումները, պիտի մտապահեիր քեզ անհրաժեշտն ու արդեն ներսում դիմում-հայտում լրացնեիր այն։ Ասում է, որ բոլոր բաժիններն ունեին երկար, չհիշվող անուններ, միայն երկու բաժին էր կարճ հասկանալի՝ «Ապահովագրական գործ», «Մաքսային գործ»։ Այդպես էլ արեց, ներս գնաց ու հայտում գրեց այդ երկուսը՝ առաջին տողում նշելով «Ապահովագրական գործը»։ Քննությունների ավարտից հետո արդեն պատին փակցրած ցանկում կարդաց իր անունը։

«Գիտե՞ք, պապիկիս երազանքն էր․ես նրա առաջին տղա թոռն էի, ասում էր՝ երանի այն օրը, երբ անունդ կկարդամ համալսարան ընդունվածների ցանկում։ Ափսոս, ինքն այդքան չապրեց, բայց վստահ եմ, որ հոգին հանգիստ է, որովհետև իր երազանքը ես կատարեցի»,- անկեղծանում է Պապինը։

Հիշողությամբ մանկություն է վերադառնում․ծնվել է Արմավիրի Խանջյան գյուղում։ Ապրել են մեծ, հաշտ ու համերաշխ ընտանիքում՝ տատիկի, պապիկի, հորեղբոր ընտանիքի հետ։ Երբ արդեն դպրոց գնալու ժամանակն էր, ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Արմավիր քաղաք։ Պապինը խոստովանում է, որ երկար ժամանակ չէր հարմարվում քաղաքին, կարոտում էր գյուղը, յուրաքանչյուր ուրբաթ դպրոցից հետո գյուղ էր գնում, հանգստյան օրերն այնտեղ անցկացնում, սիրելի գյուղում էր նաև բոլոր արձակուրդների ընթացքում։

«Այն մարդը, որը գյուղում չի ապրել, միգուցե ինձ չհասկանա, բայց մինչև հիմա էլ այդպես եմ մտածում՝ ապրելու տեղը գյուղում է՝ մաքուր օդ, ծառեր, հանգստություն»,- ասում է Պապինն ու հավելում, որ թեպետ մայրաքաղաքում ապրելու հնարավորություն կա, բայց մինչև այսօր էլ ընտանիքի հետ Արմավիրում է ապրում ու ամեն օր այնտեղից աշխատանքի գալիս։ Ծիծաղելով հիշում է, որ երբ աշխատանքի էր ընդունվում, ընկերությունում շատերը մտավախություն ունեին, թե հեռվից է գալիս, ամեն օր աշխատանքից ուշանալու է, մինչդեռ ոչ մի անգամ նման բան չի պատահել։

«Մարդու մեջ ձգտում պետք է լինի, տեղը կապ չունի»։

Ձգտումն ու համառությունը Պապինին պետք եկան նաև ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում աշխատանքի անցնելիս։ 2012թվականին ամռանը, երբ դեռ ուսանող էր, պիտի ուսումնական պրակտիկա անցնեին որևէ ֆինանսական կառույցում։ Հիշում է, որ կուրսում գրեթե բոլորը տարբեր բանկեր էին ընտրել, միայն ինքն ու կուրսից մեկն ընտրել էին ապահովագրական ընկերություն: Պրակտիկայի ավարտից հետո իմացավ, որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում թափուր հաստիք կա հենց պատահարների գրանցման բաժնում, որն իրեն ամենից շատ էր հետաքրքրում․ դիմեց և ընդունվեց աշխատանքի։ Այս բաժնում աշխատանքը դժվար է, բայց հետաքրքիր․ ամեն օրդ ուրիշ է։ Ինչ ասես, որ չի լինում։ Կարևորն այս գործում ազնիվ լինելն է, որովհետև պատահարը գրանցողից շատ մեծ բան է կախված։

«Մի անգամ առավոտյան ժամը 11-12-ի կողմերն էր, ավտովթար տեսա, լուսանկարեցի։ Հետո ժամը 2-ին մոտ ավտովթարն ինձ միացրեցին, որ սպասարկեմ։ Գնացի, վարորդին ցույց տվեցի իմ արած լուսանկարները՝ ապացուցելով, որ վթարը ժամեր առաջ է եղել, ոչ թե նոր։ ԱՊՊԱ պայմանագիր չէր ունեցել, ավտովթարից հետո էր կնքել, փորձում էր «խաբել», բայց չստացվեց»։ Այսքան տարիների ընթացքում անթիվ պատահարներ է սպասարկել, չի բացառում, որ եղել են փոքր դեպքեր, երբ վարորդին, այնուամենայնիվ, հաջողվել է խաբել իրեն։

Եղել են դեպքեր, որոնց մասին այսօր պատմելն արդեն զավեշտալի է։ Օրինակ, մի անգամ մեկ օրվա ընթացքում նույն վարորդի միանգամից 3 վթար է սպասարկել․

«Երրորդ անգամ, որ գնացի, ասացի՝  «հիմա ու՞ր ես գնալու»։ Վարորդն ասաց՝ տուն։ Ասացի՝ «Ես քեզ կտանեմ», որ չորրորդ անգամ էլ վթարը չսպասարկեմ»։

Պատահարների գրանցման բաժնում աշխատանքը մի քիչ նմանեցնում է բանակային ծառայության։ Կարող ես անձրևի տակ մնալ, մրսել, թրջվել, վերադառնալ գրասենյակ, մի կերպ հագուստը չորացնել և այլն։ Այս գործը նաև վտանգներ ունի․ երբեմն ստիպված ես պատահարը սպասարկել գիշերը,  վատ լուսավորված կամ չլուսավորված ավտոճանապարհին՝ այս ու այն կողմից դիտելով, լուսանկարելով մեքենան։ Պապինը խոստովանում է, որ որքան էլ հետաքրքիր աշխատանք է, բայց նաև դժվար է․ամեն մեկը չի կարող աշխատել։ Վթարի ժամանակ ամեն ինչ էլ կարող ես տեսնել՝ մահ, արյուն, փշրված ճակատագրեր․․․

«Երբ դիտում եմ վթարի տեսագրությունները, ինքս ինձ համար վերլուծություններ եմ անում, ավելի զգոն դառնում։ Գիտեք՝ մարդը կարող է ամեն ինչ ունենալ՝ տուն-տեղ, լավ աշխատանք, թանկ ավտոմեքենա, ընտանիք․ մի սխալի, անուշադրության, հարբած լինելու պատճառով ամեն ինչ կորցնի»,- պատմում է Պապինը։

2017թվականին Պապինին առաջարկեցին ղեկավարել Պատահարների գրանցման բաժինը։ Թեպետը դաշտային աշխատանքը սիրում է, բայց համաձայնեց առաջարկին։

Անկեղծանում է, որ եթե մի օր փոխի աշխատավայրը, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ չի լինելու պարզապես որպես նախկին «գործի տեղ», այլ միշտ մնալու է հարազատ մարդկանցով հարազատ տեղ, որն իրեն տվեց այնքան շատ բան, որ դրանից ավելին չի լինում։ Իրեն հավատացին, վստահեցին, Բացի այն, որ առանց ծանոթության ընդունվեց աշխատանքի, աշխատանքային հաջողությունների հասավ՝ դառնալով բաժնի ղեկավար, այստեղ նաև իր ընտանեկան երջանկությունը գտավ, հանդիպեց ապագա կնոջը՝ Նաիրային։ Ու իրենց երջանկությունն արդեն անուն ունի՝ Դավիթ։