Բժիշկ լինելը ոչ թե պարզապես մասնագիտություն և աշխատանք, այլև կոչում։ Այստեղ մասնագիտական գիտելիքների ու կարողությունների կողքին կարևոր են մարդկային հատկանիշները։ Այս սկզբունքը հաշվի առնելով է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ ընտրում իր բժիշկ-փորձագետներին։ Այս անգամ մեր պատմությունը բժիշկ-փորձագետ Վերոնիկա Թորոսյանի մասին է։

Վերոնիկայի տատիկի մեծ երազանքն էր, որպեսզի թոռնիկներից գոնե մեկը բժիշկ դառնա։ 9 թոռներից այս ճանապարհն ընտրեց միայն Վերոնիկան։ Մայրիկը Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն է ավարտել, ամբողջ կյանքում ինքնաթիռներ է կառուցել, իսկ հայրը ֆիզիկոս է։

«Հայրս շատ դեմ էր, որ ես բժիշկ դառնամ, ինքը դեղահաբեր չի ընդունում, բժշկի չի գնում։ Կարծում է, որ բժշկությունը չհաստատված գիտություն է, որովհետև արդյունքն ամեն անգամ կարող է տարբեր լինել՝ կախված մարդու օրգանիզմից։ Որպես ֆիզիկոս ընդունում է միայն ճշգրիտ գիտությունները։ Մնացած ամեն ինչը կասկածելի է նրա համար»,- հիշում է Վերոնիկան։

Ակնաբուժության ընտրությունը պատահաբար ստացվեց։ Վերոնիկան հիշում է, որ օրդինատուրա դիմելիս մասնագիտությունների ցանկն էր աչքի անցնում․ բացառման սկզբունքով հասավ ակնաբուժությանն ու միանգամից հասկացավ՝ այ հենց սա է։ Հատկապես երբ իմացավ, որ ամբիոնի ղեկավարն այն բժիշկն է, որը մանկությունից էր տպավորված Վերոնիկայի հիշողություններում․ ծնողներն անհանգստացած իրեն տարել էին բժշկի՝ ստուգելու տեսողությունը, որովհետև կասկածներ ունեին, թե խնդիրներ կան, բժիշկը զննել էր ու ասել՝ «Աղջիկս, հանգիստ տուն գնա, դու ոչ մի խնդիր չունես, ուղղակի շատ արագ ես հասակ առնում, ամեն ինչ լավ է»։ Արդեն օրդինատուրայում հասկացավ, որ ընտրությունը միանշանակ ճիշտ էր՝ սա իր գործն էր։ Ասում են, որ ակնաբուժությունը «բժշկության արիստոկրատիան է», մարդուն աչքի լույս ես պարգևում, երջանկանում է։ Տեսական գիտելիքների կողքին սովորելու տարիներին արդեն ակտիվ պրակտիկայով էին զբաղվում։ Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցավ։

2013 թվականն էր․ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում աշխատելու առաջարկ ստացավ։ Ապահովագրական ոլորտի հետ երբեք կապ չէր ունեցել, մտածեց, որ հետաքրքիր կլինի։ Անկեղծանում է, որ աշխատանքի անցնելուց առաջ չէր մտածում, թե երկար կմնա։ Կարծում էր, որ իր կյանքում անցումային մի շրջան է լինելու, հետո նորից կվերադառնա պրակտիկ բժշկությանը։

«Ես համակարգչից այնքան հեռու էի մինչև այստեղ գալը, միայն ԱՄՆ-ում ապրող եղբորս էլեկտրոնային նամակ էի գրում ու վերջ, ցանկացած այլ դեպքում նախընտրում էի հեռախոսս վերցնել, զանգահարել, քան թե գրել։ Իսկ այստեղ այդքան շատ համակարգիչներ, պատճենահանման սարքեր․․․ Իրականում շոկ էր։ Զրոյից սկսեցի սովորել։ Շատ զավեշտալի իրավիճակներում էի հայտնվում տեխնիկայի պատճառով։ Մի անգամ փաստաթուղթ ստացա, որը կարդալու համար պետք էր ընդամենը պտտել մի կոճակի վրա քլիք անելով։ Դա ես հիմա գիտեմ, իսկ այն ժամանակ մոնիտորը շրջեցի կարդալու համար»,- խոստովանում է Վերոնիկան և հավելում, որ այսքան տարի անց էլ շարունակում է ամեն օր մի նոր բան սովորել։

Պրակտիկ բժշկությունն ու ապահովագրական ընկերությունում բժիշկ-փորձագետ աշխատելը տարբեր են, ոչ միայն այն պատճառով, որ երկրորդի դեպքում քեզ ավելի լայն գիտելիքներ են պետք, այլև հիվանդ-հաճախորդ տարբերություն էլ կա։ Անկեղծանում է, որ աշխատանքային առաջին տարիներին հաճախ էր հանդիպում հաճախորդներին, որոնք կարծեք թե գալիս էին «կռիվ անելու», ակամա ինքն էլ նստում էր պաշտպանողական տրամադրությամբ։

«Հետո ես մի բան հասկացա, որ այդ մարդը ջղայնացած գալիս է, որովհետև մենք ենք ջղայնացած նստած։ Ի՞նչ տարբերություն՝ եթե մեզ է դիմել հաճախորդը, ուրեմն առողջական խնդիր ունի, ինչպես հիվանդանոցում։ Հետևաբար որպես բժիշկ՝ ես իրեն պիտի օգնեմ։ Ու ես սկսեցի այլ ձևով վերաբերվել հաճախորդին, այնպես, ինչպես հիվանդանոցում իմ հիվանդներին՝ նույն հոգատարությամբ։ Անգամ երբ հաճախորդի ցանկությունն իր պայմանագրին չի համապատասխանում, և ես նրան պիտի մերժեմ, միևնույն է՝ ես պիտի հոգատար լինեմ, կարողանամ ինչ-որ կերպ օգնել, որ ամեն դեպքում նա գոհ հեռանա»,- պատմում է Վերոնիկան։

 

Այսօր Վերոնիկայի երեք հեռախոսները գրեթե անդադար զանգահարում են․ նա միշտ պատասխանում է ժպիտը դեմքին, հոգատարությամբ և պրոֆեսիոնալիզմով։ Աշխատանքային ժամերին կենտրոնացած է միայն աշխատանքի վրա, անգամ անձնական որևէ զանգի չի պատասխանում։ Միակ բացառությունը մայրիկն է, նա էլ, եթե շտապ հարցեր չկան, չի զանգահարում։ Շնորհիվ իր կազմակերպվածության՝ հասցնում է ամեն ինչ, իսկ աշխատանքից հետո թեպետ շարունակում է հասանելի լինել իր կարիքն ունեցող հաճախորդների համար, բայց նաև հասցնում է իր ժամանցը կազմակերպել։ Ֆիլմերի սիրահար է, գրեթե ոչ մի կինոպրեմիերա բաց չի թողնում։ Իր զբաղված օրակարգում անպայման տեղ ունի նաև լողավազանը, իսկ ազատ օրերին սիրում է ընկերների հետ քաղաքից դուրս գնալ՝ այն պայմանով, որ էքսկուրսիայի վերջում մի «համեղ բացահայտում» է անելու։

«Ինձ համար կյանքը միշտ դրական է»,-ասում է Վերոնիկան ու հիմնավորում իր ասածը․ եթե մարդն առողջ է, սիրելի մարդիկ առողջ են, ուրեմն դժգոհելու պատճառներ չկան։  Մնացած ամեն բան անցողիկ է․․․Եթե առողջ ես, ուրեմն արդեն երջանիկ ես։