Նոր ստարտափի ստեղծման հիմնական ռեսուրսը նորարար գաղափարն է, սակայն միայն լավ և յուրօրինակ գաղափարը բավական չէ, որպեսզի ստարտափը հաջողություն գրանցի։ Պետք է նաև արագաշարժություն՝ գաղափարն իրականություն դարձնելու համար, մեծ աշխատանք, մարդկային և ֆինանսական միջոցների ներգրավում։ Sevan Startup Summit-ը հիմնադրման հենց առաջին տարվանից դարձավ մի հարթակ, որտեղ ոչ միայն ծնվում են հաջողակ ստարտափեր, այլև հետագա զարգացման համար համապատասխան միջոցներ ներգրավվում։

Ստարտափերի հաջողությունների հաստափոր պատմությունից առանձնացրել ենք մի քանիսը

2016թ

Սա առաջին տարին էր, երբ Սևանի ափին հիմնվեց վրանային քաղաքն ու 7-օրյա բիզնես ֆորումը դարձավ սովորելու, սովորեցնելու, նորը ստեղծելու ու եղած գաղափարը զարգացնելու հնարավորություններ ստանալու մի հանդիպատեղի։ Sevan Startup Summit 2016-ի ամենահիշարժան ստարտափը դարձավ  EarlyOne-ը։ «Մեր առաքելությունն է հերթերը թողնել անցյալում, որովհետև մենք հավատում ենք, որ ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է»․ ասում է EarlyOne-ն ու առաջարկում ներբեռնել հավելվածն ու սպասարկվել առանց հերթի։

2017թ․

Այս տարվա ամենահետաքրքիր ստարտափերից մեկը Expper Technologies-ն էր։ Եթե այդ սամմիթին նրանք մասնակցում էին միայն գաղափարով, հաջորդ տարի՝ Sevan Startup Summit 2018-ին արդեն ձևավորված էր MVP-ն։ Նրանք մասնակցում են նաև այս տարի՝ արդեն ներկայացնելով ռոբոտի նախատիպը։ Ընկերության հիմնադիրները վստահ են, որ ապագայում ռոբոտները դառնալու են մեր մարդկանց կյանքի անբաժան մասն ու աջակցելու առօրյայում՝ հանգստի, բիզնեսի կազմակերպման հարցում և տարբեր ոլորտներում։

2018թ․

Նախորդ տարին աննախադեպ էր մասնակիցների և ներգրավված ֆինանսական միջոցների թվով։ Sevan Startup Summit 2018-ում միանգամից մի քանի հաջողակ ստարտափերի պատմություններ սկսվեցին կամ էլ եղածները զարգացան։ Առաջինը «Ապագա»-ն է։ Այն սոցիալական բաղադրիչով հետաքրքիր ստարտափ է, որի նպատակն է թափոններից մաքրել Հայաստանն ու պահպանել մեր մոլորակը։ Գործարկվել է հատուկ փիկապ ծառայություն,  որը մոտենում է անհրաժեշտ հասցեով, վերցնում աղբի թափոնը վերամշակելու համար, դրա դիմաց տալիս զեղչի կտրոն գործընկեր կազմակերպությունների կողմից։  Sevan Startup Summit-ի շնորհիվ նրանց գաղափարի մասին շատերն իմացան, հաստատվեցին բազմաթիվ օգտակար կապեր։ Սամմիթից հետո Հայաստանում «Ապագա»-ն հաղթեց THE WORLD’S
LARGEST GREEN BUSINESS COMPETITION CLIMATE LAUNCHPAD-ում։

2018թ-ը հարուստ էր հետաքրքիր և յուրօրինակ ստարտափերով, դրա համար միայն մեկն առանձնացնել չկարողացանք։

Sevan Startup Summit-ի թերևս ամենահետաքրքիր պատմությունը SuperAnnotate AI-ինն է։ Շվեդիայում սովորող 2 եղբայրներ որոշեցին օգտագործել էին իրենցից մեկի ավարտական ատենախոսությունն ու այն ներկայացնել որպես ստարտափ։ Նրանք հաղթահարեցին նախնական փուլը, իսկ արդեն Սամմիթի ընթացքում սկսեցին աշխատել բիզնես մոդելի վրա։ Արդյունքում նրանց առաջարկը հաղթեց և շահեց գլխավոր մրցանակը, նրանք ստացան կամզակերպիչների կողմից 35,000 ԱՄՆ դոլարի ներդրում։ Տղաների հաջողությունը շարունակվեց, արդեն Սամմիթից հետո՝ աշնան ընթացքում նրանք ևս մի քանի ներդրում ստացան։ Այս պահին աշխատում են ԱՄՆ-ում, իսկ կազմակերպության արժեքն արդեն գերազանցել է 1մլն ԱՄՆ դոլարը։ Այսքանից հետո այս տարի նրանք վերադառնալու են Sevan Startup Summit։

Հիշեցնենք, որ այս տարի ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը ևս միացել է Sevan Startup Summit 2019-ին՝ իր ներդրումն ունենալու ստարտափ գաղափարների ստեղծման ու զարգացման գործում։