Անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, թե ամենից հաճախ որտեղ և ինչ հանգամանքներում են մարդիկ գտնում կյանքի երկրորդ կեսին։ Թոփ եռյակում է աշխատավայրը։ Ծառայողական սիրավեպ, որը հետո դառնում է ամուր ընտանիք սա պայմանավորված է ոչ միայն սիրահարներով, այլև միջավայրով։ Ամուր հարաբերություններ, որոնք վերածվում են սիրո․սա ամեն աշխատավայրում չէ, որ հնարավոր է։ Այս պատմությունը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ բազմաթիվ զույգերից ամենառոմանտիկներից մեկի մասին է՝ Գևորգ և Ռեգինա։

Գևորգ։ Ես ինձ պատկերացրել եմ ապահովագրության ոլորտում, հենց համապատասխան մասնագիտություն էլ ստացել եմ՝ ապահովագրական գործ եմ սովորել։ Ու գիտեի, որ հաջողությունների հասնելու եմ իմ գործում, որովհետև աշխատասեր եմ ու նպատակասլաց։ 2011թ․-ին դեռ ուսանող էի, ընդունվեցի ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ որպես փորձնակ։ Պատահարների գրանցման բաժնում էի․ թե դեպքի վայր գնացողները, թե դիմումներ ընդունողները՝ բոլորը տղաներ էին, մեկ էլ մի օր եկավ Ռեգինան։

Ռեգինա։ Ես մագիստրատուրայում բանկային գործ եմ սովորել, ինչպես պարզվեց՝ լրիվ անիմաստ, հիմա նույնիսկ որ մտածում եմ այդ մասին, չեմ պատկերացնում ինձ բանկում։ Բայց այստեղ պատահական եկա, աշխատանք էի փնտրում, շատ էի ուզում աշխատել, այստեղ ինձ հնարավորություն տվեցին։ Հիշում եմ՝ աշխատանքի ընդունելիս վարչության ղեկավարը հարցրեց՝ «Ամուսնացա՞ծ ես»։ Այն ժամանակ չէի հասկանում հարցի իմաստը, ինձ շատ տարօրինակ թվաց, հետո միայն հասկացա․տղաները շատ էին, բոլորը գրեթե երիտասարդ ու չամուսնացած, քանի որ օրվա մեծ մասն աշխատավայրում էին անցկացնում, աղջիկներն էլ քիչ էին, վարչության պետը միշտ ուրախանում էր, որ չամուսնացած աղջիկ էր գալիս՝ հույսով, որ մի լավ զույգ կկազմվի

Գևորգ։ Սկզբում ոչինչ չկար, ուղղակի լավ գործընկերներ էինք, շատ մտերիմ էինք՝ միշտ կատակներ էինք անում, իրար «հոգու հետ խաղու»։ Մի օր գործընկերներով խնջույքի էինք․ այդտեղ էր, որ «կայծ առաջացավ»։ Ապրիլի 7-ին առաջին քայլս կատարեցի՝ շոկոլադներով ծաղկեփունջ անանուն ուղարկեցի։ Մի երկու օր անց սրճարան հրավիրեցի ու այնտեղ խոստովանեցի զգացմունքներս։ Ու այդ պահից սկսվեցին 1 տարի ու կես շարունակվող իմ տառապանքները (ծիծաղում է)։

Ռեգինա։ Ախր մենք լավ ընկերներ էինք, ես այլ հարաբերություններ այդ ժամանակ չէի պատկերացնում։ Ոչ կարող էի «այո» ասել ու «ոչ» էլ չէի ուզում ասել, չէի ուզում նեղացնել նրան։ Դրա համար առաջարկեցի, որ միանգամից որոշում չկայացնենք, տեսնենք, թե ժամանակն ինչ ցույց կտա։

Գևորգ։ «Ժամանակը ցույց տալը» շատ երկար ու դաժան շրջան էր։ Ամեն օր շուտ էի արթնանում, Մալաթիայից գնում Մոնոմենտ, որ իրեն ժամանակին գործի հասցնեմ։ Պատկերացնու՞մ եք, թե ինչքան շուտ էի արթնանում, որ չուշանայի։ Ամեն օր առավոտյան սեղանին շոկոլադներ էի դնում, ծաղկեփնջեր։ Այդ ընթացքում մի քանի անգամ շատ լուրջ վիճել ենք, որովհետև Ռեգինան ոչ մի կերպ չէր կողմնորոշվում, իսկ ես գիտեի, թե ինչ եմ ուզում։ Ասեմ, որ այդ ընթացքում մեր բոլոր գործընկերներն ինձ քաջալերում էին, իրեն՝ մեղադրում (ծիծաղում է)։

Ռեգինա։ Ես ուղղակի բնավորությամբ այդպիսին եմ։ Շատերի հետ կարող եմ ընկերություն անել, լավ լինել, բայց «իմ տարածք» քչերին եմ թողնում, դժվար եմ մարդկանց վստահում։

Գևորգ։ Վերջին շատ լուրջ վեճից առաջ ԱՄՆ էր գնացել երկար ժամանակով։ Անգամ չթողեց, որ ես գնամ օդանավակայան, իրեն ճանապարհեմ։ Պատկերացրեք՝ ես գաղտնի գնացել եմ օդանավակայան, որ հեռվից հրաժեշտ տամ Ռեգինային։ Վերադառնալուց հետո գնացի նրանց բակ, որ տեսնեմ։ Կանգնած էի դրսում, հաղորդագրություններ էի ուղարկում, զանգում, որ դուրս գար, որովհետև ինձ տուն գնալ կտրականապես չէր թողնում։ Տեսա, որ հայրը դրսում կանգնած է, մտածեցի՝ ինչ-որ բան է կասկածել։ Մոտեցա, ներկայացա։ Խիստ դեմքով (հիմա դե էլ այդպես խիստ դեմքով չէ, իրար հետ շատ լավ հարաբերություններ ունենք) ասաց՝ արի ներս գնանք։ Ասացի, որ կսպասեմ Ռեգինային, միասին կգանք։ Մեկ էլ Ռեգինան դուրս եկավ զայրացած․ ի՞նչ տուն գնալ, ի՞նչ բան, շատ լուրջ վիճեցինք։ Դրանից հետո մեր գործընկերների օգնությամբ հանդիպեցինք, հաշտվեցինք ու․․․․Ամեն բան տեղն ընկավ։

Գևորգ Ոսկանյանն աշխատել է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ տարբեր բաժիններում, ներկայում Կորպորատիվ հաճախորդների ներգրավման բաժնի պետն է, Ռեգինա Զաքարյանը ևս աշխատանքային տարիների ընթացքում տարբեր բաժիններում է աշխատել, ներկայում Անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետն է։ Նրանք արդեն չորս տարի է՝ ամուսնացած են և ունեն հրաշալի որդի՝ 3-ամյա Գրիգը։

Թե ինչ է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ Գևորգի ու Ռեգինայի համար, միանշանակ ասում են՝ տուն։ Այստեղ ամեն բան հարազատ է, բոլորն են հարազատ։ Իրենց այստեղից դուրս՝ այլ աշխատավայրում պատկերացնել չեն կարողանում, որովհետև ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒԱՐՆՍ-ն իրենց շատ բան է տվել՝ ոչ միայն անձնական երջանկություն, ընտանիք, այլև մասնագիտական լուրջ գիտելիքներ։ «Թե ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ է մեր մեջ ներդրում արել, թե հակառակը՝ մենք նվիրում, ջանք ու եռանդ ենք այստեղ ներդրել»,- ասում են ու շարունակում, որ այստեղ իրենք մեծացել են, հետո էլ իրենց աչքի առաջ նոր եկածներ են մեծացել։

Հ․Գ․ Ռեգինա: Մի անգամ իր հաճախումներն էի ստուգում, դե ընտանիքն ընտանիք է, գործը գործ է։ Տեսա որ ինչ-որ ժամ բաց էր մնացել Գևորգի մոտ․երևի կամ մոռացել էր արձակման թերթիկ լրացնել, կամ էլեկտրոնային փոստի հետ խնդիր էր եղել, չգիտեմ, բայց  զանգելու փոխարեն ես նամակ գրեցի, նամակն ուղարկեցի նաև տնօրենի էլեկտորանյին փոստի հասցեով՝ խնդրելով բացատրել, թե որտեղ է եղել։ Ես կարծում եմ, որ եթե մյուսների հետ այդպես եմ վարվում, ուրեմն Գևորգը չպիտի բացառություն լինի։

Գևորգ։ Իրենից թաքուն չեմ կարող անգամ վարկ վերցնել, որովհետև ինքը պիտի տեղեկանք տա (կատակում է)։