Կարիերայի աճի հնարավորություն՝ սովորական աշխատողից մինչև բաժնի, ապա վարչության ղեկավար և նույնիսկ տնօրեն։ Սա ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն է, որտեղ աշխատողին հնարավորություն են տալիս ինքնադրսևորվելու, զարգանալու, աճելու, որտեղ աշխատողին գնահատում են ու նրա մասին հոգ տանում։ Ինչպե՞ս տարիներ առաջ որպես սովորական իրավաբան աշխատանքի ընդունված Մանե Մարտիրոսյանն իր գերպրոֆեսիոնալ, նվիրված աշխատանքի շնորհիվ դարձավ ընկերության գործառնական գծով փոխտնօրեն։

Մանե Մարտիրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամը, ունի մագիստրոսի աստիճան, ավարտական աշխատանքը պաշտպանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ ֆրանսիական խստությամբ՝ նոտարի մոտ։ Հայաստանից դուրս ձեռքբերած գիտելիքները նա փորձել է սերմանել արդեն այստեղ՝ աշխատելով տարբեր կառույցներում՝ պետական, դատական, մասնավոր, բանկային ոլորտ և այլն, իսկ վերջին 10 տարում նա «Նաիրի Ինշուրանս»-ում է։ Պարզապես աշխատանքային հայտարարությունների կայքերից մեկի միջոցով ուղարկեց իր համառոտ ինքնակենսագրականը, հրավիրվեց հարցազրույցի, անցավ աշխատանքի որպես իրավաբան, այնուհետև ստեղծեց իրավաբանական վարչություն, որը մինչ այդ չկար, ղեկավարեց այն, հետո էլ նշանակվեց ընկերության գործառնական գծով փոխտնօրեն։ Այս ամբողջը 10 տարիների պրոֆեսիոնալ, նվիրված, սկզբունքային, գործն ու մասնագիտությունը սիրող մարդու անցած ճանապարհ է։

«Եթե 100 անգամ ծնվեի և 100 անգամ էլ մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայի, ապա 100-ի դեպքում էլ նույն ընտրությունը կկատարեի՝ իրավաբան կդառնայի»,- ասում է Մանեն ու նշում, որ իրավաբանությունն օգնում է կյանքում ճիշտ ապրել, տարանջատել իրականն անիրականից, կարևորն անկարևորից, որովհետև այս գործում հաջողության հասնելու համար պիտի կարողանաս փաստերի, մանրամասների ամբողջությունից առանձնացնել կարևորները։ Այդ ունակությունը ոչ միայն գործում է պետք գալիս, այլև կյանքում, անգամ՝ մարդկային հարաբերություններում։

Մանեն հիշում է իր ամենաառաջին դատավարությունը. սովորում էր երրորդ կուրսում, աշխատում որպես փաստաբանի օգնական և պաշտպանում էր մի տարեց մարդու, որը հողային իրավունքի հետ կապված խնդիր ուներ։ Այս պատմությունը հիշելիս Մանեն ժպտում է, մտաբերում, թե որքան էր այդ մարդը վստահում, հավատում իրեն՝ երրորդ կուրսի ուսանողուհուն։ Դատական այս վեճը հաշտությամբ լուծվեց։

Ասում է, որ որպես փաստաբան հաջողելու համար պիտի համարձակ լինես, չվախենաս։ Դրա համար էլ ընկերությունում նոր աշխատանքի ընդունված իրավաբաններին որոշ ժամանակ անց սպասվում է, այսպես ասած, «մարտական մկրտությունը».

«Ընտրում եմ այնպիսի գործ, որը, վստահ եմ, նա կկարողանա վարել, և ուղարկում եմ դատարան։ Դա ամենամեծ պրակտիկան է։ Եթե ինքն այդ օրը հաջողեց, ուրեմն կկարողանա աշխատել, եթե ոչ, ուրեմն չի կարողանալու։ Դու պիտի մարտի դաշտ ուղարկես, այսպես ասած, «սահմանափակ զենքով» կռվելու, որովհետև գրասենյակում ամեն բան այլ է, դու կարող ես տաբեր գործիքների օգնությանը դիմել և խնդիրը լուծել, դատարանում է, որ գիտելիքդ ու կարողություններդ առավելագույն օգտագործել է պետք հաղթելու համար»,- ասում է Մանեն և հավելում, թե որքան կարևոր է իմանալ ուժեղ և թույլ կողմերը ու կարողանալ դրանք այնպես օգտագործել, որ դեպի հաղթանակ առաջնորդող մարտավարություն դառնա։

Խոստովանում է, որ երբ նոր էր սկսել աշխատանքային գործունեությունը, չափազանց զգացմունքային էր, և հույզերը խանգարում էին իրեն աշխատանքում։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում սովորեց ինչպես կառավարել զգացմունքները, զսպել հույզերը, որոնք, կարծում է, շատ դեպքերում խանգարում են կանանց լավ ղեկավար լինել։

Այն, որ դատարանում միշտ կշահես, միֆ է։ Բայց Մանեն նաև պարտություն չի սիրում, թեպետ հիմա այնքան ցավոտ չի տանում, որքան տարիներ առաջ էր. ամեն մի պարտություն հնարավորություն է հաջորդ անգամ հաղթելու համար։

Բնականաբար, ինչպես ցանկացած ապահովագրական ընկերություն, այնպես էլ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ապահովագրված չէ դատական գործընթացներին մասնակցելուց։ Մանեն աշխատանքային ուրույն ձեռագիր և մոտեցում ունի, որին եթե չհետևի, ուրեմն «ինքը Մանեն չէ».

«Ես վստահ եմ, որ ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն այն է՝ երբ դու կարողանում ես արդեն դատարան հասած գործը հաշտությամբ լուծել։ Մշտապես մինչև դատական նիստի մեկնարկը մոտենում եմ հակառակորդ կողմին, ծանոթանում, ներկայանում. երկու իրավիճակ կա՝ կամ մենք ենք իր դեմ հայց ներկայացրել, կամ՝ ինքը մեր դեմ։ Ես միշտ փորձում եմ պատճառները հասկանալ։ Գիտեք, լինում են անբարեխիղճ փաստաբաններ, որ համոզում են մի բան, որը չի լինելու, անհնար է, որ լինի։ Դրա հետևանքով մարդը հեռանում է՝ դատարանից, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ից, բոլորից նեղացած։ Նման հանգուցալուծում կանխատեսելիս ես փորձում եմ խորհուրդ տալ քաղաքացուն, որ միգուցե ծանոթ մեկ այլ իրավաբանի հետ խորհրդակցի և այլն»,- ասում է Մանեն՝ նշելով, որ այստեղ էլ պետք է մի քիչ հոգեբանի մոտեցում, որպեսզի այդ մարդը, որն իրականում հակառակ կողմում է, հավատա քեզ, վստահի և հասկանա, որ այս պատմության մեջ թշնամիներ չկան։ Մանեն նաև ընկերությունում աշխատող իրավաբանների համար որպես KPI՝ աշխատանքի որակի չափորոշիչներից մեկը սահմանել է հենց արտադատական հաշտությունը։

Ի՞նչ է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ՝ աշխատավա՞յր, թե՞… Վստահաբար ավելին է, քան աշխատավայրը, որովհետև մինչև այստեղ գալը Մանեն հասցրել է 7 անգամ աշխատավայր փոխել՝ փնտրելով իր գործատուին, որը կլինի չափազանց պահանջկոտ, բայց չթելադրող, որն իր առջև հստակ պահանջներ կդնի, բայց կտա ազատություն այդ պահանջներն իրականացնելու համար։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն այդ վայրն է, որտեղ մասնագետը կարողանում է ինքնադրսևորվել, զարգանալ, սովորել, ունենալ կարիերայի աճ։ Կատակում է, որ ՆԱԻՐԻ-ն արդեն իր «արյան մեջ է»։ Երկու բալիկների մայրիկ Մանեն հիշում է, որ երբ երկրորդ երեխային էր սպասում, ծննդաբերության նախորդ օրն աշխատավայրում էր,  փոքրիկի լույս աշխարհ գալուց 10 օրն անց կրկին աշխատանքի էր։   Ասում է՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ բուժում ու դեղորայք է իր համար։

Հ.Գ.  2018թ․-ին ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի Ամանորի նախատոնական երեկույթ-մրցանակաբաշխության ժամանակ Մանե Մարտիրոսյանը ճանաչվեց «Ամենախիստ ղեկավար»։ Մանեն վստահ է, որ պահանջկոտ ղեկավարն աշխարհում ամենալավն է, որովհետև քեզ կատարելագործվելու, առաջ գնալու, ավելի լավը և ուժեղ դառնալու մոտիվացիա ու հնարավորություն է տալիս։ Նա այս հարցում համոզվել է իր օրինակով։