Աշնանն ԱԺ-ն կընդունի անբարեխիղճ վարորդների տուգանային միավորների մասին օրինագիծը։  Օրերս ԶԼՄ-ները գրեցին այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նաև քաղաքացիական ակտիվիստներ։ Խորհրդակցության պատճառ է դարձել վերջին շաբաթներին հանրապետությունում և ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ մահացու ելքով ավտովթարների թվի ավելացումը։ Խորհրդակցության ընթացքում վարչապետն առաջարկել է ոչ թե ավելացնել արագաչափերի և տեսախցիկների թիվը, այլ ներդնել վարորդներին ավելի խիստ պատժելու մեխանիզմներ։
Մասնավորաբար անդրադարձ է կատարվել բալային համակարգի ներդրմանը, ըստ որի վարորդն ամեն տարի կունենա ընդամենը 9 միավոր։ Փոքր խախտումների համար (մինչև հինգ հազար դրամ տուգանք) նրա հաշվից հանվելու է մեկ միավոր։ Ոչ սթափ վիճակում վարելու և արագությունն ավելի քան 50 կմ/ժ–ով գերազանցելու համար հանվելու է միանգամից չորս բալ։ Վարորդը, որը մեկ տարում կսպառի բոլոր ինը միավորները, կզրկվի վարորդական իրավունքից։