Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպքի մասին։ Այս անգամ զեղծարարը փորձել է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությանը պատճառել խոշոր չափի՝ 1․707․000 ՀՀ դրամի վնաս։ Ստորև  ներկայացնում ենք դեպքը․

Քաղաքացի Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ի սահմաններում, իր կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի: Ա. Մ.-ն, տվյալ պահին չունենալով իր կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր, խոշոր չափերի՝ մասնավորապես մյուս ավտոմեքենայի պատճառված 1.707.000 ՀՀ դրամ վնասի գումարը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, վթարից անմիջապես հետո կնքել է իր վարած ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր: Դրանից հետո Ա. Մ.-ն զանգահարել է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերություն և հայտնել վթարի մասին, ընդունել իր մեղավորությունը, իսկ 2018թ. հոկտեմբերի 15-ին պատահարում տուժող կողմ հանդիսացող Հ․ Ա․-ն հատուցման դիմում է ներկայացրել Ռեսո ապահովագրական ընկերություն՝ 1.707.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում ստանալու համար։ Նշված հանգամանքը պարզվել է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից և Ա․ Մ․-ն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության փորձի համար, որում Ա․ Մ-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ա․Մ․-ն քրեական պատասխանատվությունից ազատվել է բացառապես համաներման ակտի կիրառման արդյունքում։

Հարգելի վարորդներ և ավտոսեփականատերեր,

Հորդորում ենք զերծ մնալ ապահովագրական զեղծարարություններ իրականացնելուց։ Հավաստիացնում ենք, որ նման դեպքերը բացահայտելի են․ ԱՊՊԱ ոլորտում առկա են բոլոր անհրաժեշտ իրավական կարգավորումներն ու տեխնիկական հնարավորությունները ինչպես զեղծարարությունների բացահայտման, այնպես էլ զեղծարարների նկատմամբ համապատասխան հետևանքներ կիրառելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար:

Տեղեկատվության աղբյուրը՝ «Հայաստանի Ապահովագրողների Բյուրո»-ի պաշտոնական կայքէջից։