Արդյոք հնարավոր է նորարարական գաղափարով կամ նախագծով գալ բիզնես-համաժողովի, իսկ գնալ, ասենք, 10.000 դոլար ֆինանսավորում ներգրաված։ Այո, հնարավոր է, եթե մասնակցում եք Սևան Ստարտափ Սամմիթին։ Արդեն 4-րդ տարին է, ինչ Սևանի ափին հիմնադրվում է վրանային քաղաք ու դառնում աշխարհի տարբեր կողմերում ապրող նորարար, ստեղծարար մարդկանց հանդիպատեղի։ 7 օրում ստարտափ թիմերն ու անհատ մասնակիցները փորձում են լուծել տարբեր խնդիրներ, զարգացնել իրենց գաղափարները, նախագծերը, գտնել դրանց համար ներդրողներ։

COWnet-ը դրանցից մեկն է։ Ստարտափի հեղինակներն ուսումնասիրել են այն խնդիրները, որոնց բախվում է հայաստանցի ֆերմերը, ու որոնք խոչընդոտում են, որպեսզի մեր երկրում անասնապահությունը զարգանա։ Օրինակ, ինչպես իմանալ, թե երբ է կովերի սերմնավորման ճիշտ ժամանակը, արդյոք կերակրումը ժամանակին և ճիշտ է կազմակերպվում կամ կովիկն արդյոք հիվանդ չէ։ Բոլոր այս հարցերի պատասխանները ստանալու համար ստեղծվել է կովերի «ֆիտնես թրեքեր», որն ամրացվում է կովի պարանոցին և համապատասխան ազդանշաններ հաղորդում կովի առողջության, սերմնավորման ժամանակի և կերակրման մասին։ Ամբողջ տեղեկատվությունն ընդունվում է սերվերների միջոցով, հետո ուղարկվում ֆերմերին։ Իրեն անհրաժեշտ տեղեկությունները ֆերմերը ստանում է հեռախոսով՝ հավելվածի միջոցով։

Սա ոչ միայն մեծ հետաքրքրություն է առաջացրել հայաստանյան ֆերմերների շրջանում, այլև արդեն կա առաջին համարձակ փորձարկողը։ Բարձրաշեն գյուղի ֆերմայում պայմանագրով տրամադրված են առաջին թրեքերները։ Ի դեպ, ստարտափի հեղինակները նախատեսել են, որ թրեքերները տրամադրվելու են ֆերմերներին ոչ թե որպես սեփականություն, այլ պայմանագրով նախատեսված ժամկետում սահմանված ամսավճարի դիմաց դրանք օգտագործվելու են, այնուհետև պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ վերադարձվելու։ Ստարտափի հեղինակները վստահ են, որ թրեքերները հետաքրքիր կլինեն ոչ միայն Հայաստանի, այլև հետխորհրդային բոլոր երկրների համար, որտեղ անասնապահության զարգացման հնարավորություններ և պոտենցիալ կան, բայց առկա խնդիրները շատ առաջ գնալ թույլ չեն տալիս։

Սևան Ստարտափ Սամմիթին եկել են, որպեսզի հնարավորինս շատ պատմեն իրենց COWnet-ի մասին, հետաքրքրություն առաջացնեն այն մարդկանց շրջանում, ովքեր անտարբեր չեն շրջակա միջավայրի հանդեպ։ Վստահ են, որ այս Սամմիթը ոչ միայն մասնակիցներին տալիս է  հզոր էներգիա ավելի շատ աշխատելու, այլև հնարավորություններ մեծ և լուրջ կապեր հաստատելու համար։

Հիշեցնենք, որ այս տարի ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը ևս միացել է Sevan Startup Summit 2019-ին՝ իր ներդրումն ունենալու ստարտափ գաղափարների ստեղծման ու զարգացման գործում։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ հանդես է գալիս որպես Սամմիթի պաշտոնական ապահովագրող՝ ապահովագրելով կազմակերպիչներին և մասնակիցներին դժբախտ պատահարներից, ինչպես նաև Firecode Marathon ծրագրավորողների մրցույթի առաջին հովանավորն է։