Վերջերս պատահարի վայր մեկնած մեր աշխատակիցները տեղ հասնելով մի քանի րոպե զարմացած ուսումնասիրում էին ավտովթարի մասնակից դարձած մեքենան։ Վնասը փոքր էր, բայց ավտոմեքենան այնքան անսովոր էր, որ չորս կողմից պտտվում էին՝ փորձելով հասկանալ, թե սա ինչ մեքենա է։ Իսկ տեխանձնագրում նշված տվյալները մեքենայի անսովոր լինելը կրկնապատկեցին՝ մանիշը՝ Home-made, տիպարը՝ P.M.K, թափքի տեսակը՝ պիկապ։

Ամեն ինչ սկսվեց աղբանոցում հայտնված Ժիգուլու «կմախքից»․ մասնագիտությամբ ֆիզիկայի, մաթեմատիկայի ուսուցիչ Մերուժան Պետրոսյանն այն գտավ սրանից մոտ 30 տարի առաջ, տուն բերեց ու սկսեց ավտոշինարարությունը։ Մասնագիտությամբ ոչ ավտոշինարար է, ոչ ավտոմեխանիկ, բայց «ձեռքի շնորհքը» գեներով է փոխանցվել․ արհեստավորների ընտանիքից է։ Ընկերների, հարևանների, բարեկամների օգնությամբ հավաքվեցին տարբեր մակնիշների ավտոմեքենաների մասեր՝ ՈՒԱԶ, Նիվա, Զիլ, Գազ 2401, Գազ 52, Ժիգուլի, Մերսեդես և այլն։ Այն, ինչ պակասում էր, Մերուժան Պետրոսյանն իր ձեռքերով էր պատրաստում՝ տարբեր երկաթի կտորներ հարմարեցնում, ճկում, ձև տալիս, շատ բան կրկին ավտոմեքենաների գերեզմանոց-աղբանոցից էր գտնվում, օրինակ, ԶԻԼ-ի капот-ը։ «Գրադի» հրթիռների համար նախատեսված արկղի փայտերով էլ թափքը պատրաստեց, ու ստացվեց մարդատար-բեռնատար։

Շահագործման առաջին օրվանից ավտոմեքենան ոչ մի օր չի հիաթափեցրել տիրոջը՝ 600 կգ բեռնատարողությամբ թափքով շինարարական նյութեր տանել-բերել, այգու բերք ու բարիքը տեղափոխել, տիրոջը տանել, հասցնել անգամ Ախալքալաք ու անփորձանք հետ բերել։

Հպարտությամբ ասում է, որ սա «խերով» մեքենա է․ այսքան տարիների ընթացքում միայն մեկ անգամ է փոքրիկ վթար ունեցել, այն էլ՝ ոչ իր  մեղքով։ Ի դեպ, այս անսովոր ավտոմեքենան ապահովագրված է «Նաիրի Ինշուրանս»-ում։

Որքան անսովոր ավտոմեքենան է, նույնքան անսովոր էլ հաշվառման պատմությունն է ստացվել․

«Դե ստեղծողը ես եմ, ասացին, որ տիպարը կարող եմ ես ընտրել, ես էլ առաջարկեցի, որ գրեն P.M.K՝ Պետրոսյան Մերուժան Կարապետի»,-Մերուժան պապիկը պատմում է, որ այդպես տեխանձնագրում ստացվեց «տիպարը՝ P.M.K, տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ պիկապ,  մակնիշը՝ HOME-MADE»։ Ասում է, որ եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են, որ իրենց համար էլ նման ավտոմեքենա «հավաքվի», առաջարկել են անգամ ավտոմեքենան փոխանակել Նիվա մակնիշի ավտոմեքենայի հետ, սակայն ՃՈ-ում իրեն զգուշացրել են, որ հեղինակային գործ է, վարելու իրավունք միայն ինքն ունի, չի կարող վաճառել կամ հավաստագրով փոխանցել։ Բայց դե վաճառելը, փոխանակելը կամ մեքենայից հրաժարվելը Մերուժան պապիկի մտքով չի էլ անցել, քանի որ իր ձեռքերով պատրաստված մեքենայից ավելի հարազատ ու նաև հավատարիմ տարբերակ հաստատ չկա։

Լուսանկարները՝ Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալությունից, որը ևս անդրադարձել է HOME-MADE մակնիշի ավտոմեքենային։