Այս վստահությամբ արդեն 4-րդ տարին է` Սևանի ափին հավաքվում են նորարարական մտածողություն ունեցող երիտասարդներ Հայաստանից ու աշխարհի տարբեր կողմերից: Այս տարի Սևան Ստարտափ Սամմիթը մեկտեղել է 120 ստարտափ թիմեր աշխարհի 45 երկրներից, բազմաթիվ ներդրողների, գործարարների` գտնելու լավագույններին: ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ շարունակում է պատմել Սամմիթին մասնակից ստարտափ նախագծերի մասին:

aREe

Արի վերամշակենք, արի քչացնենք աղբը, արի օգնենք իրար. ասում են aREe ստարտափի հեղինակ աղջիկները, որոնք մշակել են հեռախոսի հավելված, որը հնարավորություն է տալու իրենց կողմից արդեն չօգտագործվող իրերը ոչ թե դեն նետել, այլ վաճառել: Սա աղբն ավելորդ անգամ չավելացնելու հնարավորություն է: Ներդրվելու է “coin system”, հատուկ համակարգ, որով վաճառք իրականացնողը գնորդից ստանալու է coin` բոնուսային միավորներ: Ստացած coin-երը շրջանառվում են հավելվածում և դրանցով նա կարող է ցանկացած այլ գնում կատարել գործընկերներից` գնել ապրանք կամ ծառայություն: «Մենք ձեզ տալիս ենք հաճախորդ, դուք մեզ տալիս եք cashback, որը հավելվածում վերածվելու է coin-ի». ասում են աղջիկներն իրենց պոտենցիալ գործընկեր-հովանավորներին: aREe-ն դեռ գաղափարի մակարդակում է, բայց արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել: Աղջիկներն ակտիվորեն աշխատում են իրենց գաղափարի աջակիցներին գտնելու ուղղությամբ:

Fupe

«Նոր LinkedIn քիլլերը Հայաստանում» . այսպես են «Ֆյուպի» հեղինակները բնորոշում իրենց ստարտափը: Ինչ է այն.ըստ էության մասնագիտական սոցիալական կապեր ստեղծելու հարթակ է, բայց ի տարբերություն LinkedIn-ի, այն ավելի շատ ֆիլտրերի, թեգերի հնարավորություն է տալու: Սոցիալական ցանցերը շատ կապեր հաստատելու հնարավորություն են տալիս, սակայն հասնում ես մի փուլի, երբ փնտրում ես կոնկրետ մեկին, օրինակ, գործնական կապեր հաստատելու համար և, այսպես ասած, միջնորդի կարիք կա, որ կօգնի կապել քեզ փնտրածդ կոնտակտի հետ: Ինչպես գտնել ճիշտ, լավագույն, իրական միջնորդին. Ֆյուպը ցույց կտա լավագույն ու վստահելի միջնորդ կոնտակտը: Սա շատ հարմար է նաև ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման համար, որովհետև հնարավորություն կտա աշխատակիցների մասին անհրաժեշտ ինֆորմացիան մեկ տեղում պահել: Եթե LinkedIn – ում հնարավոր է, որ գրանցվելիս օգտատերը սխալ ինֆորմացիա տրամադրի աշխատավայրի մասին, ապա Ֆյուպում գործատուն պիտի հաստատի, որ գրանցվողն իսկապես իրենց աշխատակիցն է: Սա, իհարկե, Ֆյուպի առավելությունների և հնարավորությունների շատ փոքր մասն է: Այն կլինի ճկուն և կհարմարեցվի գործատուի կարիքներին:

ARD Music

Քո յուրաքանչյուր օրն ունի իր երաժշտությունը, և ամեն մեկն ունի իր չկրկնվող երաժշտությունը. վստահ են այս անսովոր ստարտափ թիմի անդամները: ARD Music-ն արհեստական բանականության վրա հիմնված երաժշտություն գեներացնող հարթակ է, որն օգնում է ստանալ անհատական երաժշտություն՝ վերլուծելով օգտատերերի ամենօրյա գործողությունները, ակտիվությունը, զգացմունքները, տրամադրությունն ու անգամ եղանակը: Գաղափարի հեղինակ Ռոմեո Ավագյանն ասում է, թե ինչու միշտ պետք է լսել երաժշտություն և ըստ այդմ գեներացնել պարը: Իսկ եթե հակառակը լինի ու շարժումները գեներացնեն երաժշտություն: Մտածեց, հավաքեց իր թիմակիցներին ու սկսեցին արհեստական բանականությանը սովորեցնել մարդու օրվա մասին պատմել երաժշտությամբ: Վերլուծելով արդյունքները` կարող է ստացվել 40 վայրկյանից մինչև 1 րոպե 36 վայրկյան լինի` կախված օրվա ակտիվությունից: Խոստովանում է, որ սկզբում շատերը չէին հավատում, որ հնարավոր է նման բարդ խնդիր լուծել, բայց կարճ ժամանակ անց անց ոչ միայն չհավատացողներին համոզեցին, այլև մի քանի անգամ տարբերակ մրցույթներում հաղթեցին իրենց գաղափարով: Սամմիթին մասնակցում են ոչ միայն հաղթելու համար, այլև իրենց մոբայլ հավելված զարգացման վերաբերյալ կարծիքներ ստանալու համար: Բանն այն է, որ հավելվածի ներսում օգտատերերը կարող են ոչ միայն լսել իրենց օրվա երաժշտությունը, այլև կիսվել դրանով, այստեղ հասկացան, որ հավելվածում մեկնաբանությունների դաշտի կարիք կա, ինչն ավելի հետաքրքիր կդարձնի այն օգտատերերի համար: Ի դեպ, նրանց թիվն արդեն գրեթե 500 է: Առաջիկայում հնարավոր է, որ օրվա երաժշտությամբ օգտատերը կարողանա կիսվել ոչ միայն հավելվածի ներսում, այլև սոցիալական ցանցերում: