Նրա «մարտական մկրտությունը» Սևանի ափին

Վրանում կեցությունը հետաքրքիր է, արկածախնդիրների համար՝ երազանք, բայց մի քանի օր շարունակ վրանում ապրելը կարող է նաև ռիսկեր ունենալ։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ, որպես Սևան Ստարտափ Սամմիթի պաշտոնական ապահովագրող, ոչ միայն ապահովագրել էր մասնակիցներին և կազմակերպիչներին դժբախտ պատահարներից, այլև հոգ էր տանում վրանային քաղաքի «բնակիչների և հյուրերի մասին» հենց տեղում։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՆՍԻ վրանում առավոտից երեկո հերթապահում էր մեր բանիմաց, հոգատար ու շատ բարի բուժաշխատողներից մեկը։ Այնպես ստացվեց, որ 7-օրյա հերթապահությունը վստահվեց մեր բժշկական թիմի ամենանոր անդամին՝ Ասյա Հարությունյանին, որն, այսպես ասենք, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ թիմում «մարտական մկրտություն» ստացավ Սևանի ափին։ Այս պատմությունը մեր թիմի անփոխարինելի անդամը դարձած Ասյա Հարությունյանի մասին է։

Դեռ դպրոցական տարիքից՝ Ասյա Հարությունյանն անթաքույց ու անկեղծ հետաքրքրություն ուներ բժշկության հանդեպ։ Հիշում է, որ այն տարիներին դասարանում աշակերտներից մեկին վստահվում էր, այսպես ասած, բուժքրոջ դերը։ Դասարանի բուժքույրն Ասյան էր, ուներ կարված պայուսակ՝ վրան կարմիր խաչ, ներսում մի քանի առաջին անհրաժեշտության դեղորայք։ Այդպես դպրոցն ավարտելուց հետո Ասյան որոշեց, որ պիտի շարունակի անել այն, ինչ իսկապես սիրում՝ օգնել մարդկանց։

Բժշկական ոլորտում է արդեն գրեթե 25 տարի։ Այս տարիների ընթացքում աշխատել է հայաստանյան առաջատար տարբեր բուժկենտրոններում։ Ամեն ինչ սկսվեց նախկին «լեչկոմիսիայի» հիվանդանոցից (հիմա՝ «Նաիրի» բժշկական կենտրոն), որտեղ Ասյան աշխատանքի ընդունվեց որպես հերթապահ բուժքույր, մի քանի ամիս անց նշանակվեց թերապևտիկ բաժանմունքի ավագ բուժքույր։ Դրանից հետո նա տարիներ շարունակ աշխատել է Էրեբունի հիվանդանոցի և Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում։ Այնուհետև 10 տարի աշխատել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում։ Ի վերջո, ընդամենը երկու շաբաթ առաջ Ասյան աշխատանքի ընդունվեց ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունում, որտեղ արդեն տարիների ընթացքում կուտակած բժշկական փորձն ու գիտելիքները պիտի մի քիչ այլ տեսանկյունից կիրառի։

Աշխատանքային բուռն ու գերզբաղված տարիների ընթացքում հասցրել է նաև սեզոնային բուժքրոջ աշխատանք կատարել Սևանի ափին գտնվող հայտնի ու հեղինակավոր հանգստյան տներից մեկում, հետևաբար սևանյան ամառվա պայմաններին լավածանոթ էր և արդեն գիտեր, թե սովորաբար ինչ խնդիրներով են մարդիկ բժշկի դիմում Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհու ափերին հանգստանալիս։ Այդպես Ասյան շատ սիրով ընդունեց առաջարկը՝ 7-օրյա հետաքրքիր ու հագեցած հերթապահություն կատարել Սևան Ստարտափ Սամմիթի շրջանակում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հյուրընկալ վրանում։ Յուրաքանչյուր օր Ասյան օգնություն էր տրամադրում և խորհուրդներ տալիս միջինը 15-16 այցելուի, իսկ երեկոյան Ասյային միանում էին նաև ընկերության մյուս փորձառու բժիշկները՝ հոգ տանելով «բնակիչների և հյուրերի մասին»։ ՆԱԻՐԻ-ի թիմը սերտորեն համագործակցում էր նաև արդեն 3 տարի Սամմիթի տարածքում հերթապահող բուժկետի հետ։

«Մի օր ամուսիններ եկան․ իրենք Սամմիթի մասնակից չէին հյուր էին։ Կինը լավ չէր զգում, համապատասխան խորհդատվություն տրամադրեցի, օգնեցի այդ պահին ինչպես հնարավոր էր, հետո նրանք գնացին։ Դրանից հետո մտածում էի՝ տեսնեն ինչպես է տիկինը, որովհետև արդեն գնացել էին։ Շատ ուրախացա, երբ հաջորդ օրն ամուսինը հատուկ եկավ մեր վրան շնորհակալություն հայտնելու և տեղեկացնելու, որ կինը լավ է»,- պատմում է Ասյան։

Ամփոփելով իր 7-օրյա հետաքրքիր, հագեցած ու ոչ հեշտ աշխատանքը Սևանի ափին՝ ասում է, որ դա իրեն հնարավորություն տվեց կարճ ժամանակում ճանաչելու այն թիմին, որին միացել է։ Որպեսզի գործդ լավ կատարես, կարևոր է, թե ինչ մթնոլորտում ու միջավայրում ես աշխատում։ Անկեղծորեն ուրախ է, որ հերթական անգամ ճիշտ ընտրություն է կատարել։ Սա այն թիմն է, որտեղ ցանկացած հարցում մեկը մյուսին ձեռք է մեկնում, օգնում՝ անկախ աշխատանքից, պաշտոնից ու դիրքից։ Հասցրել է արդեն շատ սիրել բոլոր թիմակիցներին ու հատկապես՝ անմիջական ղեկավարին, որին բացահայտեց թե որպես մարդ, թե որպես պրոֆեսիոնալ։