Այսուհետև մինչև 18 տարեկան երեխաների համար ևս բուժօգնությունն անվճար կլինի․կառավարությունը «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման մեջ մի շարք փոփոխություններ է կատարել։ Դրանց մի մասը վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը:

 Մինչ այս փոփոխությունների ընդունումը, անվճար բուժում էին ստանում միայն

  • հաշմանդամություն ունեցող երեխաները
  • առանց ծնողների խնամքի մնացած երեխաները
  • հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների երեխաները
  • մինչև 18 տարեկանները, որոնք դիսպանսերային հսկողության տակ են
  • մինչև 14-15 տարեկան տղաները (մինչև զորակոչային տարիքի)

Այժմ, սակայն, ընդլայնվել է ոչ միայն երեխաների տարիքային խումբը`  մինչև 7-ից դառնալով մինչև 18 տարեկան, այլև բուժօգնության տեսակները` ներառելով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հիվանդանոցային բժշկական առանձին ծառայություններ, որոնք մինչ այդ վերը նշված խմբերին իրականացվում էին վճարովի հիմունքներով: Մասնավորապես, գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, սրտի և աորտայի ներանոթային և բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները, երիկամային քարերի փշրումը (լիթոտրիպսիան) և այլն։

Այս փոփոխությունների իրականացման համար պետբյուջեից լրացուցիչ 12 մլրդ դրամ կտրամադրվի։ Առողջապահության նախարարության գնահատականով՝ այժմ ծրագրում ներառվելու է լրացուցիչ մոտ 200 հազար երեխա։

Ուշադրություն, հարկ է նշել, որ ներկայիս փոփոխությունները չեն վերաբերում ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններին և մասնագիտական բժշկական կենտրոններում`(հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունների և խորհրդատվությունների վրա: Վերջիններս շարունակում են գործել մինչև 7 տարեկան, ինչպես նաև 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար:

Նկատի ունեցեք, որ պետական պատվերի շրջանակներում մինչև 18 տարեկան երեխաների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունը, արտահիվանդանոցային ձևով իրականացվող հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և մասնագիտական բժշկական կենտրոններում` (հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունները և խորհրդատվությունները իրականացվում են երեխաներին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։