Եթե ունեք ստարտափ գաղափարներ, որոնք ցանկանում եք իրագործել  կամ արդեն իրագործման փուլում եք, և ցանկանում եք զարգացնել այն, ստանալ դրամաշնորհներ, հանդիպել ներդրողների աշխարհի տարբեր երկրներից և ձեր ստարտափը դուրս բերել միջազգային հարթակ, ապա հիմա ճիշտ ժամանակն է։ Հուլիսի 28-ին մեկնարկում է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը։ Ամեն տարվա պես այս անգամ ևս 7-օրյա ֆորումը համախմբելու է նորարարական մտածողություն և գաղափարներ ունեցող մարդկանց։ Այս տարի ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ևս միացել է միջազգային ստարտափ էկոհամակարգի ամենասպասված միջոցառմանը՝ դառնալով Firecode Marathon-ի հովանավորը։

Ի՞նչ է Sevan Startup Summit-ը։

«Sevan Startup Summit»-ն առաջին անգամ անցկացվել է 2016թ․ ամռանը՝ Սևանի ափին։ Հենց առաջին տարին այն գրանցեց հաջողություն՝ դառնալով հայկական ստարտափ էկոհամակարգի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Եթե առաջին տարին վրանային ճամբար-ֆորումին մասնակցում էր մոտ 1000 մարդ, 32 ստատափ թիմ, իսկ մրցանակային ֆոնդը 7500 ԱՄՆ դոլար էր, ապա արդեն հաջորդ տարի այս տվյալները մի քանի անգամ ավելացան՝ 4000 մասնակից, 109 ստարտափ թիմ, մրցանակային ֆոնդը՝ 50․000 ԱՄՆ դոլար։ «Sevan Startup Summit»-ի հաջողությունը ոգևորեց կազմակերպիչներին այն առավել զարգացնելու՝ ընդլայնելով նաև նախագծի աշխարհագրությունը։ Կազմակերպիչները խոստովանում են, որ «Sevan Startup Summit»-ը հիմնադրելիս ի սկզբանե նպատակ են ունեցել այն դարձնելու գլոբալ նախագիծ, սակայն Սամմիթի հաջողության արագությունը հաճելի անակնկալ էր նաև իրենց համար։

Արդեն 2018թ․-ին ոչ միայն Հայաստանում անցկացվեց «Sevan Startup Summit»-ը՝ ներգրավելով 5000 մասնակից, 150 ստարտափ թիմ ամբողջ աշխարհից՝ մրցանակային ֆոնդը հասցնելով 100․000 ԱՄՆ դոլարի, իսկ ներդրումները 1մլն դոլարից ավելի, այլև «Seaside Startup Summit» անունով անցկացվեց նաև Միացյալ Արաբական Էմիրություններում (Ռաս-Ալ-Խայմա) և Հնդկաստանում (Գոա)։ Աշխարհագրության ընդլայնումը մեծապես նպաստեց «Սևան Ստարտափ Սամմիթի» միջազգայնացմանը։

Սամմիթն արդեն դարձել է ոչ միայն հայկական, այլև միջազգային ստարտափ էկոհամակարգի ամենասպասվող միջոցառումներից մեկը։ Բիզնես-ֆորումի հիմնադիրները նպատակ են սահմանել՝  «Sevan Startup Summit»-ը համաշխարհային ստարտափ միջոցառումների քարտեզում այն նշել որպես միջոցառում, որին մասնակցությունն արդեն ձեռքբերում լինի։

Այս տարի ևս վրանային քաղաքում հանդիպելու են ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային տեխնոլորտի ներկայացուցիչները` քննարկելու ՏՏ աշխարհի նորությունները, առաջադրված խնդիրների համար ինովացիոն լուծումներ գտնելու, սովորելու և սեփական փորձը ներկայացնելու համար: Այս տարի նախատեսվում է, որ ավելի քան 1000 ձեռներեց կմասնակցի ամբողջ աշխարհից։ Ինչպես նաև հրավիրվել են հաջողակ ստարտափների հիմնադիրներ` իրենց հաջողության պատմությունն ու փորձը ներկայացնելու, երիտասարդ ստարտափերներին, նորարարներին ուղղորդելու համար։ Նախատեսվում է 100-ից ավելի բիզնես փորձագետների և մենթորների մասնակցություն։ «Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդը կգերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը, որը կբաշխվի հաղթող ստարտափների միջև։ Սամմիթին ներկա կլինեն ավելի քան 10 վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ և կներգրավվեն միջազգային աքսելերացիոն ծրագրերի ներկայացուցիչներ։

Արդեն մտածե՞լ եք, թե ինչ եք անելու հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։ Առաջարկում ենք միանալ մեր թիմին և մեկնել Սևան։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ դարձել է Seaside Startup Summit-ի Firecode Marathon-ի հովանավորը։ Այս մրցույթին մասնակցող ծրագրավորողներին ընկերությունը կառաջադրի խնդիր․ ծրագրավորողը, որն ամենից արագ կներկայացնի խնդրի համար լավագույն ու ճիշտ լուծումը, կճանաչվի հաղթող։

Հպարտ ենք մեր ներդրումն ունենալ Seaside Startup Summit-ի հաջողությունների հերթական պատմության մեջ և նոր ստարտափերի ստեղծման ու զարգացման գործում։