Բրիտանական ժուռնալիստները տարբեր չափանիշներով համեմատական վերլուծություն են իրականացրել կին և տղամարդ վարորդների վերաբերյալ, վերլուծության համար հիմք են ընդունել նաև ապահովագրական ընկերությունների տրամադրած տվյալները։ Կատարված հետազոտությունն ապացուցեց այն, ինչին շատերը հրաժարվում են հավատալ․ կանայք ավելի լավ են ավտոմեքենա վարում, քան տղամարդիկ և հազվադեպ են ավտոպատահարի մասնակից դառնում։ Բրիտանիայում այս փաստն ապացուցում են ապահովագրական ընկերություններում եղած տվյալները․ տղամարդիկ ավելի շատ գումար են վճարում ապահովագրության համար, քան կանայք։

Լրագրողները վերլուծել են Մեծ Բրիտանիայի խոշորագույն ապահովագրական ընկերություններում առկա վիճակագրությունը՝ հասկանալու համար, թե ինչ տարբերություն կին և տղամարդ վարորդների միջև։ Հետաքրքիր պատկեր է ստացվել․

Այո, տղամարդ վարորդներն ավելի շատ են, քան կին վարորդները՝ 53 տոկոսն ընդդեմ 47 տոկոսի։ Եվ ի՞նչ․․․ Տարբերությունն այնքան էլ մեծ չէ, փոխարենը կանայք անհամեմատ ավելի քիչ են խախտում երթևեկության կանոնները, քան տղամարդիկ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց միայն 7 տոկոսն է գերազանցում թույլատրված արագությունը, իսկ տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը հասնում է 23 տոկոսի։  Ալկոհոլի ազդեցությամբ ավտոմեքենա վարելու դեպքեր եթե կանանց միայն 1 տոկոսի մոտ է հանդիպել, ապա տղամարդկանց՝ 5 տոկոսի։ Առանց ապահովագրության ավտոմեքենա է վարել կանանց միայն 5 տոկոսը, տղամարդկանց՝ 18 տոկոսը։ Տուգանքները չի վճարում կանանց 3, տղամարդկանց՝ 6 տոկոսը։

Այլ խախտումների դեպքում կանանց և տղամարդկանց մինչև տարբերությունը հսկայական է՝ 5 տոկոս կանայք ընդդեմ 25 տոկոս տղամարդկանց դեմ։ Այստեղ կարող եք ասել, թե այս տվյալները ոչինչ չեն ասում կանանց ավելի լավ վարորդ լինելու մասին․ տղամարդիկ ավելի շատ են ռիսկի դիմում վարելիս և ավելի թեթև են վերաբերվում օրենքներին։  Բայց բանն այն է, որ տղամարդիկ ավելի շատ են ավտոպատահարի մասնակից դառնում, քան կանայք։

Տղամարդիկ ավելի հաճախ են դիմում ապահովագրական ընկերություններ փոխհատուցում ստանալու համար։ Մեկ այլ հետաքրքիր ցուցանիշ էլ կա՝ եթե կանանց միայն 9 տոկոսն է դիմում ապահովագրական ընկերություն փոխհատուցում ստանալու համար իր մեղքով ավտոպատահարի համար, ապա տղամարդկանց դեպքում այս տոկոսը կազմում է 17 տոկոս։

Կանայք ապահովագրական փաթեթի համար միջինը վճարում են 701 ֆունտ, տղամարդիկ՝ 793 ֆունտ․ տարբերությունը 13 տոկոս է։