«Բա ու՞ր են ձեր զույգ քույրիկները»․ գրասենյակ եկող յուրաքանչյուր հին հաճախորդ պարտադիր այս հարցն է տալիս։ Լիլիթն ու Լիանան իրենց աշխատանքը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում սկսել են սրանից 12-13 տարի առաջ հաճախորդների սպասարկման բաժնում։ Այսօր քույրիկներն արդեն գործակալական վաճառքի տարբեր բաժիններ են ղեկավարում։ Մեր հերթական պատմությունը Լիլիթ և Լիանա Հակոբյանների մասին է։

Այն, որ երկվորյակ են և ինչ-որ առումով տարբերվում են մյուս երեխաներից, Լիլիթն ու Լիանան խոստովանում են, որ արդեն բավականին մեծ տարիքում են գիտակցել։ Սովորել են միևնույն դասարանում, հետո մասնագիտության միանման ընտրություն կատարել․ ծիծաղելով պատմում են, որ թեպետ ընդունելության քննություններից տարբեր միավորներ են ստացել, բայց վերջնարդյունքում գումարային նույն միավորներն են ունեցել։ Ասում են, որ աշխարհայացքով նման են, բայց բնավորության առանձին գծերի տարբերություններ ունեն․

«Լիանան եթե մի բան որոշում է, հակառակը համոզել չի լինում, իսկ ես ավելի հարմարվող եմ, թեպետ շատերը մտածում են, որ հակառակն է՝ համառ եմ, մեր զույգի գլխավորն ու որոշողը ես եմ, բայց այդպես չէ»,- ժպտալով պատմում է 20 րոպեով Լիանայից մեծ Լիլիթը։

Երկուսն էլ մասնագիտությամբ տնտեսագետ են (մասնագիտացումը՝ ապահովագրող)։ Հիշում են, որ 13 տարի առաջ ուսումնական պրակտիկայի էին եկել ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ։ Պրակտիկայի ավարտին իմացան, որ մեկ թափուր հաստիք կա։ Աշխատանքի անցավ Լիլիթը։ Իսկ Լիանան որոշեց հնարավորությունը ձեռքից բաց չթողնել և ազատ ժամանակն օգտագործել իսպաներեն սովորելու համար։ Մի քանի ամիս անց կրկին թափուր հաստիք ազատվեց, ու Լիլիթին միացավ Լիանան։

Քույրերն անկեղծանում են, որ իրենք միշտ ավելի ուժեղ են, քանի որ միասին են ու սովորաբար՝ համակարծիք։ Անգամ գործընկերները գիտեն, որ եթե երկու քույր մի բան որոշում են, ուրեմն՝ վերջ։ Ընկերներ լինելուց բացի նաև համախոհ են։ Այո, երբեմն վիճում են, հնարավոր է՝ մի քանի ժամ իրար հետ չխոսեն, բայց ի վերջո իրենք քույրիկական մեծ սերն է հաղթում։

Շատ ընկերներ ունեն, բայց ամենամտերիմ ընկեր կամ ընկերուհի՝ ոչ, որովհետև իրենք քույր լինելուց բացի նաև ամենամտերիմ ընկերուհիներ են, որոնք նաև միշտ միասին են ճամփորդում։ Ընկերությունում նրանք հայտնի են իրենց լավ ծրագրված ֆանտաստիկ մատչելի կազմակերպված ճամփորդություններով։ Լիանան հիշում է, որ մոտ 10 տարի առաջ, երբ դեռ երկու քույրերով աշխատում էին սպասարկման բաժնում և պարբերաբար զբոսաշրջային ապահովագրություններ վաճառում տարբեր գրավիչ ուղղությունների համար, մտածեց՝ իսկ ինչու՞ իրենք էլ չճամփորդեն։ Մտածեց ու անցավ գործի․

«Ամեն ինչ ես եմ ծրագրում, ընտրում եմ ուղղությունը, կազմում ամբողջ երթուղին։ Լիլիթն ընդամենը պետք է իր համաձայնությունը տա։ Ուր կգնանք, ինչքան կմնանք,  ինչպես կգնանք․ ճամփորդությունների համակարգողը ես եմ»,- պատմում է Լիանան, իսկ Լիլիթը շարունակում է քույրիկի խոսքը․

«Լիանան ընկերությունում և շրջապատում բոլորին օգնում է ճամփորդություն կազմակերպել։ Այնքան մատչելի տարբերակներ է կարողանում գտնել, որ երբեմն անհավատալի է թվում։  Մեր ամենաէժան ավիատոմսը եղել է Վարշավայից Բրյուսել՝ 9 եվրո»։

Քույրերը համադամասեր են՝ իսկական գուրման, և ճամփորդելիս առիթը բաց չեն թողնում տեղական համերն ու բույրերը բացահայտելու համար։ Անգամ մտածում են մի անգամ էլ հատուկ գաստրոտուր անել։

Ճամփորդություններից բացի նաև ֆուտբոլի մեծ սիրահար են։ 2004թ․-ից հավաքականի ոչ մի տնային խաղ բաց չենք թողել։

«Այն ժամանակ, երբ Լիանայի հետ գնում էինք ֆուտբոլի խաղերի, մարզադաշտ եկած աղջիկներին մատների վրա կարելի էր հաշվել, մարդիկ զարմացած մեզ էին նայում»,- պատմում է Լիլիթն ու ավելացնում,որ շատ էմոցիոնալ երկրպագուներ են ու առանց էմոցիայի խաղը դիտելիս հաճույք չեն ստանում։

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային թիմի մեծ երկրպագու են և ճամփորդություններն այնպես են կազմակերպում, որ վերջում այցելեն Մադրիդ։ Ասում են, որ իրենց համար բոլոր ճանապարհները Մադրիդ են տանում։ Անգամ այս տարի Մեծ Բրիտանիա էին մեկնել, ուղևորության վերջում էլի ժամանակ գտան՝ մեկ օրով Մադրիդում լինելու համար։

Լիլիթի ու Լիանայի սերը սպորտի հանդեպ մանկուց է։ Դպրոցական տարիներին բասկետբոլ են խաղացել, մասնակցել տարբեր մրցումների․

«Չբոյովացանք, էլ չգնացինք»,- ծիծաղում են քույրերն ու բացատրում․

«Երբ քո ու մրցակցի թիմում բոլորը քեզնից բարձրահասակ են, ինչ-որ մի փուլում արդեն դժվար է խաղալը»։

Նրանց սերը սպորտի հանդեպ նաև բուհում է շարունակվել․ոչ մի սպորտային միջոցառում բաց չեն թողել, իրենք էլ իրենց նախաձեռնությամբ են կազմակերպել։ Իսկ համալսարանն ավարտելուց հետո էլ մի քայլ առաջ գնացին ու դիմեցին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ՝ մագիստրոսական կրթությունը մարզական լրագրության ֆակուլտետում շարունակելու համար։

«Որոշեցինք փորձել, որ հետո ինքներս մեզ չմեղադրենք, թե ոչինչ չենք արել»,-խոստովանում են, որ թեպետ հետաքրքիր էր, բայց հասկացան, որ մարզական լրագրությունն իրենցը չէ։ Փոխարենը շատ հետաքրքիր ավարտական աշխատանքներ պատրաստեցին, որոնցով հպարտանում են՝ «Ապահովագրությունը սպորտում» և «Սպորտը՝ որպես բիզնեսի տեսակ»։

Լիանայի ու Լիլիթի հետ զրույցի մի առանձին թեմա է երկվորյակների հագուստի հարցը։ Փոքր տարիքում միանման հագնելը հասկանում են, բայց ոչ մի կերպ չեն ընկալում, թե ինչպես կարելի է հասուն տարիքում միևնույն հագուստով ու կերպարով փողոց դուրս գալ։ Լիանան ասում է, որ երբեմն անգամ մոտենում է միանման հագուստով երկվորյակներին ու անկեղծորեն փորձում հասկանալ, թե ինչու՞ են նրանք միևնույն հագուստով, մի՞թե իսկապես նույն տրամադրությունն ունեն, նույն ոճը, գույնն են նախընտրում։ Իրենց դեպքում լրիվ հակառակն է։ Իրենք նման են արտաքինով, բայց յուրաքանչյուրն անհատականություն է՝ իր ճաշակով, ոճով, հարմարավետ հագուստի իր նախընտրությամբ։ Ու չնայած բոլոր տարբերություններին, կատակում են, որ ոչ միայն իրենց շատ ընկերների համար իրենք մնացին «զույգիկներ», այլև նրանց երեխաների համար էլ արդեն «ձուկիկներ»։ Ասում են, որ երկվորյակ լինելը երբեմն զավեշտալի պատմությունների առիթ է դառնում։

«Մենք երկրորդ հարկում ենք ապրում, մեր առաջին հարկում էլ երկվորյակ եղբայրներ են։ Մի օր իջնում եմ, եղբայրներից մեկն ասում է՝ «բարև, Լիլիթ», ասում եմ՝ «բարև, Հրայր, բայց ես Լիլիթը չեմ», ասում է՝ «ոչինչ, ես էլ Հրայրը չեմ»,- պատմում է Լիանան։

Ի դեպ, արդեն մի քանի տարի է՝ հետևում են արտասահմանյան հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող հնգյակի մասին պատմող ռեալիթիի շոուին։ Իրենց նման ու իրենցից տարբեր շատ բաներ են գտնում։

Ինչ վերաբերում է այն պատմություններին, թե երկվորյակներն իրար «զգում են» հեռավորության վրա, աղջիկները չեն հավատում, քանի որ իրենց հետ դա երբեք չի եղել։ Թեպետ վստահ են, որ իրենց չափ մտերիմ երկվորյակներ քիչ կան․ նրանք սովորել են միևնույն դասարանում, հետո կուրսում, աշխատում են նույն վայրում, ճամփորդում միասին։ Գրեթե 24 ժամ Լիլիթն ու Լիանան անբաժան են․․․