Ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտում ամեն օր ստեղծվում են նոր ստարտափեր, որոնք, բառիս բուն իմաստով, հեղափոխում են նույն այդ աշխարհը։ Մենք շարունակում ենք ներկայացնել Սևան Ստարտափ Սամմիթին մասնակցող հետաքրքիր ստարտափերը։ Այս անգամ մեր պատմությունը Ropemoney հարթակի մասին է։

Գաղափարը կար, իսկ թիմը՝ ոչ․․․ Այդպես Տիգրանը երկար ժամանակ փնտրում էր այն մարդկանց, որոնց հետ պատրաստ կլինի անցնել գաղափարից մինչև հաջողակ նախագիծ դառնալու ամբողջ ճանապարհը։ Այդպես ձևավորվեց թիմը, մարքեթինգի և բիզնեսի զարգացման մասնագետ Տիգրանին միացան երկու ծրագրավորողներ և դիզայներ։ Ու սկսվեց Ropemoney-ի իրական պատմությունը։

Ի՞նչ է Ropemoney-ն․

«Սա մի հարթակ է, որտեղ ընկերությունը կարողանում է գովազդել իրեն և վճարում է ոչ թե դիտման, ներգրավվածության, քառակուսի մետրի կամ քլիքի դիմաց, ինչպես այլ հարթակներում է, այլ միայն այն դեպքում, երբ որ դիտողներից որևէ մեկը դառնում է նրա հաճախորդը»,- ասում է Տիգրան Չախալյանը։

Տիգրանն ասում է, որ ամբողջ աշխարհում տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսվում գովազդի վրա, որի 90 տոկոսից ավելին «հետ չի վերադարձվում», այսինքն՝ նոր հաճախորդ չի ավելանում։

«Մենք դա հասկացանք ու ստեղծեցինք այս հարթակը»,- ասում է Տիգրանը։

Հարթակը ձեռնտու է ոչ միայն ընկերությունների, այլև սովորական օգտատերերի համար։ Այստեղ օրական 5 րոպե ժամանակ տրամադրելով՝ հնարավոր է միջին աշխատավարձից 4 անգամ ավելին ստանալ։

Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հասցե, ընտրել գաղտնաբառ ու սկսել դիտել գովազդը․յուրաքանչյուր դիտման դիմաց՝ ստանալով Ropemoney։

«Ընկերությունների տեսանկյունից սա շատ արդյունավետ գովազդ է, որովհետև եթե այլ կայքերում դու կարող եք չդիտել գովազդը, աչքերդ փակել, մի կողմ նայել, էջը սքրոլ անել և այլն, այս դեպքում դու պիտի նայես, որպեսզի Ropemoney աշխատես»,- Տիգրան բացատրում է, թե ինչու․ որովհետև դիտման ընթացքում երևում են թվեր, որոնք ճիշտ հերթականությամբ մուտքագրելու դեպքում է ձեր հաշվի կուտակվում այդ Ropemoney-ն։

Ի՞նչ կարելի է անել Ropemoney-ով։

Փետրվարին գործարկված այս հարթակն արդեն ունի 45-ից ավելի գործընկեր՝ ռեստորաններ, հագուստի, կոշիկի խանութներ, ծաղկի սրահ, ֆիտնես և այլն․ Ropemoney-ով հնարավոր է գնումներ կատարել գործընկերներից, բայց դրանով հնարավոր է վճարել գնման միայն 20 տոկոսը, մնացածը պետք է ընկերությանը վճարել կանխիկ։

«Սրա նպատակն այն է, որ կայքից չօգտվեն ցածր գնողունակություն ունեցող մարդիկ։ Եթե մարդը վճարունակ չի ու չի օգտվում այդ ընկերություններից, ֆինանսապես ի վիճակի չէ գոնե 80 տոկոսը վճարել կանխիկ, ինքը մեր հարթակից չի օգտվի, որովհետև եթե մեզ մոտ միլիարդներ էլ ունենա, չի կարողանալու դրանք օգտագործել։ Դա կարևոր «ֆիլտր» է»,- պատմում է Տիգրան։

Երբ օգտատերը դարձավ գնորդ, այսինքն՝ գնում կատարեց ընկերությունից՝ 20 տոկոսը վճարելով Ropemoney-ով, մնացածը՝ կանխիկ, այդ դեպքում նոր գովազդատու, գործընկեր ընկերությունը վճարում է կատարում, սա էլ փոքրիկ գումար է՝ իրեն վճարված 20 տոկոս Ropemoney-ի 20 տոկոսը, բայց կանխիկ գումարով։

Հետաքրքիր է, որ Ropemoney-ի շղթան անվերջ է․ գործընկեր կազմակերպության հաշվին փոխանցված Ropemoney-ն չի կորչում, այն կուտակվում է ընկերության հաշվին, և վերջինս այդ միավորները կարող է օգտագործել B2B գործընկերների հետ՝ նույն սկզբունքով, օրինակ՝ ձեռքբերել հաշվապահական, իրավաբանական խորհրդատվություն, ռեստորանների դեպքում՝ համագործակցել սննդի, խմիչքի մատակարարների հետ և այլն։

Այս պահին հարթակն ունի 23․000-ից ավելի գրանցված օգտատեր։ Եթե գրանցվեք և տարածեք հարթակը ընկերների մոտ, նրանք էլ գրանցվելիս նշեն այն «ռեֆերալ կոդը», որ դուք կփոխանցեք իրենց, այդ դեպքում կրկին հավելյալ Ropemoney կկստանաք։

«Բոլորին ձեռնտու է, որ մեր կայքը զարգանա, որ ավելի շատ գործընկերներ ունենանք»,- ժպտալով ու վստահ ասում է Տիգրանը։

Իսկ ինչու՞ Ropemoney․ rope անգլերեն նշանակում է պարան, money՝ գումար․ Ropemoney-ն այն պարանն է, որը կապում է ընկերությանն ու հաճախորդին։