Եթե ձեր ավտոմեքենայում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, որ, օրինակ, առջևից ընթացող մեքենան խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները, ապա կարող է արձանագրված նյութը փոխանցել Ճանապարհային ոստիկանությանը։ Վերջինս կտուգանի կարգազանց վարորդին թույլ տված խախտման համար։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են օնլայն ուղարկել Ճանապարհային ոստիկանության հատուկ հավելվածին։ Ստացված նյութերի հիման վրա ՃՈ-ն կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն և կտուգանի կարգազանց վարորդներին:

Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ այդ տեսանյութի նկարահանման ժամանակը ևս հստակ ֆիքսվելու է, ինչպես նաև տեսանյութ ուղարկողի անձնական տվյալները հասանելի չեն լինելու երրորդ կողմի համար: Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ Կառավարության վերաբերմունքը դրական է այս օրենքի նախագծի նկատմամբ, քանի որ նման ձևով հնարավոր է մի շարք իրավախախտումներ հայտնաբերել:

Ըստ օրենքի առաջարկվող փոփոխության ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնում է, եթե.

1) ֆիզիկական անձի կողմից իրավախախտումն ամրագրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգչային ծրագրի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնելիրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող մեխանիկականտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաև պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը,

2) իրավախախտում ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

Նշենք, որ նախատեսվող հարթակում կարող է գրանցվել զանկացած ֆիզիկական անձ։

Մաղթում ենք առանց խախտումների, հետևաբար նաև առանց տուգանքների անվտանգ երթևեկություն։