Յուրաքանչյուր ընկերության հաջողության պատմության հիմքում կանգնած են պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատակիցները։ Նրանք, ովքեր ընկերություն ոտք դնելու առաջին օրվանից աշխատել են սրտացավությամբ, բարեխղճությամբ, եղել պատասխանատու, արել ավելին, քան իրենց պաշտոնի նկարագիրն է սահմանել՝ հանուն գլխավոր նպատակի՝ ամուր հիմքերով, հաջողակ ընկերություն ստեղծելու համար։ Այս պատմությունը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության ամենաՀՆԱԲՆԱԿ աշխատակցի՝ Մարտիրոս Համբարյանի մասին է։

Նրա կողքին միշտ զգոն են, ձիգ ու կարգապահ։ Նրան ընկերությունում բոլորը գիտեն, անկախ տարիքից՝ դիմում են անունով՝ Մարտին․ ինքն է այդպիսի մթնոլորտ ստեղծում իր շուրջը, և նույնիսկ ընկերության ամենաերիտասարդ աշխատակիցները չեն զգում իրենց միջև եղած տարիքային տարբերությունն ու չեն կաշկանդվում։ Բոլորի գործընկերն ու ընկերը լինելով հանդերձ՝ յուրաքանչյուրից պահանջում է անբեկանելի կարգապահություն ու պատասխանատվություն գործի հանդեպ։

Ապահովագրական ոլորտ ոտք է դրել 1981թ․-ին՝ համալսարանն ավարտելուց հետո։ Առաջին ու իր կյանքում ճակատագրական դարձած աշխատավայրը «Պետապն» էր՝ Խորհրդային Հայաստանի պետական ապահովագրության  գլխավոր վարչությունը։

«Ես գյուղացի տղա եմ, ծնվել եմ Վրաստանի Ախալցխայի շրջանի Մեծ Պամաճ գյուղում։ Այն ժամանակ «աշխօր» ասվածը կար, այնքան լացեցի, խնդրեցի, որ 3-4-րդ դասարան փոխադրվելու ամառային արձակուրդների ժամանակ ինձ մի զույգ եզ տվեցին, որ տանեմ սար արածացնելու։ Դա գիտե՞ք, թե ինչ մեծ պատիվ էր, այնքան հպարտ էի»,- խոսելով աշխատանքի հանդեպ ունեցած սիրո մասին ասում է Մարտինը։

Ծանր տարիներ էին, Մարտինը, քույրն ու եղբայրը եկել էին Երևան սովորելու, ապրում էին վարձով, օգնողներ չունեին։ Այդ պայմաններում երիտասարդ տղայի համար այն տարիներին հզոր կառույց համարվող «Պետապում» աշխատանքի անցնելը կյանքի մեծագույն ձեռքբերումն էր։

«Պետապի գլխավոր վարչությունը Կառավարական երկրորդ մասնաշենքում էր․ այնքան էի ազդվել, որ աշխատելու եմ Թամանյանի գծած շենքում․ ես՝ գյուղացի տղա, մտածում էի, թե ոնց պիտի աշխատեմ, որ արդարացնեմ մարդկանց սպասումները»,- հիշում է Մարտինը։

Այդպես նա ամբողջ սրտով նվիրվեց աշխատանքին։ Խոստովանում է, որ այդ աշխատանքում «ռոմանտիկա կար»։

«Գործուղում էին տարբեր շրջաններ, յուրաքանչյուրում մոտ 1 ամիս-40 օր էի անցկացնում։ Ես հուշատետր էի պահում, որում նշում էի այդ կողմերում եղած բոլոր  տեսարժան վայրերը ու փորձում անպայման ժամանակ գտնել և այցելել»,- հիշում է իր աշխատանքային ռոմանտիկան։ Կարճ ժամանակում Մարտինը Պետապում հաջողությունների հասավ, վաստակեց գործընկերների ու վերադասների վստահությունը։ Ասում է, որ աշխատանքի հիմքում 3 կարևոր սկզբունք է դնում՝ կարգապահություն, պատասխանատվություն և բարեխղճություն։ Այդպես էլ աշխատեց մինչև Խորհրդային Միության փլուզումը, երբ Պետապն էլ փակվեց։

1996թ․-ին նրան հրավիրեցին «Նաիրի 96» ապահովագրական ՍՊԸ։ 4 հոգով ենք եղել։ Նոր հիմնադրված ընկերությանը պրոֆեսիոնալ, ապահովագրական գործը «ոտքից գլուխ իմացող» մասնագետներ էին պետք։ Այդպես սկսվեց Մարտինի աշխատանքային նոր պատմությունը։

«Նախագահ, խորհրդի նախագահ, տնօրեն, գլխավոր հաշվապահ և ես․ այսքանով սկսեցինք ընկերությունը ոտքի կանգնեցնել։ Շրջիկ գործակալներին ես էի ստուգում, նաև պատահարներ երբ լինում էին, գնում էի տեղում հատուցման հարցը կարգավորելու։ Տեղում իմ աչքերով պիտի տեսնեի, որպեսզի հանկարծ ինձ չխաբեն»,- հիշում է Մարտինը։ Այդպես տարեցտարի ընկերությունը սկսեց զարգանալ ու հաստատուն դիրք զբաղեցնել ապահովագրական շուկայում։ Անկեղծորեն խոստովանում է, որ աշխատանքից երբեք չի խուսափել և կիսատ գործ չի թողել, նույնն է անում նաև այսքան տարի աշխատելուց հետո։

«Սիրում եմ աշխատանքի շուտ գալ, ասում են՝ շահում է նա ով շուտ է արթնանում և շուտ ամուսնանում։ 8-ից սովորաբար այստեղ եմ, շաբաթ օրը նորմալ է, իսկ կիրակի օրն արդեն կարոտում եմ աշխատանքը, սպասում երկուշաբթիին։ Սիրում եմ աշխատանքը, չեմ սիրում ծույլերին»,- ասում է Մարտինը։

Հիշում է, որ խորհրդային տարիներին տարբեր երկրներից գայթակղիչ առաջարկներ է ստացել և միշտ մերժել դրանք, որովհետև չի սիրում օտարի համար աշխատել և վստահ է՝ «քանի դեռ մերը կա, պետք չէ օտարի ուղղությամբ նայել»։

Ամեն օր գործընկերներս աշխատասենյակ են մտնում, բարևում ու հարցնում․

«Ո՞նց ես»։

«Իրենք երբեմն ծիծաղում են, բայց իմ պատասխանը միշտ նույնն է՝ գերազանց։ Ասում եմ՝ ձեր շուրջը նայեք, թե ինչքան լավ է ամեն բան, ի՞նչ պատճառ կա գերազանց չլինելու համար»։

Հ․Գ․Մարտին Համբարյանի մասին ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում երկար տարիներ աշխատած ում հարցնեք, մեկը մյուսից գունեղ, համով-հոտով պատմություններ կհիշեն։ Ներկայացնում ենք այդ պատմություններից մի քանիսը․

Յուրա Պառավյան, Գույքային հայտերի կարգավորման վարչության պետ

Մարտինը բոլորիս ուսուցիչն է, հատուցումների հետ կապ ունեցող ցանկացած անձնավորություն նրանից է սովորել, եթե ոչ անմիջականորեն նրանից, ապա այն մարդուց, ում Մարտինն է սովորեցրել։ Մարտինը միշտ հետևողական է բոլոր գործերում․ աշխատանքի է գալիս բոլորից շուտ՝ սովորաբար 8-ին արդեն աշխատավայրում է։

Հայկ Ծատուրյան, Անվտանգության բաժնի պետ

Այն ժամանակ Երևանին մոտ մարզերը այստեղից էինք գնում դեպքի վայր․ մի անգամ գնացի Թալին։ Շարժվելուց առաջ Մարտինը գրանցում էր մեքենայի վազքը քանի կմ է, վերադարձից հետո համեմատում, թե քանի կմ ես անցել։ Երդվում եմ, ես ճանապարհից բացարձակ չէի շեղվել, հասել էի դեպքի վայր ու հետ եկել, Մարտինի հաշվարկներով մի 2-3 կմ-ի շեղում կար։ Չեք պատկերացնում, թե ինձ ինչքան հարց տվեց, թե ես ուր եմ գնացել (ծիծաղում է)։

Մի անգամ էլ նորից պատահար էր եղել, գնացի դեպքի վայր, արձանագրություն կազմեցի, որ ավտոմեքենան կովի է վրաերթի ենթարկել։ Հետո Մարտինն ինձ կանչում է, ասում է՝ «Դու հասկանու՞մ ես, թե ինչ ես գրել, ախր սա կով չէր, երինջ էր»։ Ասում եմ՝ «Մարտին ջան, ոնց որ մեքենան ունի մակնիշ և դաս, ինձ համար այդ կենդանու մակնիշը կովն է, երինջը կարող է դասը լինելը»։ Մարտինն ասաց՝ «Ոչ, ճիշտ է պետք գրել, երինջ»։

Այս պատմությունները պատմեցի, որպեսզի պատկերացնեք, թե իր աշխատանքում ինչքան ճշգրտություն սիրող մարդ է Մարտինը, ամեն բան պիտի ճիշտ լինի։

Էդգար Վահանյան, գնահատման բաժնի պետ

Եթե մի բան անցնում էր Մարտինի «ձեռքի տակով» ու բացթողում չէր գտնվում,  ուրեմն կատարյալ գործ էր։ Եթե մի բան պակաս էր, այնքան կգնար, կգար կասեր այդ բացթողման մասին, որ նախընտրում էիր՝ գնայիր, անեիր։ Մի անգամ  մեր տղաներից մեկը լաբորատորիայից վարորդի արյունն էր բերել, որպեսզի կցվի գործերին, որ վարորդը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։ Վարորդն անգիտակից էր եղել, և ալկոհոլի լինել, չլինելը ստուգելու այլ տարբերակ չէր եղել։

Յուրա Պառավյան, Գույքային հայտերի կարգավորման վարչության պետ

Ու գիտեք, ինքը բոլոր գործերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը պահում է։ 97թ․-ից սկսած՝ ամեն բան իր դարակներում դասավորված է։

Էդգար Վահանյան, գնահատման բաժնի պետ

Որքան գիտեմ՝ գործերի երկու տարին երբ լրանում է, արդեն տանում է, տանն է պահում, որպեսզի աշխատասեղանի դարակները չծանրաբեռնի։

Հայկ Ծատուրյան, Անվտանգության բաժնի պետ

Երբ նոր էինք սկսել աշխատել, այնպես չէր, որ բոլոր ապահովագրական ընկերությունները այսօրվա խստությամբ էին աշխատում։ Այսպիսի մի հասկացություն կա՝ «վարույթ պահանջել», մենք միշտ, պարտադիր ճանապարհային ոստիկաններից վարույթ էինք պահանջում, որովհետև Մարտինն էլ մեզնից էր պահանջում։ Մի անգամ ոստիկաններից մեկը մեր աշխատակցին ասել էր՝ «Ձեր ղեկավարի մեքենայի համարն ասեք, մի հատ կանգնեցնեմ»։ Ասացին՝ «Մեքենա չի վարում»։ Ասաց՝ «Դե երթուղայինի համարն ասեք, երթուղայինը կանգնեցնենք»։

Մարիամ Թադևոսյան, գույքային հայտերի կարգավորման բաժնի մասնագետ

Ինքը խիստ է եղել բոլորիս նկատմամբ, բայց մենք իրենից երբեք չենք վախեցել, պարզապես կարգապահություն է հաստատել։ Շատ հոգատար է բոլորիս հանդեպ, յուրաքանչյուրիս մասին մտածում է։ Կապ չունի՝ աշխատանքում, թե ընտանիքին վերաբերող միշտ կարևոր խորհուրդներ է տալիս, որ կարող է առաջին պահին մտածենք՝ «Ինչ է ասում», բայց հետո հասկանում ենք, որ ճիշտ էր։

Հայկ Ծատուրյան, Անվտանգության բաժնի պետ

Մարտինն այնպիսի էներգիա ունի՝ մեծի հետ մեծ է, փոքրի հետ փոքր։ Չեմ հիշում պատմության մեջ այնպիսի մի միջոցառում կամ խաղ, որին Մարտինը մասնակցած չլինի։ Ու, օրինակ, խնջույքների ժամանակ հանգիստ չունի, սար է բարձրանում, փայտեր հավաքում կրակի համար։ Մի խոսքով, անսպառ էներգիա ունեցող մարդ է։

Մարիամ Թադևոսյան, գույքային հայտերի կարգավորման բաժնի մասնագետ

Ես ցանկանում եմ բոլորիս անունից շնորհակալություն ասել, որովհետև մենք շնորհակալ ենք իրեն ամեն ինչի համար։

Յուրա Պառավյան, Գույքային հայտերի կարգավորման վարչության պետ

Ես ցանկանում եմ, որ միշտ, երբ մտնեմ ընկերություն, տեսնեմ, որ Մարտինն իր տեղում առողջ ու առույգ նստած աշխատում է։